...

Օրենք ՀՀ պետական սահմանի և սահմանամերձ շրջանների մասին

Օրենք ՀՀ պետական սահմանի և սահմանամերձ շրջանների մասին

Հաշվի առնելով տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները և տևական խաղաղություն հաստատելու հեռանկարը՝ առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք Հայաստանի պետական սահմանի և սահմանամերձ շրջանների մասին։ Սույն օրենքի ընդունումը ոչ միայն էապես կբարձրացնի Հայաստանի անվտանգության մակարդակը, այլև զգալիորեն կնպաստի ներքաղաքական կայունության հետագա ամրապնդմանը։ Եվ այսպես․

Հոդվ․ 1․ Հայաստանի Հանրապետության պետական սահման է համարվում այն բնագիծը, որից այս կողմ օտարերկրյա զինվորականները դեռևս չեն առաջացել։

Հոդվ․ 2․ Հայաստանի հանրապետության պետական սահմանների պաշտպանությունն իրականացնում են ՀՀ զինված ուժերը՝ բացառապես աշխատանքային օրերին, ժամը 9․00-ից 18․00-ն, և բացառապես կլիմայական բարենպաստ պայմաններ ունեցող հատվածներում։

Հոդվ․ 3․ Սահմանների պաշտպանությունն իրականացվում է հետևյալ ընթացակարգով․

ա ․ Հակառակորդի զինված ուժերի առաջխաղացման ֆիքսում,

բ ․ Հակառակորդի իրազեկում սահմանախախտման մասին՝ ձեռքերի թափահարումով և բնաձայնային աղաղակներով,

գ ․ Ելման դիրքերը վերադառնալու հորդոր,

դ ․ Գերեվարվելու դեպքում՝ իրազեկում միջազգային կազմակերպություններին։

Հոդվ․ 4․ Սույն օրենքի հոդվ․ 3-ի պահանջները խախտած և սահմանների պաշտպանության այլընտրանքային միջոցներ կիրառած սպաների պաշտոնանկությունը և (կամ) ասֆալտափռումն իրականացվում է ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ պարզեցված ընթացակարգով։

Հոդվ․ 5․ Սահմանախախտման դեպքերից ոչ ուշ, քան 45 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է միջադեպը։

Հոդվ․ 6․ Այն սահմանամերձ բնակավայրերը, որոնց արտադրած մշակաբույսերը պիտանի չեն արտահանման համար և (կամ) իրենց համային որակներով չեն բավարարում ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարի պահանջները, համարվում են դժգույն-դժբախտ։ 

Նշյալ համայնքների ղեկավարների վնասազերծմանը մասնակցող իրավապահների թիվը չի կարող գերազանցել տվյալ մարզի սահմանների պաշտպանության մեջ ներգրավված անձանց թվի եռապատիկը, իսկ համայնքապետերի հանցավոր գործունեության վերաբերյալ ցուցմունքներ տված քաղաքացիների պարգևավճարը՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկը։

Հոդվ․ 7․ Իրավապահ կառույցներից որևէ մեկի՝ սույն օրենքի հոդվ․ 4-ի և հոդվ․ 6-ի պահանջները կատարելուց հրաժարվելու դեպքում տվյալ կառույցի ղեկավար է նշանակվում սույն օրենքով նախատեսված Արգիշտի Քյարամյանը։

Հոդվ․ 8․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է մասնակի փոփոխությունների միայն Երևանի՝ սահմանամերձ բնակավայր դառնալուց հետո։

Հուսով ենք՝ նորընտիր Ազգային ժողովն ու իշխող քաղաքական ուժը մինչև վերջ անկեղծ կլինեն իրենց ընտրողների հետ և սույն օրինագիծը կընդունեն առանց ավելորդ ձևականությունների։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   754 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ