...

Օրենք արձանաշինության մասին

Օրենք արձանաշինության մասին

Հաշվի առնելով Հայաստանում արձանների շինարարության աճի դինամիկան, ինչպես նաև դրա նշանակությունը երկրի տնտեսական զարգացման վրա, նկատի ունենալով, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում տուրիստական բազմաթիվ հոսքեր գնալու տեղ չունեն, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք արձանաշինության մասին: Սույն օրենքի ընդունմամբ կկարգավորվեն արձանների տեղադրման, կառուցապատման և շահագործման կանոնները. Եվ այսպես.

ՕՐԵՆՔ ԱՐՁԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (նախագիծ)

Հոդվ. 1. Արձան է համարվում 6-ից 79 մետր բարձրություն ունեցող շինությունը, որը նման է.

ա. սուրբ հոգևորականի,
բ. սուրբ օլիգարխի,
գ. սուրբ բարերարի:

Հոդվ. 2. Արձանը համարվում է ազգային, եթե.

ա. այն կառուցվում է ազգային շինանյութերով ու ցեմենտով,
բ. դրա հիմքը փորվում է բելառուսական էքսկավատորներով,
գ. հստակ երևում է Ավան-Առինջից մինչև Ծաղկաձոր ընկած տարածքում:

Հոդվ. 3. Իշխանությունները արձանի շինարարության մեկնարկից ոչ ուշ, քան 5 (հինգ) ամսվա ընթացքում պարտավոր են.

ա. արձանի շինարարության օրինականությունը հաստատել,
բ. քննարկել արձանի շինարարության թույլտվություն տալու կամ չտալու հարցը,
գ. հայտարարել, որ թույլտվության թուղթը կորցրել են:

Հոդվ. 4. Արձանի շինարարությունը համարվում է բնապահպանական նորմերին համապատասխանող, եթե.

ա. այն կառուցվում է սարի գագաթին, 
բ. այն չի խաթարում հարևան երկրների բնակիչների անդորրը,
գ. եթե տարածքում ցեմենտի կամ տրավերտինի հանքեր չկան:

Հոդվ. 5. Եկեղեցին անջատ է պետությունից, և նրա խոսքն ասնավանի չէ:

Հոդվ. 6. Արձանի շինարարություն իրականացնողը պարտավոր է.

ա. հարուստ կենսագրություն ունենալ,
բ. սրբորեն պահպանել «սիրիր մերձավորիդ՝ վերջինիս համաձայնությամբ» և «մի բռնանար» պատգամները:
գ. հայկական արմատներով մականուն ունենալ:

Հոդվ. 7. Արձանի շինարարությունը համարվում է հաջող նախագիծ, եթե.

ա. ապահովում է տուրիստների շռնդալից հոսքը Հայաստան,
բ. շեղում է միջանցքների մասին թեմաներից,

Հոդվ. 8. Նույն արձանը չի կարող ավելի քան 2 (երկու) անգամ կառուցվել այլ սարերի գագաթներին:

Հոդվ. 9. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է Հայկական ամբողջ լեռնաշխարհում:

Հուսով ենք` խորհրդարանը անմիջապես կընդունի օրինագիծը, կքննարկի առաջնահերթության կարգով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   795 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ