...

ՔՊ վարչության քաստինգ ԱԺ-ում

ՔՊ վարչության քաստինգ ԱԺ-ում

Լենան ֆինալում է 

Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում առաջիկայում նոր վարչություն պետք է ընտրվի։ Հիմա քաստինգ է հայտարարված վարչության տեղերի համար։ Դրա համար այս օրերին շեֆին ավելի բոցաշունչ սատարումների ականատեսն ենք լինելու, խորհրդարանական ընդդիմության հասցեին ավելի դաժան քննադատություն ենք լսելու, դե, զոհված ծնողների թեման էլ կա ու կա։ Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանի ելույթը։ Ահագին երկար խոսեց ՄԱԿ նստաշրջանում Քենիայի ներկայացուցչի ելույթից, որից այնքան էր տպավորվել տիկին Նազարյանը, որ ելույթը թարգմանել ու աֆրիկացի գործընկերոջն էր նախընտրել մեջբերել։ Սրա մասին դեռ կխոսենք, բայց հիմա անդրադառնանք պատգամավորի հետևյալ դիտարկումներին՝ ընդդիմությունը պսևդո ընդդիմություն է, քաղաքացիական հասարակությունը զարմանալի կեցվածք ունի, քանի որ «աներկբա պահանջ» կառավարությանը չի ուղղել, թե գնացեք և կնքեք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, փակեք պատերազմի էջը, գնացեք լուծումների։ Եվ ահա այս ֆոնին քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների շրջանակում խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս: «Սա շատ աննորմալ և տարօրինակ երևույթ է։ Որպես կանոն հակառակն է լինում, որպես կանոն ավելի առաջադիմական լինում են ընդդիմությունը և քաղաքացիական հանրությունը։ Բայց ինձ միշտ հուսադրում է այն, որ քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ես տեսնում եմ, որ խաղաղության օրակարգը ունի շատ լայն հանրային կոնսենսուս։ Եվ ես նույնպես միանում եմ այդ հանրային կոնսենսուսին, հայտնում եմ իմ աջակցությունը վարչապետին, արտաքին գործերի նախարարին և իր աշխատակազմին և ամբողջ Կառավարությանը՝ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու վճռական և աներկբա պահանջով»,- ամփոփել է Նազարյանը։

Իսկապես տարօրինակ ու աննորմալ երևույթ է, որ քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը, ասել է թե՝ էլիտաները, չեն վստահում խաղաղության այսօրվա օրակարգին, իսկ քաղաքացիները, ենթադրվում է՝ մարզային բնակչությունը, և զոհվածների հարազատները, ենթադրվում է՝ այն 70 հոգին, որոնք մասնակցում էին Աննա Հակոբյանի միջոցառմանը, լրիվ գծի մեջ են։ Իշխանությունն էլ էնքան առաջադեմ է, որ թքած ունի էլիտաների զգուշացումների ու մտահոգությունների վրա, փոխարենը գործընկեր է հռչակել պողոսներին և այն որդեկորույս ծնողներին, որոնց մանիպուլացրել է, թե պետք է հենց մենք մնանք իշխանության, որ սոցիալական փաթեթները շարունակություն ունենան։ Իմիջիայլոց, մարդկանց մի տեսակ կա, հնարավոր է՝ հոգեկան հիվանդության հակվածությամբ, որ անկախ իր կամքից ստում է։ Հետո այդ սուտն այնքան է կրկնում, որ իրեն թվում է, թե դա իրականություն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները նույն վարքն են ցուցաբերում։ Երկիր կործանելու անունը դրել են խաղաղության օրակարգ, այնքան են կրկնել այդ սուտը, որ հիմա խորապես վստահ են, որ խոսքը իրականում էլ խաղաղության մասին է։ Կարճ ասած՝ պաթոլոգիա։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1528 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ