...

Պոետը կարող էր մի քիչ զգույշ լինել և ժողովրդի անունը չտալ

Պոետը կարող էր մի քիչ զգույշ լինել և ժողովրդի անունը չտալ

Բանաստեղծ, հասարակական գործիչ, Քոչարյանի երբեմնի խորհրդական, դաշնակ Ռազմիկ Դավոյանը ֆեյսբուքի իր էջում Քոչարյանին ուղղված Ամանորի և Ս. Ծնունդի շնորհավորական նամակ է գրել: 

Ինչպես ինքն է ասում, կարճ ժամանակ լինելով Քոչարյանի կողքին և տեսնելով նրա նվիրվածությունը երկու հայրենիքներին և ժողովուրդներին՝ դաշնակ պոետն ասել է.«... Մեր ժողովրդին անշնորհակալ կամ ապերախտ չեմ կարող ասել, որովհետև տևական կարիքների մեջ է և ականջը սրած սպասում է, որ այդ կարիքները փարատողը գա, բայց միշտ էլ խաբված է մնում՝ սուտ ու կեղծ խոստումների հեղեղի մեջ, ինչպես պատահեց այս անգամ ևս՝ ճիշտ անկախության առաջին իշխանության նմանությամբ...»:  

Այնուհետև իր երբեմնի շեֆին վստահեցրել է, որ ժողովուրդն այսօր հայացքը շրջել է Քոչարյանի կողմը և ասել է. «...Երկար հակված չի կարող մնալ սեփական սխալը գիտակցող ժողովրդի գլուխը, և վստահեցնում եմ Ձեզ, որ այսօր իսկ հայացքը շրջել է Ձեր և Ձեզ նման սակավաթիվ մարդկանց կողմը, ովքեր կարող են և պիտի ավերողների ավերածը վերաշինեն, խաբկանքի գայթակղության ամոթը սրբեն երեսից: Ամեն տառապանք պետք է իր հատուցումն ստանա, ամեն սուտ ու կեղծիք ստանա իր արժանի պատիժը...»: 

Փորձենք հասկանալ, թե որ ժողովուրդն է շրջվել Քոչարյանի նման սակավաթիվ մարդկանց կողմը։ Այն, որ քոչարյանների նմանները սակավաթիվ են, հասկանալի է, բայց անհասկանալի է, թե որ ժողովուրդն է թեքվել Քոչարյանի և նրա նմանների կողմը։ Ամենայն հավանականությամբ, պոետը մեծ ցանկություն է ունեցել տոների կապակցությամբ իր երբեմնի շեֆի տրամադրությունը բարձրացնել, թե չէ իրականությունից հեռանում է, երբ նման բան է ասում մի մարդու մասին, որի մասին հանրությունը միանգամայն այլ կարծիք ունի, թե ինչպես է նվիրված եղել երկու ժողովուրդներին: Դա հրաշալի են գիտակցում թե՛ Քոչարյանը և թե՛ իր մերձավորները։

Բայց կարող էր Ռազմիկ Դավոյանը մի քիչ զուսպ լինել, հանգիստ թողնել ժողովրդին և ասել, թե ովքեր են շրջված Քոչարյանի և նրա նմանների կողմը։ Եթե պոետը խնայում է Քոչարյանին և չի ասում, թե ովքեր են Քոչարյանի կողմը շրջված, մենք չենք խնայում և ասում ենք, որ Քոչարյանի և նրա նմանների կողմը շրջված են պիցցայակերները, սակավաթիվ աջակիցներ։ Իհարկե, նրանց անունը «Վերնատուն» են դնում, թե դաշնակ Աղվանի ստեղծած «Նախաձեռնող խումբ», դրանից ոչ որակ է փոխվում և ոչ էլ քանակ, նույն մարդիկ են։ Հա, օրեր առաջ էլ 60 մշակույթի գործիչների անուններ էին հրապարակել, թե ուզում են Քոչարյանի խափանման միջոցը փոխել, ինչը վերջում զավեշտի էր վերածվել։ Տեքստի տակ ստորագրողներից շատերը հրաժարվում էին, որ իրենք նման տեքստի տակ են ստորագրել, իսկ Աշուղ Ոսկեհուրը, որի անունն էլ է եղել ցուցակում, «Մեդիալաբին» ասել էր, որ ինքը նույնիսկ բաց նամակ է պատրաստել և պատրաստ է եղել նամակը հրապարակելու ու իր անհամաձայնությունը հայտնելու, թե ինչպես է իր անունը հայտնվել Քոչարյանի աջակիցների ցուցակում և մեկ ժամ բանակցելուց հետո, պայմանով, որ Աշուղ Ոսկեհուրը չհրապարակի մամուլում  իր բաց նամակը, նոր անունը ցուցակից հանել են։ Ահա այսպիսի տառապանքով խեղճ Աշուղը կարողացել է փրկել իր անունը։ Այս և նման բաների ականատեսն է լինում հանրությունը, այդ թվում՝ նաև Ռազմիկ Դավոյանը, ուստի պոետը կարող էր մի քիչ զգույշ լինել և ժողովրդի անունը չտալ։ 

Իսկ հիմա դառնանք պոետի մտահոգություններին՝ «ամեն տառապանք պետք է իր հատուցումը ստանա, ամեն սուտ ու կեղծիք ստանա իր արժանի պատիժը»։ Անհնար է առարկել պոետին։ Իհարկե, անհնար է մոռանալ Քոչարյանի ղեկավարման տարիները։ Անհնար է մոռանալ Կենտրոնի բնակիչների տառապանքները, թե ոնց էին ունեզրկվում և փողոց շպրտվում, անհնար է մոռանալ Մարտի մեկի անմեղ զոհերին, անհնար է մոռանալ, թե ոնց հաղթողական զբաղեցրեց նախագահի աթոռը և Ղարաբաղի հակամարտության լուծումը տարավ փակուղի։ Այո, ընկեր Ռազմիկ, հատուցման ժամն է և մարդկանց ունեզրկելով Հյուսիսային պողոտա կառուցելը չի նշանակում վերաշինել։ Իսկ Ռազմիկ Դավոյանին ոչ ոք իրավունք չի տվել ժողովրդին գնահատական տալու և չի էլ մանրամասնում, թե ժողովուրդը ինչո՞ւ է այդքան տևական ժամանակ եղել կարիքների մեջ և ականջը սրած սպասում, որ այդ կարիքները փարատողը գա, բայց միշտ էլ խաբված է մնում՝ սուտ ու կեղծ խոստումների հեղեղի մեջ, ինչպես պատահեց այս անգամ ևս՝ ճիշտ անկախության առաջին իշխանության նմանությամբ։ 

Անկախության առաջին իշխանությունը հրաշալի է կատարել իր առջև դրված խնդիրները՝ անկախ պետականության հիմքն է դրել, կանոնավոր բանակ է ստեղծել, պատերազմում հաղթանակ է գրանցել և հաղթական զինադադար կնքել։ Եթե չլիներ 1998-ի պալատական հեղաշրջումը, կապրեինք միանգամայն այլ երկրում, Ղարաբաղի խնդիրը լուծված կլիներ, ժողովրդի կարիքները փարատված կլինեին, և տեղ չէին ունենա սուտն ու կեղծիքը։ Ժողովուրդը ամենևին էլ խաբված չի զգում, ինքն է ընտրել իր իշխանությունը, իհարկե, սխալներ անում են, բայց իշխանությունները հանցագործություններ չեն անում։ Սխալներն ուղղել կարելի է։ Իսկ հանցագործությունները պետք է պատժվեն։ Ոճիրը պատիժ է ենթադրում։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2286 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ