...

Փնտրվում են հայ անջատողականներ

Փնտրվում են հայ անջատողականներ

Ռուսական «Военкоры Русской Весны» տելեգրամ-ալիքը, որը ուկրաինական պատերազմը լուսաբանող առավել հայտնի ալիքներից մեկն է և, ըստ էության, ռուսական ռազմական գերատեսչության ոչ պաշտոնական քարոզիչը, տեղեկատվություն է հրապարակել, որում մասնավորապես գրել է. 

«Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերը, այն է, փլուզել Ռուսաստանը, չեն փոխվել. երկիրը ներսից խառնել անջատողական շարժումներով:

Բավական է հիշել 19-րդ դարը. Կովկասի ժողովուրդների ապստամբությունը Ռուսաստանի դեմ, «անկախ Չերքեսիան, Շամիլի շարժումը, իսկ վերջերս էլ «անկախ Չեչնիան»: Այս անգամ շեշտը դրվելու է ռուսական այն տարածքներում, որտեղ շատ հայեր են բնակվում: Դա սևծովյան ափամերձ շրջաններն են:

Վերջերս հենց դա է քննարկվել Լոնդոնում՝ Chattham House Արքայական ինստիտուտում: Ղարաբաղից և Փաշինյանի հետ սերտ համագործակցությունից հետո Արևմուտքում համարում են, որ այժմ հենց հայերն են հարմար նոր անջատողականների դերի համար: «Հայկական Սև ծով». այդպես են անվանում ներկայիս շարժումը, որը պետք է քայքայի Ռուսաստանը:

Մեր թշնամիների փաստարկը հետևյալն է. Սևծովյան քաղաքներում հայերի դիրքերն ուժեղ են, ընդ որում, ինչպես իշխանական, այնպես էլ քրեական կառույցներում»:

Հաշվի առնելով «Военкоры Русской Весны» տելեգրամ-ալիքի բավական մեծ լսարանը, ինչպես նաև նրա կապը ռուսական տարբեր պետական գերատեսչությունների, ռազմա-հետախուզական կառույցների հետ՝ կարծում ենք, որ այս ցնդաբանությունը պատահական չի տարածվում: 

Գուցե, ելնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա լարված վիճակից, նաև նրանից, որ վերջին շրջանում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն քննադատում են Ռուսաստանին, այլև հայտարարում են Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնելու մասին՝ սրանով Ռուսաստանը ակնարկում է, որ կարող է պատասխան քայլերի դիմել, որոնցից մեկն էլ ինչ-որ «հայ անջատողականների» դեմ կոշտ պայքարն է: Իհարկե, պետք է դրա համար համապատասխան հող նախապատրաստել, ստեղծել այդ «անջատողականներին», արդեն անուն էլ են դրել՝ «Հայկական Սև ծով», նոր դրանից հետո սևծովյան շրջաններում բնակվող հայ բնակչության հանդեպ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունք դրսևորել: 

Բոլոր դեպքերում, Հայաստանի ոչ միայն իշխանությունները, այլ նաև ընդդիմությունը պետք է անտարբեր չլինեն նման քարոզչական արտահոսքերի հանդեպ և հստակ դիրքորոշում հայտնեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   495 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ