...

Օրենք խաղաղության դարաշրջանի մասին

Օրենք խաղաղության դարաշրջանի մասին

Մեր տեղեկությունների համաձայն, Ազգային ժողովը պատրաստվում է արձակուրդից վերադառնալուն պես ընդունել հատուկ օրենք խաղաղության դարաշրջանի մասին։ Օրենքի նախագիծը կառավարությունն արդեն իսկ բաժանել է պատգամավորներին՝ արձակուրդի ընթացքում ծանոթանալու և առաջարկներ ներկայացնելու համար։ Օրենքի նախնական տարբերակը հայտնվել է խմբագրության տրամադրության տակ, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․ 

Հոդվ․ 1․ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարժվում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացման ճանապարհով։

Հոդվ․ 2․ Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստը վերականգնում է նախնական տարբերակը՝ ըստ Մ․ Նալբանդյանի բանաստեղծության բնագրի։ Հայաստանի Հանրապետության զինանշանի վրա Արարատ լեռան պատկերը փոխարինվում է Արագած լեռան պատկերով, իսկ Նոյի տապանի փոխարեն պատկերվում է Քարի լճի մերձակա խաշանոցի շենքը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերանվանվում է «20-րդ դարասկզբի ցավալի իրադարձությունների զոհերի հուշարձան»։

Հոդվ․ 3․ Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհների մերձակա օբյեկտներում արգելվում են խոզի մսից պատրաստված ուտեստները՝ բացի Իջևանի խոզից (հատուկ պատվերների դեպքում)։

Հոդվ․ 4․ Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային միջանցքն անվանվում է «Ն․ Վ․ Փաշինյանի անվան ՀՀ սուվերեն տարածք»։ Այդպիսով համարվում է, որ այդ միջանցքով տեղափոխվող բեռներն անցնում են «ՀՀ սուվերեն տարածքով»։

Հոդվ․ 5․ ՀՀ զինված ուժերի վերականգնումը և այդպիսով՝ ռևանշիստական տրամադրությունների բացառումն ու հարևան երկրների նկատմամբ մեր խաղաղասիրական տրամադրվածությունն ապացուցելու նպատակով Սուրեն Պապիկյանն ընդմիշտ մնում է ՀՀ պաշտպանության նախարար։

Հոդվ․ 6․ Հայաստանի Հանրապետությունը չի խոչընդոտում հարևան երկրի նկատմամբ ագրեսիա իրականացրած ռազմական հանցագործ Լևոն Տեր-Պետրոսյանի արտահանձնմանը Հաագայի միջազգային դատարան։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեպքում կիրառվում է ավելի մեղմ մոտեցում․ միայն անձնական ունեցվածքի մասնակի առգրավում՝ առանց արտահանձնման, հաշվի առնելով նրանց դերակատարումը գլխավոր ռազմական հանցագործին իշխանությունից մեկուսացնելու ազգանպաստ գործում։

Հոդվ․ 7․ Սույն օրենքի 1-6 հոդվածներով նախատեսված միջոցառումների իրականացումից հետո խաղաղության դարաշրջանի չբացվելու ողջ պատասխանատվությունն ընկնում է միջազգային հանրության ուսերին, իսկ տուժածների փոխհատուցումը տրամադրվում է «Փախստականների և բռնի տեղահանվածների մասին» ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակներում։

Կարծում ենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այս օրենքը կընդունի առանց էական խմբագրման։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   846 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ