ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անդրադարձել է ընդդիմության նախաձեռնած ավտոերթերին: Հայտարարության մեջ նշված է. «Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:
Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ»:
«ՉԻ». Պահ, իբր ընդդիմությունը այդ ավտոերթերով դորդուբեշ էր արել Երևանի փողոցները, մի հատ էլ իշխանությունը որոշել է դրանց դեմ պայքարել՝ տուգանելով ու մեքենաները «պլաշչադկա» տանելով:
Դե որ այդպես է, հաջորդ քայլն էլ արեք. տուգանեք փողոցները չթույլատրված վայրերով անցնող, երթ անող մարդկանց: Փողոցի մեջտեղով քայլող ցուցարարը կոնկրետ խախտում է երթևեկության կանոնները, հոծ գիծ է հատում, կարմիր լույսի տակով է անցնում, մեքենաներին ճանապարհ չի տալիս, աջ թեքվելիս աչքը չի թարթում: Խախտումների մի ամբողջ ծաղկեփունջ է:
Բա էն որ վանկարկում են: Դա էլ հասարակական կարգի խախտում է: Բնակիչների հանգիստն են խաթարում, մարդ կա, ուզում է քնի, «Նիկոլ, հեռացի´ր» վանկարկումը լսում է, քունը փախչում է, աշխատունակությունն ընկնում է: Դա էլ ազդում է տնտեսական աճի վրա: Սա համարյա քրեական հոդվածի տակ է ընկնում:
Իսկ ընդհանրապես, այս ընդդիմությանը միայն մի բանի համար արժե տուգանել. վատ ընդդիմություն լինելու համար:
Հ.Գ. Հետաքրքիր է, 2018-ին հեղափոխության օրերին որ փաշինյանենք ավտոերթեր էին անում, քանի՞ վարորդի վրա են ակտ գրել: