...

Պերեդոզի տակ մնացած ընդդիմությունը

Պերեդոզի տակ մնացած ընդդիմությունը

Անցած շաբաթ, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան էր եկել, էն որ ասաց՝ բաներ պիտի բացահայտեմ, բայց չբացահայտեց, իսկ այդ նույն ժամանակ ընդդիմությունը հայտարարել էր իշխանությունը վերցնելու մտադրության մասին, քաղաքը պարալիզացնել և այլն, մի խոսքով, մեր գործընկերներից մեկը ասաց, թե այդ օրը միացրել է հեռուստացույցը, պարզապես ալիքները բզբզալու համար, և տեսել է, որ խորհրդարանի նիստերը միայն Հանրային հեռուստատեսությունն է հեռարձակում, մնացած ալիքները ընդդիմության ցույցերն ու ակցիաներ են հեռարձակում՝ ուղիղ եթերով, լայվերով, փողոցներից, բուհերից, անընդհատ մարդկանց են խոսեցնում, որոնք իշխանությունների հասցեին ինչ ասես, ասում են...

Անհավանական բան է թվում: Քոչարյանի օրոք ընդդիմադիր էլ չէ, մի կնճռոտ դեմքով մարդու էլ ցույց չէին տա որևէ ալիքով: Այն ժամանակ, եթե միայն հեռուստաալիքներով առաջնորդվեինք, ապա ոչ ոք չէր կարող իմանալ, որ Հայաստանում ընդդիմություն կա.. օրինակ: 

Այսինքն՝ ընդդիմադիր շարժում են սկսել, հայտարարել են, որ դիմադրություն են սկսում, իշխանափոխություն են անելու և հաջողության հասնելու համար կարծես ոչ մի խնդիր չկա. ֆինանսական մասն ապահովված է, քարոզչական մասով, ինչպես ասացինք, ընդհանրապես պրոբլեմ չունեն, իրենց ամեն քայլափոխը նկարում են, լուսաբանում են, ջահել-ջուհուլների ինչ-որ մասսա էլ են հավաքել: Նույնիսկ քաղաքական մասով էլ կարծես խնդիր չկա. Փաշինյանին Ադրբեջանն էլի պատին է սեղմել, նորից տարածքներ է պահանջում, նոր գյուղեր, և այլն, այնտեղ միջանցքի մասին է ակտիվ խոսում, Հայաստանն ու Արցախը բազմաթիվ վտանգների առջև են կանգնած, և թվում է, թե ընդդիմությունն այս ամենը պետք է գրագետ, հստակ հանրությանը ներկայացնի, բացատրի, թե ինչ է կատարվում, իրենց այդ շարժումը թափ հավաքի:

Ու այսքանից հետո ոչ մի արդյունք չկա: Տեր-Պետրոսյանը 2008-ին այս ընդդիմության ռեսուրսների մի տոկոսն էլ ունենար, մի ամսում չորս անգամ թավշյա հեղափոխություն կաներ: Իսկ սրանք այսքան փող ու ռեսուրս են ծախսում, բայց առայժմ մարդու ծիծաղ կամ լաց է գալիս: 

Ոնց որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը քայլեր էր կատարում, բաներ էր ասում, անում, որոնք հեշտացնում էին Ադրբեջանի գործը՝ պատերազմ սկսելու համար, այս ընդդիմությունն էլ անընդհատ քայլեր է անում, որոնք միայն հեշտացնում են իշխանությունների գործը: 

Քարոզչական ռեսուրսների երևի մի 80 տոկոսը ընդդիմության ձեռքում է: Զրոյական արդյունք: Ուզում եք, առավոտից երեկո գրեք, որ Նիկոլը կապիտուլյանտ է, հողատու է, թուրքի բաջի է, բաջիի թուրք է, բայց եթե հայտարարում եք հայրենիքը փրկելու մասին, ու այդ նույն պահին ձեր առաջնորդներից մեկը գնում է լիժա քշելու, դա ավելացնելո՞ւ է ձեր համակիրների շարքերը:

Կամ, ընդդիմության երգիչներից մեկը հայտարարում է, թե՝ դե, տեսեք, դուք այստեղ ինչ եք անում, ես գնամ Ամերիկա՝ երեխա ունենալու: Լավ ես անում, գնա, հաջողություն քեզ, բայց ինչի՞ ես դրա մասին ստատուս գրում, մի հատ էլ թեման քաղաքականացնում: Հանգիստ գնայիր, գայիր: Ինչի՞ ես թեման հրապարակայնացնում, որ դա դառնա շահարկման առարկա, ու ամեն կողմից սկսեն ընդդիմությանը հարվածել:

Վրանում մահացածի թեման ընդհանրապես վերջն է: Երբ լուրը նոր էր տարածվել, որ Ֆրանսիայի հրապարակում՝ վրաններից մեկում ցուցարար է մահացել, մենք, այսինքն՝ մենք, ոչ թե ընդդիմության կամ իշխանության լրատվամիջոցները, գրեցինք, որ կողմերին կոչ ենք անում, խորհուրդ ենք տալիս, որ գոնե այս մահացածի թեման չշահարկվի: Քաղաքական դիվիդենտներ քաղելու համար այլ թեմաներ կան: Ով էր այդ մահացածը, չգիտեինք, ասում էին՝ հանկարծամահ է եղել, պետք էր ընդունել ի գիտություն, ափսոսանք հայտնել, անցնել առաջ:

Բայց ի՞նչ արեցին. բռնեցին, թեման շահարկեցին, ընդդիմադիր գործիչները՝ իրար հերթ չտալով, գրում էին, թե այդ մարդու մահը Նիկոլի խղճին է, Նիկոլի հերթական զոհն է, չդիմացավ հողատուի հողատվական, դավաճանական քաղաքականությանը, մեռավ: Չենք հիշում, ով էր գրել՝ Աշոտյանն էր, Շարմազանովը, թե՝ ով, բայց մեկը գրել էր, թե զոհվեց մարտական պոստում: 

Ոստիկանությունն էլ հայտարարեց, որ այդ մարդը մահացել է... այնտեղ ինչ-որ խուճուճ տերմիններ էր գրել, բայց ժողովրդական լեզվով ասած՝ «պերեդոզից»: 

Ահավասիկ, ընդդիմության հերթական նվերը իշխանությանը: Հիմա սոցցանցերում կարդում ենք, փողոցներում լսում ենք, մարդիկ ասում են. փաստորեն, Ֆրանսիայի հրապարակում վրաններում իրիգունները նարկամաններ են հավաքվում, ծակվում, եսիմ ինչ անում: Արդյունքում, ընդդիմությունը ստացավ քարոզչական հերթական ապտակը: Մի ուրիշ ձևով խայտառակ եղավ: 

Ու այսպիսի դրվագները լիքն են, որոնք զրոյացնում են ընդդիմության բոլոր մտադրությունները: Ինչքան էլ դրանք ազնիվ հնչեն: Իմիջիայլոց, այս ընդդիմության շարքերում որոշ քանակությամբ մեդիափորձագետներ կան, փղի դեմքով բլոգերներ, էս չե՞ք դուք: Ո՞ւմ եք պետք, եթե չեք կարողանում մի փոքր գրագետ քարոզարշավ կազմակերպել: 

Էն պապիկներին ծեծելու, փողոցներում մարդկանց վրա հարձակվելու մասին չենք խոսում: 

Ու այսքանից հետո, ընդդիմության բազմաթիվ կարկառուններ՝ վհատվելով այն փաստից, որ մի միլիոն մարդ իրենց չի միացել, ասում են՝ դե, ինչ անենք, ժեխ ժողովուրդ է: Հիմա ժեխը ժողովո՞ւրդն է, թե՞ դուք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3253 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ