...

Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն ի՞նչ է անում տեսչական մարմնում

Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն ի՞նչ է անում տեսչական մարմնում

Վերջին օրերին ամենաշատ քննարկված պաշտոնյաներից է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ «Սուրմալու» տոնավաճառի ողբերգական պայթյունի պատասխանատուն, բայց ոչ մեղավորը։

Եթե պարզ բացատրենք իրավիճակը, ապա այս մարդու հիմնարկը ընդամենը արձանագրել է տոնավաճառի հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի տարբեր բնույթի խախտումներ, վերջում էլ տուգանել է տոնավաճառի տնօրինությանը և այսքանով իր աշխատանքը համարել ավարտված։ Հին Հայաստանում, երբ տեսչական մարմինը խախտումներ էր արձանագրում, սեփականատերերն առաջարկում էին «մի թիվ տուգանել» և իրենց հանգիստ թողնել՝ այլևս այդ կողմերում չերևալու հեռանկարով։ Նոր Հայաստանում այդ իմաստով փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ։ Հարցը հռետորական է, պատասխանը՝ դուրս քաղաքական նախասիրությունների տիրույթից։ Ով կասկածում է՝ կարող է մտնել տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջ և կարդալ կառույցի՝ վերջին պարզաբանման տակ ծավալվող քննարկումը։ Սա՝ մեկ։

Երկրորդ, փաստորեն տուգանքն էլ չի մուծվել, որովհետև տեսչական մարմնի աշխատողներին «Սուրմալու»-ի տնօրինությունը բանավոր խնդրել է, որ հետաձգեն տուգանքի վճարման ժամկետը, իրենք էլ այդ ընթացքում թերությունները կփորձեն վերացնել։ Ու այդ բանավոր խնդրանքը հալած յուղի տեղ ընդունվել է։ Հին Հայաստանում «բանավոր խնդրանքին» ընթացք տալու միակ ձևը «քյաշ փողն» էր։ Բայց քանի որ նոր Հայաստանում կոռուպցիան բացարձակ վերացել ու դարձել է սոսկ դասագրքային երևույթ, դժվար «քյաշ փողի» տարբերակն աշխատեր։ Ո՞րն է եղել բանավոր խնդրանքին ընդառաջելու մոտիվացիան՝ թող պարզեն իրավապահները։ 

Երրորդ, Գեղամ Շախբազյանը իշխանական շրջանակներում ընկալվում է՝ որպես Պնախարար Սուրեն Պապիկյանի կադր։ Հենց նրա միջնորդությամբ է վերջինս նշանակվել այս պաշտոնին։ Ի դեպ, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն էլ Արազ Պապիկյանն է, որը նախարարի հորեղբոր թոռն է։ Ասում են՝ «շարժերն» է վերահսկում։ Շարժ որ ասում ենք, կողմնակի դրամական հոսքերն ու կոռուպցիոն մուտքերը նկատի չունենք։ Դա Հին Հայաստանում էր, նոր Հայաստանում շարժը բնութագրում է Հայաստանի դիրքային փոփոխությունները ժողովրդավարության բարձրագույն լիգայում։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ