...

Ո՞ւմ վստահել «վերջին փամփուշտը»

Ո՞ւմ վստահել «վերջին փամփուշտը»

Հայաստանն ու Արցախն այս վիճակից դուրս բերելու երկու հիմնական «գաղափարներ» կան, որոնք երկուսն էլ որևէ քննության չեն դիմանում։ Առաջինը Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների հայտնի թեզն է՝ «Ղարաբաղը տանք-պրծնենք, գուցե հաջողվի խաղաղություն հաստատել», որը, սակայն, արդեն իսկ ապացուցել է իր սնանկությունը։ Այն պարզ պատճառով, որ «Ղարաբաղը տալ-պրծնելու» պատրաստակամությունը պաշտոնապես բարձրաձայնելուց (Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելուց) հետո Արցախի վիճակը կտրուկ վատացավ, Ադրբեջանն էլ բացահայտորեն տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ առայժմ «ադրբեջանցի փախստականների վերադարձի» և սահմանազատումը «պատմական քարտեզներով» իրականացնելու պահանջի տեսքով։ Իսկ երկրորդ «գաղափարը» Caucasus Watch պարբերականին տված հարցազրույցում ներկայացրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Այս «գաղափարին» թերևս արժե անդրադառնալ ավելի հանգամանորեն։

Եվ այսպես, ըստ պրն Վարդանյանի, Արցախում միանգամայն հնարավոր է պահպանել ստատուս քվոն «առաջիկա 30-50 տարիների կտրվածքով», որովհետև դա ձեռնտու կլինի նաև Ադրբեջանին, քանի որ «Արցախն Ալիևին ապահովում է ներքին համախմբման խաղաթղթով»։ Առավել ևս՝ որ իրենք Արցախի հարցը վաղուց լուծված են համարում և իրենց ռազմավարական ուշադրությունը կենտրոնացրել են «Զանգեզուրի միջանցքի» վրա։ Թե ինչպես պիտի Արցախում 30-50 տարի պահպանել ստատուս քվոն՝ այն դեպքում, երբ անգամ 30-50 օրվա պաշարներ չկան, իսկ ռուս խաղաղապահներն էլ երկու տարի անց դուրս են «հրավիրվելու», հայտնի չէ։ Առավել ևս, որ պրն Վարդանյանը հայտարարում է, թե ռուս խաղաղապահները «գուցե ի վիճակի չլինեն խաղաղություն հաստատելու», և նրանց համեմատում է «1915 թվականի ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի սպաների» հետ (մոռանալով, որ 1915-ին Գերմանիան ու Օսմանյան կայսրությունը դաշնակիցներ էին, իսկ գերմանացի սպաներն ընդամենը հուշեր էին գրում ցեղասպանության մասին)։ Ինչևէ։ Փոխարենը պրն Վարդանյանը վստահություն է հայտնում, որ «մենք միայնակ չենք, մենք ունենք Սփյուռքի աջակցությունը, ներառյալ լոբբինգը, քաղաքացիական շարժումները և այլ ակցիաները»։ Թե որքանով այդ ամենը կօգնի՝ դժվար է ասել, բայց մի հարցում նախկին պետնախարարը հաստատ իրավացի է․ ռուս սպաների մեջ նույնպես հուշեր գրողների պակաս չի լինի։

Չի՞ հասկանում արդյոք այս ամենը պրն Վարդանյանը, չի՞ գիտակցում, որ միայն արցախահայության երկաթյա վճռականությամբ ու Սփյուռքի «այլ ակցիաներով» հնարավոր կլինի հասնել ոչ թե 30-50 տարով ստատուս քվոյի պահպանման (որին, ի դեպ, ամբողջ աշխարհն է դեմ՝ ճիշտ այնպես, ինչպես դեմ էր 1994-2020 թթ ժամանակահատվածում), այլ միայն «բարոյական հաղթանակի»։ Իհարկե հասկանում է։ Բայց նաև հայտարարում է, թե «ես ինձ տեսնում եմ ազգային առաջնորդի դերում․․․ այո, ուզում եմ ներկայացնել իմ ազգը աշխարհին», իսկ «ազգային առաջնորդ» դառնալու համար «բարոյական հաղթանակներն» ավելի կարևոր են։ Դրա համար էլ ներկայացնում է «Արցախի փրկության» այնպիսի ծրագիր, որի իրականացման հավանականությունը զրոյին մոտ է, բայց որը բավականաչափ գեղեցիկ ու ոգեղեն է հնչում՝ «ազգը աշխարհին ներկայացնելու» իրավունք ստանալու համար։

Այն, որ որևէ քաղաքական գործիչ Հայաստանում իշխանության հասնելու հայտ է ներկայացնում՝ ինքնին ողջունելի է․ այսօրվա իշխանությունների որակն այնպիսին է, որ Նիկոլի փոխարեն ով էլ լինի՝ հաստատ ավելի վատ չի լինելու։ Պարզապես Արցախը որբի գլուխ չէ, որ ով ուզենա՝ վրան «դալլաքություն» սովորի, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն էլ գուցե այն վերջին փամփուշտն է, որի օգնությամբ դեռ հնարավոր է ինչ-որ բան փրկել, հետևաբար՝ չի կարելի հենց այնպես, առանց երկար-բարակ մտածելու և առանց շատից-քչից իրատեսական ծրագրերի օգտագործել այդ փամփուշտը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ