...

Սեփական և օտար «զոնտիկների» տարբերությունը

Սեփական և օտար «զոնտիկների» տարբերությունը

Նախօրեին Արցախի պետնախարարը հայտարարել է, թե չի պատկերացնում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել, բայց հայտարարության շուրջ աղմուկ է բարձրացել, և ժամեր անց նա ստիպված է եղել խմբագրել իր խոսքերը՝ բացատրելով, որ դրանք «ոչ միանշանակ են ընկալվել»։ 

Սա «հայի հետին խելքի» հերթական դրսևորումն է։ Ուրիշ բան, եթե 1997-ի աշնա՛նը Արցախում գտնվեր թեկուզ մի բարձրաստիճան պաշտոնյա, որը համարձակություն կունենար հայտարարել, թե չի պատկերացնում, որ Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել։ Բայց այն ժամանակ ԼՂՀ-ում այդպիսի պաշտոնյան չգտնվեց (ԼՂՀ փաստացի իշխանություններն արդեն Երևանում էին), և «պաշտոնական Ստեփանակերտը» համարեց, որ կարելի է արհամարհել Արցախի անվտանգության միակ իրական երաշխավոր Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և փոխարենը պարտադրել սեփականը՝ հակառակ դեպքում սպառնալով պատանդ պահել Արցախում ծառայողներին ու «շաբաթը մի բեռնատար դիակ ուղարկել»։ Հիմա՝ 26 տարի անց, բոլորովին այլ իրավիճակ է, և Հայաստանի ու Արցախի իշխանությունների դիրքորոշումների միջև տարբերությունը միանգամայն հասկանալի է․ Նիկոլ Փաշինյանը հույս ունի Արցախը զոհաբերելով փրկել Հայաստանը, իսկ Արցախը չի ուզում ու պարտավոր էլ չէ համաձայնվել զոհաբերվել։ Այսօր Արցախի անվտանգության փաստացի երաշխավորը ոչ թե Հայաստանն է, այլ Ռուսաստանը (հուսալի, թե չափազանց խախուտ՝ այլ հարց է), հետևաբար՝ այսօր շատ ավելի կարևոր է, որ Արցախի և Ռուսաստանի՛ դիրքորոշումներում էական հակասություններ չլինեն։ Որովհետև չի կարելի գլխավերևում ընդամենը մի կիսաքրքրված հովանոց ունենալ ու անընդհատ «մուննաթ գալ» դրա տիրոջ վրա։ 

Իսկ «նոր հովանոց» գտնելու փորձերից առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչպես են պատկերացնում Արցախի անվտանգությունը դրա պոտենցիալ տերերը։ Սկսենք նրանից, որ ինքնորոշման իրավունքի մասին Գերմանիայի կանցլեր Շոլցի խոսքերը պաշտոնական տեքստից հանելու շուրջ բարձրացած քարոզչական աղմուկի ներքո երկրորդ պլան մղվեց նրա արտահայտած ամենակարևոր միտքը՝ որ հայ-ադրբեջանական հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է։ Այսինքն՝ այսպես շարունակվել չի կարող, հարցը պիտի արագ կարգավորվի։ Իսկ ինչպե՞ս է Արևմուտքը պատկերացնում այդ կարգավորումը կոնկրետ Արցախի մասով։ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հայտարարում է, թե Լաչինի ճանապարհով փոխադրումների առումով թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն իրավաչափ է (նկատենք, որ այդ «գաղափարի» հեղինակն Ադրբեջանն է, ընդ որում՝ «թափանցիկությունն» էլ անցակետ տեղադրելով իրենք պիտի ապահովեն, թեև նոյեմբերի 9-ի փաստաթղթում այդ մասին խոսք չկա), ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էլ հայտարարում է, թե Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների՝ զրոյական արդյունքով և վերջնագրով ավարտված հանդիպումը գնահատում է որպես «խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղը ներառելու» ապացույց և լավատեսություն ներշնչող քայլ։ 

Ուշադրություն դարձրեք՝ սա լիովին համահունչ է Արցախի ապագայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներին։ Եթե պաշտոնական Ստեփանակերտն էլ է համաձայն՝ խնդիր չկա, այնտեղ կարող են հայտարարել, որ իրենց և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումների միջև որևէ տարբերություն չեն պատկերացնում։ Իսկ եթե համաձայն չեն՝ պիտի աշխատեն նրանց հետ, ովքեր այսօր լավից-վատից ապահովում են իրենց հարաբերական անվտանգությունը։ 

Եվ ոչ թե 25 տարի առաջվա նման գործեն «եթե ուզում ենք գրավել Բաքուն՝ նախ պիտի Երևանը գրավենք» սկզբունքով։ Առավել ևս, որ «Երևանից» բան չի մնացել, այդ թվում՝ նաև 25 տարի առաջ «նախ Երևանը գրավելու» պատճառով։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ