...

Ո՞վ է փակելու «խաղաղության խաչմերուկի» հաշիվը

Ո՞վ է փակելու «խաղաղության խաչմերուկի» հաշիվը

Նիկոլ Փաշինյանը եվրոպացի խորհրդարանականների առջև ելույթ է ունենում ու հայտարարում, թե տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմայով երկու լուր ունի, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ։ Լավն այն է, որ սկզբունքային հարցերում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն կա, իսկ վատը՝ այն, որ Ադրբեջանը չի հաստատում իր համաձայնությունն ու Հայաստանի դեմ նոր ագրեսիա է պլանավորում՝ մեր երկիրն «Արևմտյան Ադրբեջան» անվանելով։ Համաձայնվեք՝ իսկապես անեկդոտիկ իրավիճակ է։ Նույն հաջողությամբ մեկը կարող է շուկայից վերադառնալ ու տնեցիներին հպարտորեն ասել «տեսեք ինչ սունկ եմ առել, գիտե՞ք ինչ էժան էր, ափսոս՝ թունավոր են»։ Արարատ Միրզոյանն էլ, ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերության շրջիկ գործակալի նման, «խաղաղության խաչմերուկի» գովազդային բրոշյուրն առած՝ ընկել է երկրեերկիր ու բոլորին համոզում է, թե ինչ լավն է իր առաջարկած «ապրանքը», նրանք էլ քաղաքավարությամբ լսում են ու գլուխները տմբտմբացնում․․․ 

«Խաղաղության խաչմերուկը», որպես Հայաստանի առաջարկած «ապրանք», իսկապես լավն է և կարո՛ղ է պոտենցիալ գնորդներ ունենալ։ Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամային հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, օրինակ, ողջունում է այդ նախագիծը, ավելին՝ կիսում է հայկական կողմի մոտեցումներն ու պատճառ չի տեսնում, թե ինչու պիտի Ադրբեջանը չհամաձայնվի շուտափույթ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Թե ինչու է Արևմուտքին դուր գալիս «խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հասկանալի է․ որովհետև դրանում Ռուսաստանը չկա, իսկ նախագիծն իրականություն դառնալու դեպքում էլ ռուսները վերջնականապես դուրս են մղվելու Հարավային Կովկասից, ինչն Արևմուտքի համար կարևորագույն ռազմավարական հաջողություն կլիներ։ Այլ հարց է, թե արդյո՞ք Արևմուտքը պատրաստ է վճարել այդ հաջողության դիմաց, պարզ ասած՝ ի վիճակի կլինի՞ չեզոքացնել այդ չափազանց վտանգավոր ճանապարհին Հայաստանի գլխին կախված սպառնալիքները և երաշխավորել, որ Ադրբեջանը, Ռուսաստանի դրդմամբ, չի փորձի ուժով բացել «Զանգեզուրի միջանցքը»՝ խոստանալով հետագայում այն «մեծահոգաբար» հանձնել նույն Ռուսաստանին։ 

Արևմուտքը, անկասկած, այդպիսի պոտենցիալ ունի։ Կօգտագործի, թե ոչ՝ այլ հարց է, բայց միանգամից ասենք, որ «բանավոր հայտարարություններն» ու «հետևողական կոչերը» «հաշիվ չեն», Հայաստանին շատ կոնկրետ երաշխիքներ են պետք։ Ու այս համատեքստում, ի դեպ, արժե անդրադառնալ նաև Հայաստանի ընդդիմության գործունեությանը։ Ի՞նչ է տեղի ունենում։ Հայաստանը փորձում է իր «ժողովրդավարությունն» ու ռուսական ազդեցության գոտուց դուրս պրծնելու ձգտումը որպես ապրանք «հարմար գներով» վաճառել Արևմուտքին ու դրա դիմաց անվտանգության երաշխիքներ ստանալ, Արևմուտքն էլ «ապրանքն» ընդունում է, բայց գինը վճարել չի ցանկանում։ Ի՞նչ պիտի աներ այս իրավիճակում մեր ընդդիմությունը։ Պիտի Արևմուտքին ուղերձներ հղեր, որ մենք իսկապես խաղաղություն ենք ուզում, մեր վաճառած «ապրանքն» իսկապես լավն է, բայց Արևմուտքը պարտավոր է մեզ ոչ թե դատարկ խոստումներով կերակրել, այլ «նորմալ գին» վճարել, հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստացվի։ Իսկ ինչպե՞ս է վարվում մեր ընդդիմությունը։ Աշխարհով մեկ աղմուկ-աղաղակ է բարձրացնում, թե մեր առաջարկած «ապրանքը» բանի պետք չէ, իրականում մենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ճանապարհների բացում չենք ուզում, սահմանների դելիմիտացիա չենք ուզում, Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալ չենք ուզում, մեր ժողովրդավարությունն էլ կեղծ է, հետևաբար՝ մեզ ոչ մի բան էլ պետք չէ վճարել, ոչ դատարկ խոստումներ, ոչ իրական երաշխիքներ, «թողեք մենք մեր դարդով տապակվենք»։

Ահա այսպես է լինում, որ իբր «պետական շահի» շուրջ տարաձայնություններն ի վերջո վերածվում են ընդամենը սովորական լեզվակռվի՝ թե հատկապես ո՞ւմ թավայի վրա պիտի «մենք մեր դարդով տապակվենք»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1709 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ