Երեկվա ասուլիսում... ի դեպ, մեր մոտ բանավեճ գնաց՝ ասուլի՞ս էր դա, թե՞ հարցազրույց: Թերևս՝ նախօրոք պատրաստված հարց ու պատասխան:
Մի խոսքով, ասուլիսի ամենացայտուն դրվագներից մեկն այն էր, երբ Փաշինյանն ասաց, թե ամենածանր հարվածը նոյեմբերի 9-ը չէր, այլ եռագույն դրոշի համար մաքսային ծառայության աշխատակցին գործից հանելու համար քննադատությունը:
«ՉԻ». Դա նույնն է, ոնց որ մեկը ֆուտբոլի թիմի մարզիչ լինի, թիմը 0:5 հաշվով կրվի, հայտարարի, թե ամենածանր հարվածը ոչ թե այդ պարտությունն էր, այլ որ հանդերձարանում տաք ջուր չկար:
Այսինքն՝ ինքը աղետալի պատերազմը՝ իր հազարավոր զոհերով, ջախջախված բանակով, տարածքային կորուստներով ու փախստականներով, ավելի թեթև է տարել, քան եռագույն դրոշը գետնին տեսնելը, մարդուն աշխատանքից ազատելը և դրա համար քննադատության արժանանալը:
Ու անկեղծ է ասում: Գիտե՞ք ինչու. որովհետև մաքսային ծառայության աշխատակցին գործից հանելու համար քննադատությունը սոցցանցերում ավելի շատ լայք է հավաքել, քան նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիր ստորագրելու համար քննադատությունը: Դրել, հաշվել է: Որն ավելի շատ լայք է հավաքել, այն էլ ավելի ծանր է տարել: