Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն «այսահարվածի» պես հարձակվեց Սամվել Կարապետյանի վրա։ Բացատրությունները, թե «դեղերը ժամանակին չէր խմել» կամ «Էրդողանին հանդիպելուց առաջ պիտի կարողանար նրան համոզել, որ վճռական է Եկեղեցին պառակտելու հարցում», իհարկե, գուցեև շատ հեռու չեն ճշմարտությունից, բայց հիմնական պատճառն ըստ երևույթին ավելի խորքային է։
Սկսենք նրանից, որ Ռուսաստանում խիստ անհանգստացել են՝ տեսնելով, որ Հայաստանը վերջնականապես «ձեռքից գնում է» և նետվում Արևմուտքի (Թուրքիայի) գիրկը, և բնականաբար՝ փորձում են մոբիլիզացնել այն ուժերը, որոնք կարող են խոչընդոտել դրան։ Սա ակնհայտ է, և այս իրողությունը չտեսնելու տալու ջանքերն անիմաստ են։ Սրանից 16-17 տարի առաջ ճիշտ նույն վիճակն էր նաև Վրաստանի դեպքում։ Սաակաշվիլին «գունավոր հեղափոխության» արդյունքում հասել էր իշխանության և կտրուկ հակառուսական քաղաքականություն էր վարում, Ռուսաստանն «իր ձևով» պատժեց՝ խլելով Աբխազիան ու Հարավային Օսիան, բայց Սաակաշվիլին այնուամենայնիվ կարողացավ պահպանել իշխանությունը, և հանգուցալուծումը եղավ միայն մի քանի տարի անց՝ այլ ձևով։ Ռուսաստանաբնակ միլիարդատեր Իվանիշվիլին վաճառեց Ռուսաստանի իր բիզնեսները, Վրաստանի քաղաքացիություն ստացավ և իշխանափոխություն իրականացրեց։ Ընդ որում՝ ձևավորելով այնպիսի իշխանություն, որը երկրի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չարեց․ շարունակեց շարժվել դեպի Արևմուտք, այսինքն՝ կարողացավ Ռուսաստանին «ոչ» ասել, իսկ հետո՝ երբ Արևմուտքը ստիպում էր Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, կարողացավ «ոչ» ասել նաև Արևմուտքին։
Ճիշտ այդ նույն տարիներին, եթե հիշում եք, Հայաստանում էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ օրակարգ էր բերվել բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու գաղափարը, և անգամ ֆորմատ էր ձևավորվել՝ «հրաշալի քառյակը»։ Բայց պարզվեց՝ Հայաստանում ազգային բուրժուազիա չկա։ Ի դեպ՝ չի կարելի «ազգային բուրժուազիան» շփոթել «ազգայնական բուրժուազիայի» (պայմանականորեն ասած՝ Մազութի Համոների) հետ։ «Ազգային բուրժուազիան» այն խավն է, որի ներկայացուցիչները, եթե անգամ իրենց կապիտալը դիզել են ոչ թե սեփական երկրում, այլ արտասահմանում, որևէ կաշկանդվածություն չունեն իրենց հարստությունը սեփական երկրում սեփական հայեցողությամբ ծախսելու հարցում։ Եվ ընդհանրապես՝ Հայաստանում հարուստներ չկան, Հայաստանում կան փողատերեր, իսկ դրանք տարբեր բաներ են։ Փողատերը, օրինակ, իր համար հսկայական դղյակ է կառուցում՝ արծաթե ունիտազով, եթե ավելի է հարստանում՝ ավելի մեծ դղյակ է կառուցում՝ արդեն ոսկե ունիտազով, եթե է՛լ ավելի է հարստանում՝ այդ նույն դղյակից մի քանի հատ է կառուցում՝ ավելի բարձր «պռոբի» ոսկուց ունիտազով, և վերջ։ Որովհետև նրա մտածողությունը «դղյակային-ունիտազային» է։ Հայաստանի փողատերերը, մեծ հաշվով, հենց այդպիսին են, ու կապ չունի՝ խոսքը հների՞ մասին է, թե՞ նորերի։ Փաստն այն է, որ վճռական պահին նրանք նախապատվությունը տալիս են իրենց ունեցվածքը փրկելուն՝ եթե անգամ դրա համար անհրաժեշտ է սողալ օրվա իշխանության ոտքերի տակ։
Մի խոսքով՝ ծանր պահին վրացիներն իրենց միջից գտան իրենց Իվանիշվիլիին, իսկ հիմա մեր հերթն է։ Տեսականորեն այդ դերին կարող էին հավակնել ընդամենը երկու հոգի՝ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը, որովհետև երկուսն էլ իրենց հարստությունը ոչ թե Հայաստանում են կուտակել, այլ արտասահմանում, այսինքն՝ մեր երկիրը չեն թալանել, երկուսն էլ ոչ թե փողատեր են, այլ հարուստ, և այլն։ Ու հիմա զարմանալիորեն՝ երկուսն էլ բանտում են, մեկը՝ Բաքվում, մյուսը՝ Երևանում։ Մյուսները, որ տասնամյակներով Հայաստանը թալանել ու «օսվենցիմների» էին վերածել, ազատության մեջ են, այդ երկուսը՝ բանտում։
Այդ երկուսից Ռուբեն Վարդանյանը, ի դեպ, նույնպես ի վիճակի էր անհրաժեշտության դեպքում և՛ Ռուսաստանին «ոչ» ասել, և՛ Արևմուտքին (ու երևի դրա համար էլ Ռուսաստանը մատը մատին չխփեց, որ նա չհայտնվի Բաքվի բանտում)։ Ի վիճակի կլինի՞ Սամվել Կարապետյանը նույնն անել, թե ոչ՝ դժվար է ասել, բայց եթե ուզում է կասեցնել Հայաստանի վիլայեթացման կործանարար ընթացքը՝ նա ի՛նքը պիտի պատասխանի այդ հարցին։
Բայց մի բան ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի սարսափի հիմքում հենց այն է, որ նա, ի դեմս Սամվել Կարապետյանի, նոր «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» պոտենցիալ առաջնորդի է տեսել։ Մինչդեռ տևական ժամանակ թուլացել ու հաճույք էր ստանում՝ համոզված լինելով, որ Հայաստանում այդ վտանգը չեզոքացված է, ինքն արդեն բոլորի ունեցվածքը «քյաբաբ առ քյաբաբ» վերահսկում է։
Մարկ Նշանյան