...

«Կաթիլային» սպառազինությունն ու «պլան»ավորված պարտությունը

«Կաթիլային» սպառազինությունն ու «պլան»ավորված պարտությունը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատերազմում մեր կրած պարտության համար բաց տեքստով մեղադրեց Ռուսաստանին։ Պատասխանելով սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին՝ հայտարարեց․ «Սովոր էիք, համակերպված էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է ու «չկաթացնեն» այնքան զենք, երբ դրա կարիքը չլինի, որպեսզի այդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի, ու գործի դրվեն այլ սցենարներ»։

Այն, որ 44-օրյա պատերազմում մեր կրած պարտության, հետագայում մի քանի փուլերով ՀՀ ինքնիշխան տարածքների զավթման, սեպտեմբերի 19-ի «կայծակնային պատերազմի» ու Արցախի ամբողջական հայաթափման հիմնական «ճարտարապետը» Ռուսաստանն էր՝ վաղուց արդեն ակնհայտ է։ Ընդ որում՝ դրա և՛ պատճառներն են հայտնի, և՛ նպատակները։ Իշխանությունը չանթելուց հետո Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ուզում էր կամ ձևացնում էր, թե ուզում է փոխել Հայաստանի արտաքին-քաղաքական վեկտորը, ռուսներն էլ, ինչպես միշտ, փորձեցին դա կանխել ավանդական «կացնային մեթոդներով»․ մեր դեպքում՝ ադրբեջանցիներին «քսի տալով» ու միաժամանակ մեզ անհրաժեշտ սպառազինությունը «պիպետկայով» մատակարարելով կամ ընդհանրապես չմատակարարելով, որպեսզի քարը փեշներիցս թափենք, օգնություն խնդրենք, հերթական անգամ «օրհնենք էն սհաթն» ու մեկառմիշտ հրաժարվենք արևմտյան կողմնորոշումից։ Այնպես որ՝ այս հարցում Արարատ Միրզոյանը մեծ հաշվով իրավացի է։ Ինչ վերաբերում է նախկիններին, ապա նրանք ոչ թե համակերպվել էին այդ վիճակի հետ, այլ հաճույքով հարմարվել, որովհետև «ռուսական սապոգի» մշտական առկայությունը նրանց ազատում էր արտաքին-քաղաքական բազմաթիվ «գլխացավանքներից» և հնարավորություն տալիս երկրի ներսում թքած ունենալ «ժողովրդավարական թիթիզությունների» վրա ու հանգիստ կոռումպացվել՝ ինչպես ընդունված էր «հին ու բարի» ռուսական ազդեցության տիրույթում։

Բայց ամենակարևոր հարցը հետևյալն է․ իսկ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը մինչև 44-օրյա պատերազմը չգիտեի՞ն, որ Ռուսաստանը Հայաստանին սպառազինությունը «պիպետկայով» է մատակարարում, ու չէի՞ն կարող կանխատեսել այն «կացնային» հակազդեցությունը, որը լինելու է Ռուսաստանից՝ Արևմուտքի հետ իրենց թեթևսոլիկ սիրախաղի պատճառով։ Վստահաբար՝ գիտեին, ուրիշ բան որ չլինի՝ Վրաստանի օրինակն աչքի առաջ էր։ Ավելին՝ ապագա դերակատարներն է՛լ էին հայտնի, գլխավոր հարվածի ուղղությունն էլ։ Այսինքն՝ Նիկոլն ու իր թիմը հասկանում էին, որ առանց այն էլ կատաղած ու արյունարբու ռուսական արջին բզբզելը, բանակցությունները «սեփական կետից սկսելն» ու միաժամանակ «նոր պատերազմ-նոր տարածքներ» քարոզելը, առավել ևս՝ սպառազինության «կաթիլային» մատակարարումների պայմաններում, անխուսափելիորեն հանգեցնելու է նրան, որ Հայաստանը, Արարատ Միրզոյանի ասած, «հաշվարկված կերպով ծնկի է բերվելու, և գործի են դրվելու այլ սցենարներ»։ Իսկ եթե այդքանը հասկանում էին, ինչո՞ւ գնացին այդ ճանապարհով։ Հույս ունեին, որ կարող են անգամ առանց ռազմական մատակարարումների՞ «ծնկի չգալ» թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի դեմ՝ բավարարվելով նկուղներում ու «չուլաններում» եղած «կասկա-բրոնեժիլետներով», թե՞ այնուամենայնիվ հենց իրենց հաշվարկն էր, որ Արցախը վերացնեն, Հայաստանն ինքնակամ ծնկի բերեն ու այդ գնով դուրս պրծնեն «ռուսական սապոգի» տիրույթից։ 

Եթե դա իրենց հաշվարկն էր, ապա անգամ այդ «հաշվարկում» են սխալվել, որովհետև Արցախը վերացնելն ու Հայաստանն ինքնակամ «ծնկի բերելը» ստացվել է, «ռուսական սապոգից» ազատվելը՝ ոչ։ Իսկ ինչպե՞ս են վարվում «հաշվարկներում սխալված» և սեփական երկրին անչափելի աղետներ բերած իշխանությունները։ Քաղաքակիրթ երկրներում հրաժարական են տալիս ու կանգնում դատարանի առաջ, ոչ այնքան քաղաքակիրթ երկրներում ինքնասպանություն են գործում, Հայաստանում աջուձախ հոխորտում են բոլորի վրա ու սպառնում բոլորին ծեփել պատերին․․․ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2727 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ