...

Չմոռացվող խոսք՝ Աղվան Հովսեփյանի մասին

Չմոռացվող խոսք՝ Աղվան Հովսեփյանի մասին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մասին վերջին օրերին հաճախ ենք լսում, թե իշխանությունները հալածում են պետության լավագույն իրավաբաններից մեկին, նրա՝ ինչ-որ մեծ դերի մասին են խոսում Հայաստանի դատաիրավական-քննչական համակարգի կայացման գործում:

Այնպիսի տպավորություն է, որ մենք հենց նոր ենք Մարսից իջել, ու ընդհանրապես լսած չկանք Աղվան Հովսեփյանի մասին: Մինչդեռ դա այն մարդն է, որի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից դատախազ նշանակվելով, Հայաստանում սկսվեց աղմկահարույց սպանությունների և դրանց կոծկման գործընթացը: Այդ սպանությունների շարքում առանձնահատուկ էր 1999թ. փետրվարին ՀՀ Ներքին Զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանությունը: Աղվան Հովսեփյանի «փայլուն» օպերացիայի արդյունքում հրազենի երկու կրակոցից սպանված Արծրուն Մարգարյանի գործը որակվեց ինքնասպանություն: 

Այս առումով, Աղվան Հովսեփյանի գործունեության վերաբերյալ արժե ներկայացնել սպանությունից հետո խորհրդարանում պատգամավոր, Սյունիքի նախկին փոխմարզպետ և Մեղրու ՆԳ շրջանային վարչության նախկին պետ, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Մաթևոսյանի խոսքը՝ այդ գործի վերաբերյալ: Ելույթի ժամանակ Աղվան Հովսեփյանը դահլիճում էր, որը եկել էր խորհրդարան՝ Վանո Սիրադեղյանին կալանավորելու թույլտվության միջնորդությամբ: 

Դավիթ Մաթևոսյանի ելույթը.

«Պետք է խոսեմ վերջին դեպքի, Արծրուն Մարգարյանի սպանության մասին, որովհետև նա իմ հարազատ ընկերն էր և հանգամանքների բերումով, մասնակցում էի որոնումների աշխատանքներին: Եղել եմ դեպքի վայրում: Ականատես եմ եղել դեպքի վայրի և դիակի զննության:

Իմ ընկալմամբ, իրավաբանությունը ունի 2 գլխավոր բաղկացուցիչ մաս. մեկը տրամաբանությունն է, մյուսը՝ բարոյականությունը: Դեպքի վայրի զննության ժամանակ, ես եղա ականատեսը, թե հանրապետության գլխավոր դատախազության ղեկավարությունը, ես ամբողջ համակարգին չեմ մեղադրում, որովհետև այնտեղ կան բավականին պարկեշտ մասնագետներ, ինչքան անտրամաբանական մոտեցում ունեցավ դեպքի վայրի և դիակի զննությանը:

Եթե հիշում եք, կարծում եմ՝ շատերդ հեռուստատեսությամբ դիտել եք, հատկապես կարևորագույն գործերով այն մի քննիչին, որը հպարտանում էր, թե ինչպես է ինքը, սպանված Արծրուն Մարգարյանի, կամ, ավելի ճիշտ, ինքնասպան եղած Արծրուն Մարգարյանի ձեռքից վերցրել ատրճանակը: Ես զարմացած ու ապշած էի: Ես ինձ պատահական մարդ չեմ համարում, որովհետև գոնե 4 տարի աշխատել եմ ներքին գործերի համակարգում, առավել ևս, ղեկավարել եմ ներքին գործերի բաժինը, մեր հանրապետության ամենածանր տարիներին: Եվ այնքան էին ոգևորված ինքնասպանության վարկածը հաստատելու ցանկությամբ, որ, կրկնում եմ, շատ ու շատ հանգամանքներ աչքաթող արվեցին:

Անցնեմ բարոյականությանը: Շտապողականությունը այնքան շատ էր ինքնասպանության վարկածի հաստատման, որ առաջին իսկ օրը, օգտագործելով ՀՀ պետական հեռուստատեսությունը, փորձեցին Մարգարյան Արծրունից կերտել հարբեցողի և, թերևս, հոգեկան հիվանդի կերպար: Եվ զավեշտը կայանում էր նրանում, որ ոչ միայն իրենց հայտարարությամբ սա փորձեցին ամրագրել, այլև օգտագործեցին հարազատին, հորաքրոջ որդուն, որը գավառական մտածողությամբ միամիտ մի տղա, չհասկանալով ինչ է կատարվում, համենայն դեպս, դրանով հասան իրենց նպատակին, ավելի շուտ փորձեցին հասնել իրենց նպատակին: Սա անբարոյականության կատարյալ աստիճանն է: Եվ ես կարծում եմ, որ բարոյականություն և տրամաբանություն չունեցող մարդիկ, ընդհանրապես այս դահլիճ որևէ միջնորդություն բերելու իրավունք չունեն, ում էլ դա վերաբերի, որ պատգամավորին էլ որ դա վերաբերի: Ուստի առաջարկում եմ հանրապետության գլխավոր դատախազին լքել այս դահլիճը՝ այստեղ չվերադառնալու պայմանով: 

Պրն դատախազ, դուք բնականաբար ինձ չեք ճանաչում, և ընդամենը մեկ խորհուրդ կարող եմ տալ ձեզ. որ ես իմ ասածների համար պատասխանատու եմ: Եվ, որպեսզի ինձ լավ ճանաչեք, թերևս, պրն Սերժ Սարգսյանը բավարար չափով ինձ ճանաչում է, կարող եք խորհրդակցել նրա հետ»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4582 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ