...

Օրենք ընդդիմության մասին (նախագիծ)

Օրենք ընդդիմության մասին (նախագիծ)

Հաշվի առնելով պետականության կայացման և ամրապնդման գործում ինստիտուցիոնալ ընդդիմության առանցքային դերակատարումը, գնահատելով ընդդիմադիր կառույցների քայքայման ռիսկերն ու հնարավոր աղետալի հետևանքները, ինչպես նաև առաջնորդվելով ներքաղաքական կայունության պահպանման հրամայականի անվերապահ գիտակցմամբ, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք ընդդիմության մասին։ Սույն օրենքի ընդունումը ոչ միայն երկիրը զերծ կպահի ներքաղաքական ցնցումներից, այլև հերթական անշրջելի քայլը կլինի Հայաստանի Հանրապետության՝ ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգայում ամրապնդվելու ճանապարհին։ Եվ այսպես․

Հոդվ․ 1․ Ընդդիմություն է համարվում քաղաքական ուժերի և անհատ գործիչների այն համախումբը, որի նպատակը ժողովրդի փրկությունն է՝ ժողովրդի վճարած հարկերի տնօրինման իրավունքը ձեռք բերելու ճանապարհով։

Հոդվ․ 2․ Ընդդիմության լիդերներն իրականացնում են հետևյալ գործառույթները․

ա․ Զանգվածային և (կամ) հուժկու հանրային միջոցառումների կազմակերպում,
բ․ Լաոյի արթնացում՝ բնաձայնային վանկարկումների, տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշանների և երաժշտական գործիքների միջոցով,
գ․ Ազգի փրկություն (ոչ հաճախ, քան շաբաթը երկու անգամ), 
դ․ Տարբեր լրատվամիջոցների եթերներով մտքերի արտահայտում, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ աշխարհասփյուռ հայության համախմբման կոչեր,
ե․ Տարածաշրջանային պետությունների դրոշների հրկիզում կամ համբուրում՝ ըստ նպատակահարմարության,
զ․ Մանդատները վայր դնելու և (կամ) վայր չդնելու սպառնալիքներ,
է․ Քաղաքական բուռն գործունեության իմիտացիա՝ ծեծի ուտման միջոցով։

Հոդվ․ 3․ Խորհրդարանական ընդդիմությունն իշխանությունների հետ համագործակցում է բացառապես ազգային-պետական կարևորագույն նշանակություն ունեցող հարցերում, ինչպիսիք են պարգևավճարների ստացումը, արտասահմանյան գործուղումները և այլն։

Ընդդիմադիր պատգամավորները կարող են քննադատել պարգևավճարների համակարգը ոչ շուտ, քան պարգևավճարների ստացումից երեք օր անց։ Նրանց ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ընդդիմության լիդերների խափանման միջոցը փոխելու համար վճարված գրավի ընդհանուր գումարի քառապատիկը։

Հոդվ․ 4․ Ընդդիմության լիդերների՝ բուժման նպատակով երկրից անժամկետ հեռանալու գործընթացը կարգավորվում է «Բարեգործական կազմակերպությունների ֆինանսական մուտքերի թափանցիկության մասին» ՀՀ օրենքով։ 

Հոդվ․ 5․ «Ազգային» է համարվում այն ընդդիմությունը, որի հարաբերություններն իշխանությունների հետ կարգավորվում են բացառապես ազգային արժույթով։ Ընդդիմադիր այն ուժերը, որոնց լիդերները Երևան քաղաքում ստանում են կառուցապատման իրավունք, համարվում են «կառուցողական»։ 

Հոդվ․ 6․ Ընդդիմության լիդերների և բարձրաստիճան պաշտոնյաների՝ այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ աշխատանքային հանդիպումները համարվում են «պետական գաղտնիք պարունակող» և իրականացվում են բացառապես շաբաթ, կիրակի և տոն օրերին, ինչպես նաև ցանկացած օրվա ոչ աշխատանքային ժամերին։ 

Օրենքն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է փոփոխության բացառապես ներքաղաքական լայն կոնսենսուսի պարագայում։

Հուսով ենք՝ սույն օրինագիծը խորհրդարանը կընդունի միաձայն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   438 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ