...

Ոստիկանությունն այսօր քննություն կհանձնի

Ոստիկանությունն այսօր քննություն կհանձնի

Այսօրվանից մենք ապրում ենք կյանքի նոր ռիթմով և ոչ ոք չգիտի, թե դա որքան ժամանակ կտևի: Նշված մեկ շաբաթը խիստ պայմանական է: Անգամ, եթե շատ արդյունավետ լինի, անհրաժեշտություն կառաջանա էլի երկարացնելու տեղաշարժի սահմանափակումները, քանի որ մեկ շաբաթը չափազանց քիչ է վարակի տարածման ողնաշարը կոտրելու համար:

Ըստ էության, տեղաշարժի սահմանափակումները հայկական նոու-հաու չեն: Այն արդեն կիրառվել է Չինաստանում, Սինգապուրում, կիրառվում է Իսրայելում և արևմտյան Եվրոպայում: Հատկապես Սինգապուրում հասել են բարձր արդյունքի: Երկիրը շատ արագ հաղթահարեց վարակի տարածման ճգնաժամը և ներկայումս չի համարվում տարածման օջախ: Իսրայելում այս առումով կան լրջագույն բարդություններ: Երկրի ոստիկանությունը հանդիպում է շատ լուրջ դիմադրության, քաղաքացիներն այնքան էլ տրամադրված չեն հարգելու սահմանափակումների բոլոր դրույթները և իրավապահ համակարգը հաճախ է առճակատման մեջ մտնում քաղաքացիների հետ: Դրանով է նաև պայմանավորված, որ Իսրայելում վարակը չի նահանջում և հասել է արդեն երկու հազարի:

Այս խստացումները պետք է արվեին շատ ավելի շուտ, գոնե մեկ շաբաթ առաջ: Բայց ունենք այն, ինչ ունենք: Հիմա քարեր նետելու ժամանակը չէ: 

Հիմա շատ բան կախված է ոստիկանությունից: Եթե ոստիկանությունն աշխատի այնքան անձնվեր, որքան աշխատում են բուժաշխատողները, անկասկած շատ արագ արդյունք կունենանք: Իսկ եթե աշխատեն այնպես, ինչպես աշխատում էին հեղափոխությունից հետո, դիցուք ճանապարհային ոստիկանները, այսինքն՝ չնկատելու տան իրավախախտումները, ոչ մի արդյունք էլ չենք ունենալու: Հանրագումարում կունենաք միայն իրավագիտակից քաղաքացիների տեղաշարժի անհարմարություններ:

Ոստիկանության պետը իր առաջին քննությունը տալիս է այսօր:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1115 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ