...

Սահմանադրական բարեփոխումները՝ համառոտ

Սահմանադրական բարեփոխումները՝ համառոտ

Հաշվի առնելով ՀՀ գործող Սահմանադրության՝ Սերժ Սարգսյանի վրայով կարված լինելու հանգամանքը և ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մեծապես կարևորելով իշխանությունների գործունեության թափանցիկության ապահովման հրամայականը, առաջարկում ենք սահմանադրական բարեփոխումների մեր տարբերակը։ Եվ այսպես։

Հոդվ․ 1․ Հայաստանի Հանրապետությունը համարվում է ինքնիշխան, ժողովրդավարական, ազատական պետություն, քանի դեռ հակառակը չի ապացուցվել ՀՀ գործող իշխանությունների ստորագրած միջազգային համաձայնագրերով և (կամ) ՀՀ վարչապետի գործողություններով։

Հոդվ․ 2․ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով։ Ընտրությունների արդյունքները համարվում են պետական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն։

Հոդվ․ 3․ Ընտրությունների արդյունքների հրապարակման ցանկացած պահանջ գնահատվում է որպես պետական գաղտնիքի հրապարակման, և հետևաբար՝ պետականության հիմքերի խարխլման փորձ։

Հոդվ․ 4․ ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, կառավարության անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց կեցության, տեղաշարժի, կերակրման և այլ ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարմանն ուղղված ծախսերը համարվում են պետական գաղտնիք։

Հոդվ․ 5․ ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերի, ինչպես նաև սահմանված տույժերի ու տուգանքների հիմքերը համարվում են պետական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն։ 

Հոդվ․ 6․ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության, ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի և հիմնարար իրավունքների երաշխավորման համար՝ բացի այն դեպքերից, երբ չեն ցանկանում պատասխանատվություն կրել։

Հոդվ․ 7․ ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցողները պարտավոր են․

 Ա․ Մասնակցել ընտրություններին և ընդունել դրանց՝ իշխանությունների կողմից բանավոր կերպով ներկայացված արդյունքները,

 Բ․ Ժամանակին վճարել տույժերն ու տուգանքները,

 Գ․ Հայհոյել նախկին իշխանություններին,

 Դ․ Նահատակվել,

 Ե․ Վերածնվել՝ ոչ ուշ, քան կառավարության համապատասխան կոչին հաջորդած երեք աշխատանքային օրվա ընթացքում,

 Զ․ Իրականացնել կառավարության կողմից սահմանված այլ գործառույթներ։

Հոդվ․ 8․ Կառավարության կողմից սահմանված այլ գործառույթների տրամաբանությունը համարվում է պետական գաղտնիք, իսկ դրա բացահայտման ցանկացած փորձ՝ լրտեսական գործունեություն։

Հուսով ենք՝ բարեփոխումների սույն փաթեթը կընդունվի համաժողովրդական հանրաքվեով և հոդվ․ 2-ի սահմանած ընթացակարգով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3002 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ