...

Օրենք իշխանական պատգամավորների (ԻՊ) մասին

Օրենք իշխանական պատգամավորների (ԻՊ) մասին

Հաշվի առնելով ներքաղաքական վերջին սրացումներն ու ԱԺ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների նկատմամբ արտաքին դավադիր ուժերի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքները, և առաջնորդվելով այն մտահոգությամբ, որ իշխող խմբակցության առանձին ներկայացուցիչների անհամարժեք պահվածքը դավադիր ուժերին հնարավորություն է տալիս հանիրավի թիրախավորել թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության Գաղափարն ու Առաջնորդին, առաջարկում ենք օրենսդրորեն սահմանել այն չափորոշիչները, որոնց պիտի համապատասխանեն իշխող քաղաքական ուժի պատգամավորներն ու պատգամավորության թեկնածուները՝ հանուն պետության ապագայի և միջազգային անսասան հեղինակության։ Եվ այսպես․

Հոդվ․ 1․ Իշխանական պատգամավորների (այսուհետ՝ ԻՊ․ չշփոթել «Իսլամական Պետության» հետ) և պատգամավորության թեկնածուների դասակարգումն իրականացվում է հետևյալ սկզբունքով․ արու առանձնյակները բաժանվում են երկու կատեգորիայի՝ «Ք» («քյարթ») և «Պ» («պռադվինուտի»), իսկ էգ առանձնյակները՝ համապատասխանաբար «Ա» («ակտիվիստներ») և «Բ» (առանց մեկնաբանությունների)։

Հոդվ․ 2․ «Ք» կատեգորիայի պատգամավոր դառնալու համար թեկնածուները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

 ա․ Տեղեկանք նախկինում ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ և այլ հանցավոր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների անդամակցության մասին,

 բ․ Տեղեկանք և (կամ) հիմնավոր ապացույցներ նախկինում ընտրական արատավոր գործընթացների մասնակցության վերաբերյալ՝ առնվազն եռամյա ստաժը հաստատող փաստաթղթերով,

 գ․ Չորս լուսանկար, որոնցից մեկը՝ փողկապով, մեկը՝ «չոլկայով» և սպիտակ «Նիվայի» կողքին, մեկը՝ ցուցարարների վրա մահակներով հարձակվելու պահին, մեկը՝ Սևանի ափին, ռազմավարական դաշնակից հանդիսացող երկրի քաղաքացուհիների հետ։

Հոդվ․ 3․ «Պ» կատեգորիայի մանդատներին հավակնող թեկնածուները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

 ա․ Տեղեկանք Երևանի գարեջրատներից և հանրային սննդի այլ կետերից՝ նախկինում ունեցած ֆինանսական պարտավորություններն ամբողջովին մարած լինելու վերաբերյալ,

 բ․ Տեղեկանք նարկոդիսպանսերից (բովանդակությունն էական չէ),

 գ․ Տեղեկանք պոլիկլինիկայից՝ աջ ձեռքի ցուցամատի և թքագեղձերի առկայության մասին,

 դ․ Տեղեկանք բնակության վայրից՝ դեռահաս տարիքում «հայաթում» պարբերաբար ծեծ ուտելու վերաբերյալ,

 ե․ Ճիշտ առոգանությամբ «վա՛ու» բնաձայնային-զարմացական բացականչությունն արտաբերելու կարողություն։

Հոդվ․ 4․ «Ա» կատեգորիայի թեկնածուհիները պարտավոր են ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք սահմանված են «Պ» կատեգորիայի թեկնածուների համար՝ բացառությամբ «դ» կետի։ «Բ» կատեգորիայի թեկնածուների ֆունկցիոնալ համապատասխանության ստուգումն իրականացվում է ոչ հրապարակային, մասնավոր ընթացակարգով։

Հոդվ․ 5․ Սույն չափորոշիչներին համապատասխան մեծամասնության ձևավորումից հետո խորհրդարանն ընտրում է ԱԺ նախագահ, որի անձնական որակներով էլ պայմանավորվում է այդ պաշտոնի անվանումը․ խոսելու ունակության դեպքում՝ «խոսնակ», թքելու ունակության դեպքում՝ «թքնակ», եղջյուրների առկայության դեպքում՝ «բառաչնակ», և այլն։

Հոդվ․ 6․ Խորհրդարանական մեծամասնությունից կարող են ակնկալվել բացառապես սույն օրենքով նրանց նկատմամբ առաջադրված չափորոշիչներին համապատասխանող գործողություններ։ Այլ ակնկալիքներ ունենալը գնահատվում է որպես պետականության հիմքերը խարխլելու չարամիտ փորձ և պատժվում է օրենքով։

Մեծամասնության պատգամավորները, վստահաբար, կընդունեն սույն օրինագիծը՝ որպես հաջորդ ընտրություններում ևս իշխանական ուժի ընտրացուցակում տեղ ունենալու օրենսդրական երաշխիք։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2523 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ