...

Շառից ու Աղազարյանից հեռու

Շառից ու Աղազարյանից հեռու

Այսօր Երևանի Տիգրանյան փողոցում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ: Վերջինս տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է։ 

Դեպքի վերաբերյալ պատգամավորը «Առավոտին» պատմել է. «Առավոտյան գործի գալիս նկատեցի, որ Տիգրանյան փողոցի երթևեկելի հատվածի վրա կանգնած մեքենան կարտոֆիլ է վաճառում: Կայանեցի մեքենան, մոտեցա մեքենային, մեջը մարդ չգտա, այս ու այն կողմ էի նայում, մեկ էլ մի քաղաքացի մոտեցավ՝ բա ի՞նչ է եղել: Հարցրի՝ ինչո՞ւ եք այստեղ վաճառում, բա թե լավ եմ անում, ձեր ի՞նչ գործն է: Երբ ներկայացա, որ պատգամավոր եմ, ինձ թե բա սենց, սենց, քաշքշուկի ժամանակ մի մեշոկ կարտոֆիլը թափվեց: Վիրավորական խոսքեր, էդքան բան:

Ինքը և իր նմանները այն տզրուկներն են, որոնք ծծում են հասարակ ժողովրդի և շարքային քաղաքացու ֆիզիկական արյունը, հոգեբանական արյունը, նյութական արյունը, հանգստի արյունը»:

«ՉԻ». Էս էն դեպքն է, որ ասում են՝ շառն իր ոտով եկավ, կպավ: Հովիկ Աղազարյանին պետք է պարգևատրել «Հասարակ ժողովրդի և շարքային քաղաքացու ֆիզիկական արյունը, հոգեբանական արյունը, նյութական արյունը, հանգստի արյունը ծծողների դեմ հերոսական պայքար մղելու համար մարտական 1-ին աստիճանի» շքանշանով: 

Ովքեր չգիտեն, ասենք, որ Տիգրանյան փողոցը հաճախ անվանում են «կարտոշկի փողոց», քանի որ այնտեղ անհիշելի ժամանակներից կարտոֆիլ են վաճառում: Այս տարիների ընթացքում ինչ-որ չենք հիշում, որ այնտեղ կարտոֆիլ վաճառողները փողոց փակեին: Ու հենց Հովիկ Աղազարյանի այդտեղով անցնելիս նման բան է եղել:

Այսինքն՝ Հովիկ Աղազարյանը մինչև հիմա կույր է եղել, չի տեսել, թե ինչպես են հարյուրավոր մեքենաներ Երևանում կայանում մայթերին, փողոցի մեջտեղը, որտեղ խելքները փչի, հենց լուսացույցի տակ, ընդ որում՝ ժամերով, ու դրա պատճառով հսկայական խցանումներ են առաջանում: Ամեն օր է դա, ու գոնե մի անգամ ՔՊ-ական պատգամավորը դա չի տեսել, որևէ մեկին նկատողություն չի արել, էսօր թե ոնց եղավ, տեսավ, օրինապաշտ մարդու ջիղը մեջն արթնացավ: Մենք խոստանում ենք, որ պարբերաբար արգելված վայրերում կայանված, փողոց ու մայթ փակած մեքենաներ ենք լուսանկարելու ու Հովիկ Աղազարյանի համար հրապարակելու, որ գնա, դրանց հարցերը լուծի:

Հետաքրքիր է, Հովիկ Աղազարյանն ինչքա՞ն հերոս է զգում իրեն, որ կարտոֆիլ վաճառողին ձերբակալել է տվել: Մի հատ էլ անունը դնում է ժողովրդի արյունը ծծող: Հիմա ասել էինք, հա...

Հ.Գ. Էս դեռ մենակ մեքենաների մասին ենք խոսում, բա էն որ Երևանում շենքեր, շինություններ են տնկում՝ փողոց փակելով, մայթեր գրավելով... սրա մասին ՔՊ-ականներին բան չասեք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ