...

Ուղղաթիռները, Պատրոն Դավոն ու անճարապետությունը

Ուղղաթիռները, Պատրոն Դավոն ու անճարապետությունը

«Հետք»-ը հիշեցրել է, որ դեռ երկու ամիս առաջ՝ հունվարի վերջին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ՀՀ Զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար, թե որ ընկերությունից են ձեռք բերվել ուղղաթիռները։ Մինչդեռ լրատվամիջոցը տեղեկատվություն ուներ, որ այդ ուղղաթիռները ձեռք են բերվել Դավիթ Գալստյանից (հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ), որը Պաշտպանության նախարարությանը ենթադրյալ անորակ զենքերի մատակարարման համար անցնում է մի քանի քրեական գործերով։ Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում է ուղարկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով հերքել կամ հաստատել իրենց տեղեկությունները, որ ուղղաթիռները ձեռք են բերվել Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունից։ ՊՆ-ն մերժել է որևէ տեղեկատվություն տալ ձեռք բերված նոր ուղղաթիռների մատակարար ընկերության վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ ընկերության հետ կնքված պայմանագրի դրույթների համաձայն՝ պայմանագրում առկա տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել երրորդ անձի։ «Մինչդեռ, Պաշտպանության նախարարությունից մենք ոչ թե տվյալներ էինք ուզել պայմանագրի բովանդակության ու դրա մանրամասների վերաբերյալ, այլ խնդրել էինք հերքել կամ հաստատել, որ այն ձեռք է բերվել վերոնշյալ անձին պատկանող ընկերությունից»,- եզրակացրել է «Հետքը»։

Հիմա ուշադրություն՝ հունվարի վերջին գնում է կատարվել։ Երեկ ՊՆ-ն առնվազն չի հերքել, որ ձեռք բերված ուղղաթիռները Պատրոն Դավոյինն են։ Մարտի 14-ին էլ դատարանն է անսպասելիորեն որոշել և Դավիթ Գալստյանին ազատ արձակել 50 միլիոն գրավի դիմաց։ Ի դեպ՝ Գալստյանը մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և այլ վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործի շրջանակներում։ Այդ գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և Ավետիք Մուրադյանի մասով նույն օրը դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը գրավի կիրառման մասով։ Ի դեպ՝ մամուլի բոլոր միջոցները արտատպել էին «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկությունն այն մասին, որ Պատրոն Դավոյին ազատել են, «քանի որ տևական ժամանակ է, կարելի է ասել, կասեցված է զենքի գնման գործընթացը՝ ոչ ոք չի կարողանում զենք ներկրել Հայաստան, և Գալստյանին ստիպված են ազատել, որ, օգտվելով նրա կապերից, վերսկսեն ներկրումը»։ 

Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե Գալստյանին ազատ են արձակել, որ գա ու Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովում վկայություններ տա 44-օրյա պատերազմի մասին։ Բայց փաստորեն մի ողջ պետություն մնացել է Պատրոն Դավոյի հույսին, այն մարդու, որը մեղադրվում է ծանր հոդվածներով։ Հիմա չի բացառվում, որ մեղադրանքը «ջուր» է, բայց այսքան մեծ աղմուկից հետո ինչպե՞ս է իշխանությունը բացատրելու տեղի ունեցածը։ Կամ պետք է ընդունի, որ անճար է ու ճար անողին պիտի ներվի ամեն բան, կամ էլ պիտի խոստովանի, որ գործը «սարքել» են, հետո գլխի են ընկել, որ առաջնահերթը զենք առնելն է, ոչ թե սրա-նրա «գլխին սարքելը»։ Երկու դեպքում էլ՝ կեղտի մեջ են ընկնելու։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3565 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ