...

Օրենք կոռուպցիայի մասին

Օրենք կոռուպցիայի մասին

Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական լարված իրավիճակն ու քաղաքական գործընթացներում կասկածելի ծագմամբ ֆինանսական միջոցների ներգրավման հավանականությունը՝ առաջարկում ենք անհապաղ ընդունել նոր օրենք կոռուպցիայի մասին։ Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել ներքաղաքական կայունությունը, այլև վերականգնել իշխանությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակը։ Եվ այսպես։

Հոդվ․1․ Կոռուպցիա է համարվում հանցավոր ճանապարհով հարստացման ցանկացած դրսևորում, որն իրականացվել է առանց ՀՀ հպարտ քաղաքացիների կողմից ընտրված իշխանությունների բարձրագույն ներկայացուցչի գիտության, գրավոր կամ բանավոր թույլտվության և տվյալ արարքի արդյունքում գեներացված նյութական արդյունքների վերաբաշխման շուրջ վերջինիս հետ ձեռք բերված համաձայնության։

Հոդվ․2․ ՀՀ տարածքում կոռուպցիան համարվում է պարտադիր լիցենզավորման ենթակա գործունեություն։ Կոռուպցիոն գործունեություն ծավալելու համար ՀՀ քաղաքացիները պարտավոր են լիցենզավորող մարմնին և (կամ) վարչապետի աշխատակազմին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

ա․ Տեղեկանք ՔՊ կուսակցության անդամակցության մասին,

բ․ ՀՀ կառավարության որևէ անդամի հետ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ՝ տրված Ոստիկանության տարածքային բաժանմունքի կողմից,

գ․ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հաստատված բարեգործական հիմնադրամներից որևէ մեկին գումար փոխանցելը հաստատող անդորրագիր (բնօրինակը),

դ․ Սոցկայքերում նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների հասցեին հայհոյանքներ պարունակող առնվազն 200 հրապարակումների սքրինշոթները,

ե․ 3x4 չափի 4 լուսանկար՝ «դուխով» գրությամբ գլխարկով։

Հոդվ․ 3․ Կոռուպցիոն գործունեության արդյունքում գեներացված ֆինանսական միջոցների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին փոխանցված հատվածի նպատակային օգտագործման շուրջ տեղեկատվությունը համարվում է պետական գաղտնիք, իսկ դրա շուրջ քննարկումների ծավալումը՝ լրտեսական գործունեություն։

Հոդվ․ 4․ Կոռուպցիայի կանխարգելման նպատակով պետական ծախսերն իրականացվում են բացառապես ՀՀ հպարտ քաղաքացիների վստահության քվեին արժանացած քաղաքական ուժի ներկայացուցիչներին պատկանող ընկերությունների միջոցով։

Հոդվ․ 5․ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների կոռումպացվածության վերաբերյալ հրապարակումների համար սահմանված տուգանքներն օգտագործվում են սույն օրենքի հոդվ․ 3-ով սահմանված ընթացակարգով։

Հոդվ․ 6․ Կոռուպցիայի դեմ պայքարող պետական կառույցների ղեկավարները նշանակվում են փակ-գաղտնի աճուրդով։

Հուսով ենք՝ սույն օրինագիծը կընդունվի առանց էական փոփոխությունների։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ