...

Ոնց որ Աղվան Հովսեփյանի հերթն է գալիս

Ոնց որ Աղվան Հովսեփյանի հերթն է գալիս

Վերջին օրերին քոչարյանական լրատվամիջոցները նյութեր են հրապարակում 1999թ. ՀՀ Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի մահվան հանգամանքների մասին և իբր այդ դեպքին առնչվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Արծրուն Մարգարյանի դեպքը Ռոբերտ Քոչարյանի օրոք մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված սպանություններից և ողբերգական դեպքերից մեկն է: Մենք արդեն 4rd.am-ում անդրադարձել էինք այս թեմային, թե ինչպես էին Ռ. Քոչարյանի օրոք սպանվում բարձրաստիճան պաշտոնյաները, քոչարյանական քարոզչամեքենան անմիջապես դա կապում էր հհշ-ականների, ինչ-որ ռևանշիստների հետ, բայց չգիտես ինչու, յուրաքանչյուր նման սպանությունից հետո Ռ. Քոչարյանի դիրքերը ամրապնդվում էին, իսկ Վազգեն Սարգսյանի դիրքերը՝ թուլանում, քանի որ առաջին հերթին իր հավատարիմ զինակիցներն էին սպանվում:

Այնպես որ, այս առումով զարմանալի բան չկա. եթե սերժառոբիկական քարոզչամեքենան մարտի 1-ի գլխավոր մեղավոր է համարում Լ. Տեր-Պետրոսյանին կամ Նիկոլ Փաշինյանին, հիմա մի այսպիսի բան էլ կարող են Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ գրել: Հասկանում ենք, վառված են:

Բայց, այստեղ մի ուրիշ հետաքրքիր հանգամանք կա. Արծրուն Մարգարյանի մահվանը Անդրանիկ Քոչարյանի հնարավոր առնչության մասին գրել է մի լրատվամիջոց՝ «Փաստինֆոն», որի ղեկավարը ՀՀ նախկին գլխավոր դատախազի թիվ մեկ մերձավորն է, Աղվան Հովսեփյանի նախկին մամլո խոսնակը, այն անձը, որը 2008թ. մարտին հայտարարեց, թե զինված ուժերի կողմից գեթ մեկ կրակոց չի եղել:

Բայց մեզ ոչ թե նրա անձն է հետաքրքրում (դրա համար չենք անունը նշում), այլ այն, որ ինքը հենց Աղվան Հովսեփյանի կամակատարն է եղել: Այն Աղվան Հովսեփյանի, որը գլխավոր դատախազ նշանակվեց Հենրիկ Խաչատրյանի առեղծվածային սպանությունից հետո, և որի օրոք էլ սկսվեցին աղմկահարույց և առ այսօր չբացահայտված սպանությունները, այդպիսի դեպքերից մեկն էլ հենց Արծրուն Մարգարյանի մահվան դեպքն էր: 

Եվ հիմա հարց ենք տալիս այդ լրատվամիջոցի ղեկավարին. 10 տարի Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն էր, Քոչարյանի քաղաքական պատվերների դակիչը, հայկական Վիշինսկին, ում ուզում, նստեցնում էր, ում ուզում՝ բաց էր թողնում, ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, ստուգեիք Անդրանիկ Քոչարյանի առնչությունը Արծրուն Մարգարյանի մահվանը: Ինչպե՞ս եք կարծում, որտե՞ղ կլիներ Անդրանիկ Քոչարյանը, եթե թեկուզ մի տոկոս հավանականություն լիներ, որ նա առնչվում է այդ առեղծվածային դեպքին. հաստատ մի քանի հատ ցմահ կտային: Իսկ հիմա, երբ պատվերն իջեցված է, մի այնպիսի փութաջանությամբ են գրել, իբր փաստեր հրապարակել, կարծես դեպքը երեկ է եղել: Այնպես որ, եթե Արծրուն Մարգարյանի մահվան դեպքը չի բացահայտվել, ապա դա Աղվան Գառնիկիչի պատասխանատվության տակ է ընկնում: Մանավանդ, որ մենք՝ բոլորս, գիտենք, որ Անդրանիկ Քոչարյանն ու Արծրուն Մարգարյանը մտերիմ ընկերներ են եղել: Ու այն ժամանակ շատ լավ գիտակցում էինք, որ սպանությունների այս շղթան վաղ թե ուշ հասնելու է Վազգեն Սարգսյանին: Այդպես էլ եղավ: 

Այսինքն, «Փաստինֆոյի» ղեկավարը ասելու բան ունի, թող շեֆին ասի, որ չի բացահայտել Արծրուն Մարգարյանի մահվան դեպքը: Թեպետ, չասի էլ, մեկ է, մանրից մոտենում է պատասխան տալու՝ Աղվան Հովսեփյանի հերթը: Հերթով, շարքով: Ի դեպ, բացառված չէ, որ մոտալուտ պատասխանատվության ենթարկվելու հոտն առնելով է Աղվան Հովսեփյանն իր կամակատարին այսպիսի պատվեր տվել՝ Անդրանիկ Քոչարյանի դեմ:

Բայց ինչ էլ գրեն, հորինեն, տարածեն, ճշմարտությունը թաքցնել հնարավոր չէ, ձեռագրերը չեն այրվում: «Չորրորդ իշխանությունը» Արծրուն Մարգարյանի սպանություն/ինքնասպանություն դեպքին բազմիցս է անդրադարձել, շատ հրապակումներ ենք ունեցել: Մենք այսօր ներկայացնում ենք դեռևս 2003 թվականի սեպտեմբերին մեր հետաքննող-լրագրող Վահագն Ղուկասյանի հոդվածը՝ դեպքի մասին, որը կոչվում է «Ինչպես խաբել ստի դետեկտորին»: Ի դեպ, մի շարք աղմկահարույց սպանություններում իշխանությունների առնչության մասին՝ Վահագն Ղուկասյանի հրապարակումների համար նրան ծեծել էին. գիտե՞ք, թե՝ ով. Ռ. Քոչարյանի շրջապատի ամենամերձավոր ու հավատարիմ դեմքերից մեկը՝ «Կրակեմ Հրաչը», որն այն ժամանակ ԱԱԾ-ում բարձրաստիճան պաշտոնյա էր: 

Ներկայացնում ենք Վահագն Ղուկասյանի հրապարակումը.

Ինչպես խաբել ստի դետեկտորին

Մենք` հայերս, իրոք որ յուրահատուկ ժողովուրդ ենք, երբ որևէ երկրում ինչ-որ նորամուծություն, նոր գյուտ են հայտնաբերում, հատկապես ժամանակակից տեխնիկային վերաբերող, անմիջապես սկսում ենք ուսումնասիրել այն, աշխատեցնում մեր գլխի փոքրիկ գորշ բջիջները ու գտնում հնարքը, թե ինչպես կարող ենք խաբել նոր հայտնագործությանը։ Ասենք, օրինակ, էլեկտրական սրիչի (տաչիլո) միացումները փոփոխելով ետ ենք պտտեցնում էլ.էներգիայի հաշվիչը, իսկ գազինը՝ փոշեկուլի օգնությամբ խողովակում հակառակ ուղղությամբ օդ ենք ներարկում։ Կան ավելի «ժամանակակից» մեթոդներ. երևի շատերը գիտեն, որ նախկին ԽՍՀՄ-ից փախստականի կարգավիճակով Եվրոպայում հայտնվածների զգալի մասը զբաղվում է «սուպեր մարկետներից» գողություն կատարելով։ Ռուսները այն գողություն չեն անվանում, այլ «վերցնել», քանի որ ըստ իրենց եվրոպացիները հարուստ են ու շատ ունեն, իրենք էլ վերցնում են։ Հայերը «վերցնելու» ավելի ժամանակակից մեթոդ են գտել՝ մի քանի վայրկյանում կտրում են որևէ էժանագին ապրանքի արժեքն ու այլ տեղեկությունները ֆիքսող հատվածը (գծիկներ ու թվեր) և այն սոսնձում նույն տեսակի, բայց անհամեմատ ավելի թանկարժեք ապրանքի վրա, որից հետո ապրանքի արժեքը որոշող համակարգչային սարքը այն գնահատում է նոր փակցված տվյալներին համարժեք։

Նմանատիպ շատ օրինակներ կարող ենք նշել, սակայն համոզված եմ` դրանցով չենք զարմացնի մեր հայրենակիցներին։

Իսկ այժմ ուզում եմ անդրադառնալ հայկական ձևով ժամանակակից տեխնիկային խաբելու մի պատմության, որը կարծում եմ կհետաքրքրի ընթերցողին։ Խոսքը «ստի դետեկտորին» խաբելու մասին է, որը տեղի ունեցավ 4 տարի առաջ, ինչից շատերը ապշած մնացին, իսկ ԱՄՆ հետաքննությունների ֆեդերալ ծառայության (FBI) սևամորթ մասնագետը ուղղակի զարմանքից մոլորված հեռացավ Հայաստանից` այդպես էլ չհասկանալով, թե ինչն ինչոց է։

Իսկ այս դեպքից միայն չէին զարմանում ՀՀ ՆԳՆ 6-րդ վարչության նախկին աշխատակիցները՝ պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ), սպանությունների բաժնի պետ Կարեն Հակոբյանը, ՀՀ գլխ. դատախազության քննիչը, և իհարկե գործողություններին անմիջական մասնակից, ՆԳ նախկին և ներկայումս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Խոսքը 1999-ի փետրվարի 9-ին հաջորդող մի քանի օրերի ընթացքում ՀՀ ՆԳ փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանության կապակցությամբ տարվող նախաքննության ընթացքին է վերաբերում։

Եվ այսպես, նախ հարկ եմ համարում հիշեցնել, որ Ա. Մարգարյանի սպանության պաշտոնական բացահայտումը՝ ինքնասպանություն, այսօր էլ կեղծ է թվում և հավատ ու վստահություն չի ներշնչում, այն զուրկ է տրամաբանությունից։ Աչքի առաջ ունենալով այն հանգամանքը, որ գեներալը չէր կարող 9 մմ տրամաչափի, բութ գնդակներ կրակող ատրճանակից երկու կրակոցով (վզի հատվածում, տարբեր ուղղություններով) ինքնասպան լինել։

Ճակատագրի բերումով (տես՝ «Հայկական Ժամանակի» 7.02.03 համարը) սպանության վայրում ես որպես ընթերակա մասնակցել եմ այս քրգործով իրականացված քննչական գործողություններից մեկին, որը կոչվում է տեղազննություն և դեպքերի վերարտադրություն։ Անմիջական մասնակիցների թվում էին նաև FBI-ի մասնագետն ու Սերժ Սարգսյանը։ Գործողությունները ամբողջովին տեսագրվում էին և երևի թե դա և FBI-ի մասնագետի մասնակցությունն էր պատճառը, որ քննիչի գործողությունն իրականացավ բացարձակապես օրենքի պահանջներին համապատասխան` բացառությամբ մի տարօրինակ հանգամանքի։ Գործով ձերբակալված կասկածյալներ Արսեն Խաչատրյանին և Արմեն Խաչատրյանին դեպքի վայր բերեցին դիմակ-գլխարկներով, նույն «գլխարկներից» էին կրում նաև նրանց ուղեկցող հատուկ նշանակության ծառայողները։ Այս հանգամանքը բացատրվում էր նրանով, որ եթե որևէ մեկը ցանկություն ունենա նրանց վերացնելու, ապա չճանաչի, սակայն տարօրինակն այն էր, որ դեպքերի վերարտադրման ընթացքում թույլատրեցին նրանց այդ դիմակների երեսի ծածկող հատվածը բարձրացնել, ինչից հետո «դիմակ-գլխարկները» դարձան ընդամենը սպորտային գլխարկներ։ Այսինքն, իրենց նախատեսված նպատակին չծառայեցին։ Իսկ իրականում 6-րդ վարչության աշխատակիցները դրանով այլ նպատակ էին հետապնդում՝ գլխարկների կրումը հնարավորություն ստեղծեց, որպեսզի ներկաները չնկատեին կասկածյալներից Արմեն Խաչատրյանի գլխի կոտրվածքի թարմ հետքերը։

Նշեմ նաև, որ կասկածյալներին իրարից առանձին-առանձին բերեցին, վերջիններս պատմեցին իրենց ներկայությամբ տեղի ունեցածը, իսկ հետո հաշվի առնելով առկա հակասությունները նրանցից ևս մեկ անգամ, բայց արդեն միասին պահանջվեց վերարտադրել տեղի ունեցածը։ Արսենը սկզբում պատմում էր, որ երբ Արծրուն Մարգարյանը իր հորաքրոջ տանից դուրս էր եկել, ինքը նկատել էր, որ գեներալը հարբած է, իսկ Արմենը այդ չէր նկատել, երբ Արմենը Արսենի ներկայությամբ կրկնեց իր ասածը, վերջինս հնարավոր համարեց Արմենի չնկատելը և դա բացատրեց նրանով, որ գեներալը իր հետևի դռնից է նստել մեքենան, և ինքը դա զգաց ընդամենը հոտից։ Շատ զարմանալի է, որ նախաքննության մարմինը հիմք ընդունելով Արսենի ասածը, գործում արձանագրել էր, որ Ա. Մարգարյանը հարբած է եղել, սա այն դեպքում, երբ գեներալին ծանոթ ցանկացած ոք կպնդի, որ նա ոչ միայն մի քանի բաժակից, այլ մեկ-երկու շշից նույնիսկ չէր հարբում (տես՝ 1996-ին Արշալույսում Մանվել Գրիգորյանի ծննդյան հայտնի տեսաժապավենը)։

Արսեն Խաչատրյանը պատմում է. «Երբ Առինջից մոտեցանք Աբովյան-Երևան ճանապարհահատվածին, գեներալը բնական պահանջի պատճառով կանգնեցնել տվեց մեքենան, այդ նույն պահին ես զգացի, որ գեներալը իմ թիկունքին է սեղմել ատրճանակը, անմիջապես շրջվեցի, բռնելով ձեռքը բղավեցի - պարոն գեներալ, պարոն գեներալ... ինչ է, ուզում եք ինձ սպանե՞լ, Արմեն, փախի։ Արմենի մեքենայից իջնելուց մեկ-երկու րոպե հետո ես նույնպես դուրս եմ եկել մեքենայից, անցնելով ճանապարհի մյուս կողմը, պառկել եմ փոսում, Արմենի կողքին, հետո երբ գլուխս բարձրացրի, տեսա գեներալը կանգնել է ճանապարհի մեջտեղում, դեմքով դեպի մեզ, նրա ձեռքին խզակոթը բինտով փաթաթված ատրճանակ տեսնելով վախեցա և Արմենին ասացի` փախնենք, ուզում է մեզ սպանել։ Մի 10-15 րոպե հետո, երբ Արմենի հետ գտնվում էինք գլխավոր մայրուղու մոստի մոտ, երկու կրակոցի ձայն լսեցինք...»։

Արմեն Խաչատրյանը այս դրվագում պատմում է՝ «Երբ մոտեցանք Աբովյան-Երևան ճանապարհահատվածին, գեներալը ասաց - կանգնի մի հատ «ջուր թափեմ», մեքենան արգելակելուց անմիջապես հետո Արսենը կտրուկ շրջվեց ետ և սկսեց գոռալ, - պարոն գեներալ, պարոն գեներալ... ինչ է, ուզում եք մեզ սպանե՞լ, Արմեն, փախի, ես նկատեցի, որ Արսենը երկու ձեռքով բռնել էր պարոն գեներալի ձեռքը, ուզում էր խլել զենքը, այդ ժամանակ նա ինձ ասեց - Արմեն, փախի, ուզում է մեզ սպանել, ես դուրս եկա մեքենայից ու պառկեցի ճանապարհից դուրս ցածր հատվածում, քիչ հետո եկավ նաև Արսենը, նա վախեցած ասաց -էս ուզում էր մեզ սպանել, գլուխը բարձրացրեց ու նույն պահին անմիջապես կախեց, ասելով - մեր կողմն է նայում, զենքը ձեռքին է, պոչն էլ բինտով փաթաթել է, փախանք։ Ու մենք տարբեր ուղղություններով փախել ենք, քիչ հետո, երբ ես հասա գլխավոր մայրուղու մոստի մոտ, կանգնեցի, շուրջ բոլորս էի նայում, քանի որ Արսենը չկար, մոտ 10-15 րոպե հետո լսեցի երկու կրակոցի ձայն, շատ վախեցա, իսկ 1-2 րոպեից ճանապարհի աջ կողմից վազելով եկավ Արսենը, նա ինձ հարցրեց -լսեցի՞ր կրակոցների ձայնը, գժվել է գեներալը, տեսա՞ր, ուզում էր մեզ սպանել, և մենք հեռացանք ու այդ մասին պատմեցինք պետավտոտեսչության մոտակա կետում...»։

Նրանց այս ցուցմունքները ստուգվել են նաև պոլիգրաֆի (ստի դետեկտորի) միջոցով անցկացրած հարցաքննությամբ, և ի զարմանս շատերի, հատկապես ԱՄՆ-ից հրավիրված մասնագետի, որը երևի իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում բազմաթիվ անգամներ էր գոհացել հարցաքննության այդ արդյունավետ սարքի օգնությունից, արձանագրվում է անսպասելին՝ առաջադրված հարցերին տրված պատասխաններից առաջացած հոգեֆիզիոլոգիական ռեակցիաները Արսեն Խաչատրյանի դեպքում արձանագրում են, որ նա ստում ու ինչ-որ բաներ թաքցնում է, իսկ Արմեն Խաչատրյանի դեպքում սարքը թույլ է տալիս գրանցելու, որ նա չի ստում։

Իրոք որ զարմանալի է, չէ՞ որ մեկը մյուսից չտարբերվող այս ցուցմունքների դեպքում, եթե սարքը անթերի է գործում, ապա պետք է երկուսի դեպքում էլ գրանցեր միևնույն հոգեֆիզիոլոգիական ռեակցիաները։ Եվ երևի թե սա էր պատճառը, որ Հայաստանում սկսեցին «ստի դետեկտոր» կոչվածի արդյունավետ աշխատանքին չհավատալ (նաև հոկտեմբերի 27-ի դեպքում)։ Սակայն, կարծում եմ, այստեղ մեղավորը այս սարքը չէր, այլ հայկական այն մեթոդը, որի կիրառմամբ փաստորեն խաբեցին հանրաճանաչ սարքին։ Իսկ միևնույն ցուցմունքների տարբերությունը, որը նկատել է սարքը, այն է, որ դրանք միայն առաջին հայացքից են թվում միանման, իսկ իրականում նույն բանը չեն ասում։

Այսպես, եկեք ևս մեկ անգամ վերարտադրենք Արմեն Խաչատրյանի պատմածը, մտովի մասնակից դառնանք տեղի ունեցածին և վերլուծենք այն։ Արմեն Խաչատրյանը ասում է. «Մեքենան արգելակելուց անմիջապես հետո Արսենը կտրուկ շրջվեց ետ, և սկսեց գոռալ - պարոն գեներալ, պարոն գեներալ... ինչ է, ուզում եք մեզ սպանել, Արմեն, փախի, ես նկատեցի, որ Արսենը երկու ձեռքով բռնել էր պարոն գեներալի ձեռքը...», այսինքն՝ Արմենը չի տեսնում գեներալի ձեռքին ատրճանակ կա թե ոչ, քանի որ Արսենն ամբողջ մարմնով թեքվում է աջ և երկու ձեռքով բռնելով հրամանատարի ձեռքը, սկսում է գոռալ... սակայն այս հանգամանքը միանգամայն բավարար է, որ Արմենի ներկայությամբ տեղի ունեցած այդ անսպասելի իրադրությունը 100 տոկոսանոց իրականություն տպավորվի, և նա բնազդաբար լսելով «Արմեն, փախի, ուզում է մեզ սպանել...» արտահայտությունը, անմիջապես դուրս է նետվում մեքենայից։ Նույն կերպ, երբ փոսի մեջ պառկած վիճակում Արսենը գլուխը բարձրացնում ու անմիջապես կախում է, ասելով` «մեր կողմն է նայում, զենքը ձեռքին է, պոչն էլ բինտով փաթաթել է, փախանք», Արմենը բնազդաբար առանց գլուխ բարձրացնելու նույնպես պետք է կրկներ կողքինի շարժումը, և դարձյալ կողքինի շարժումների ու ասածների ազդեցության տակ բնազդաբար վեր է կացել ու առանց ետ նայելու փախել, հեռացել տեսադաշտից։
Այժմ առաջարկում եմ մեր ունեցած փաստերի ու տեղեկությունների համատեքստում միասին մի վարկած մշակել։ Միանգամից նշենք, սա ընդամենը վարկած է, բայց արձանագրենք, որ այն երևակայության արդյունք չէ և պրակտիկայում միանգամայն հնարավոր է դրա կիրառումը։

Այսպես, Արսեն Խաչատրյանը իր աջ կողքին նստած Արմենի համար անսպասելիորեն աջ կողքի վրայով շրջվում է դեպի ետ, այսինքն կիսով չափ փակելով նրա տեսադաշտը և երկու ձեռքով բռնելով հրամանատարի ձեռքերը սկսում գոռգոռալ. նույն պահին անակնկալի եկած Արմենը բնազդորեն ենթարկվում է ընկերոջ խոսքին ու դուրս թռչում, իսկ Արսենը, որը քինգ-բոքսինգ սպորտում մի քանի անգամ նվաճել է Հայաստանի և աշխարհի չեմպիոնի տիտղոսը, առանց որևէ դժվարության կոտրում է գեներալի ձեռքը, ուշագնաց անում նրան ու դուրս թռչում մեքենայից։ Հետո Արմենի հետ փոսում պառկած ժամանակ գլուխը մի ակնթարթ բարձրացնել-իջեցնելով, բղավում, թե գեներալը զենքի պոչը բինտով փաթաթել ու իրենց կողմն է նայում, դրանով նա առանց դժվարության հոգեպես ներգործում է ընկերոջ վրա ու առաջարկում փախչել, սակայն, ի տարբերություն 180 աստիճան դեպի ետ՝ ավտոմայրուղի փախչող Արմենին, Արսենը վազել է դեպի աջ, որտեղից մի փոքր շրջադարձ կատարելու դեպքում կարող էր հայտնվել մեքենայի հետնամասում։ Տեղեկացնեմ նաև, որ տեղանքը քարքարոտ ու անհարթ է, ինչի արդյունքում տեսադաշտը սահմանափակվում է 8-10 մետր սահմանագծում։ Այստեղ ֆիզիկապես առողջ Արսենի համար որևէ դժվարություն չէր կարող ներկայացնել ուշաթափված գեներալին մեքենայից մոտ 50 մետրի չափ հեռացնելու և վզի հատվածում 2 կրակոց արձակելով սպանելու նրան, սակայն առաջին կրակոցի հարվածի ուժգնությունից ուշագնաց գեներալի գլուխը ցնցվում է, և հենց այդ պատճառով էլ գնդակները տարբեր ուղղություն են ստանում, ինչն անհնար էր ինքնասպանության դեպքում։ Արսենը նույն ճանապարհով վազելով ետ է դառնում և ներքևի հատվածից միանում Արմենին։

Հենց այստեղ էլ կայանում է այն հարցի պատասխանը, որ Արսենը մոտ 10-15 րոպեից է միացել Արմենին։ Հենց այս հանգամանքներն էլ, կարծում եմ, բավարար էին, որ հարցաքննությունների ընթացքում Արմենի հոգեֆիզիոլոգիական ռեակցիաներում տարօրինակություններ չեն գրանցվել, քանի որ նա ստեղծված տպավորությունների արդյունքում պատմել է այն ամենը, ինչի ճշմարտացի լինելու առումով որևէ կասկած անգամ չի ունեցել: Իսկ Արսենի դեպքում հակառակ արդյունքն է ստացվել։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ներկայացվածը ընդամենը վարկած է, որով ընդամենը փորձում ենք հիմնավորել, թե ինչպես կարելի է «խաբել» ստի դետեկտոր կոչվող սարքին։ Բայց նկատենք նաև, որ մեղադրանքը վերացնելուց ու ձերբակալված այս կասկածյալներին ազատ արձակելուց հետո Արսեն Խաչատրյանը լքեց Հայաստանը, իսկ Արմենը` ոչ, ինչը կարծում եմ այս հարթությունում միանգամայն բնական է։

Հ.Գ. Ինչ վերաբերում է Արծրուն Մարգարյանի սպանության (պաշտոնական բացահայտումը՝ ինքնասպանություն) բացահայտմանը, ապա աչքի առաջ ունենալով հոկտեմբերի 27-ի գործի նախաքննության վրա եղած ակնհայտ ճնշումներն ու այն հանգամանքը, որ դատավարության ընթացքը իշխանությունների քիմքին է հարմարեցվում, մեզ մնում է միայն կրկնել, որ ինչպես Ա. Մարգարյանի սպանությունը, այնպես էլ գլխ.դատախազինը, Վ. Խորխոռունու, «Հոկտեմբերի 27»-ը, ԱԱՆ-ի 7-րդ վարչության պետ Աշոտ Խաչատրյանի ավտովթարը, վարակվելն ու մահը, Տ.Նաղդալյանի ու էլի շատ հայտնի ու անհայտ աղմկահարույց սպանությունների իրական բացահայտումը ներկայիս իշխանությունների օրոք խիստ կասկածելի է։

Վահագն Ղուկասյան, «ՉԻ», 14.09.2003

ՎԱՐԿԱՆԻՇ

   6171 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ