...

Պիցցայական խաղեր

Պիցցայական խաղեր

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով նախօրեին «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած դեպքին, լրատվամիջոցներից մեկին ասել է. «Նախ սկսենք նրանից, որ ես այդ անձին չեմ ճանաչում։ Երկրորդ. կա մի կարևոր հարց, որի պատասխանը չունենալու դեպքում մնացած հարցերի պատասխանները կարող են խնդրահարույց լինել։ Խոսքս այս մասին է՝ նշված անձը հոգեպես առո՞ղջ է, թե՞ ոչ, ադեկվա՞տ է, թե՞ ոչ։ Եթե ադեկվատ է, պարզենք իր մոտիվացիաները, քննարկենք, եթե ադեկվատ չէ, ուրեմն թող համապատասխան մասնագետներն իրենով զբաղվեն։ Այդ դեպքում ես մեկնաբանելու ոչինչ չունեմ»։

Հիշեցնենք, որ 1987 թվականին ծնված Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» հյուրանոց, որտեղ տեղակայված են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, նաև նրա հետ փոխկապակցված լրատվամիջոցների խմբագրություններ, կրակոցներ արձակել և պահանջել հանդիպում Վիկտոր Սողոմոնյանի հետ։ 

Դեպքից հետո հայտնի դարձավ, որ Արթուր Թորոսյանը Ռոբերտ Քոչարյանի կողմնակից է, նրա ֆեյսբուքյան էջում գրառումներ կան՝ ի պաշտպանություն Քոչարյանի։ Նրա ընկերների շարքում ևս Քոչարյանի աջակիցներ ու նախկին համակարգի ներկայացուցիչներ կան։ Ըստ որոշ տեղեկությունների, այս շրջանակներին պատկանող որոշ մարդիկ էլ ժամանակ առաջ Արթուր Թորոսյանին հեռացրել են իրենց ընկերների ցուցակից, ինչից կարելի է հետևություն անել, որ ինչ-որ հարցի շուրջ որոշակի անհամաձայնություններ են առաջացել նրանց միջև։ Թե ինչ անհամաձայնություններ, կարելի է միայն ենթադրել։ Չէ, չէ, ամենևին նկատի չունենք պիցցայական բնույթի անհամաձայնությունները։

Վիկտոր Սողոմոնյանը, իհարկե, ամեն կերպ փորձում է հերքել Արթուր Թորոսյանի կապը իրենց հետ։ Վերը բերված խոսքում, սակայն, իրենից անկախ, Վիկտոր Սողոմոնյանը մի շատ խորհրդանշական արտահայտություն է անում։ Ասում է՝ այդ անձը արդյո՞ք ադեկվատ է։ Այստեղ շատ կարևոր է ադեկվատ բառը։ Անմիջապես մտքիդ է գալիս Ադեկվատ անվանումով կուսակցություն-շարժումը, որը Ռոբերտ Քոչարյանի ու մերժված կոռուպցիոն համակարգի ջերմեռանդ պաշտպաններից ու հետևորդներից է և իր գործողություններում աչքի է ընկնում ագրեսիվ վարքով, բռնության կոչերով, անադեկվատ քայլերով։

Այս իմաստով հատկանշական է, որ Վիկտոր Սողոմոնյանը հիշյալ մեջբերման մեջ օգտագործում է նաև անադեկվատ բառը։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1968 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ