...

Շնորհավորելը ճիշտ էր, շտապելը՝ սխալ

Շնորհավորելը ճիշտ էր, շտապելը՝ սխալ

Հայաստանի ցանկացած ղեկավար շնորհավորելու էր Բելառուսի ցանկացած նախագահի: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Հնարավոր չէ լինել միևնույն տնտեսական և ռազմական դաշինքում և չշնորհավորել:

Բայց անգամ շնորհավորելուց կարելի է այնպես շնորհավորել, որ արժանապատվությունը չտուժի: Շնորհավորել այնպես, որ մի կողմից չտուժեն հայ-բելառուսական հարաբերությունները, մյուս կողմից՝ եվրոպական գործընկերները հասկանան, որ Հայաստանը Տաջիկստան չէ:

Նիկոլ Փաշինյանը հաճախ է հանդիմանում Հայաստանի դեսպաններին, որ չկարողացան աշխարհին ճիշտ ներկայացնել մեր հեղափոխության կարևորությունը և ձեռքբերումները: Բայց նման քայլերով միջազգային հանրության համար հայկական հեղափոխությունն իսկապես կորցնում է իր արժեքը:

Նախ և առաջ պետք չէր շտապել: Չկա որևէ դիվանագիտական իմպերատիվ նորմ, որ պետք է շնորհավորել հենց հաջորդ օրը: Հանգիստ կարելի էր սպասել ևս երկու-երեք օր և շնորհավորել: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել էին ափալ-թափալ շնորհավորել, տեքստի մեջ կարելի էր մտցնել մեկ-երկու այնպիսի ձևակերպումներ, որոնք թույլ կտային պահպանել դեմքը: Օրինակ՝ Հայաստանը հավատում է, որ Բելառուսում կհարգվեն մարդու հիմնարար ազատությունները: Կամ՝ մենք հույս ունենք, որ իրավապահ մարմինները կհետաքննեն քվեարկության կասկած հարուցող բոլոր դրվագները:

Հայաստանի շնորհավորանքը պետք է մի փոքր տարբերվեր միջին Ասիայի պետությունների կամ Ադրբեջանի ղեկավարի շնորհավորական ուղերձներից: Դա ոչ միայն անհրաժեշտ էր Հայաստանի ղեկավարին դեմքը պահելու առումով, այլև նախ և առաջ աշխարհին բացատրելու, որ, այո, մենք միևնույն դաշինքում ենք, բայց ունենք տարբերություններ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման տեսանկյունից:

Հայաստանը ժողովրդավարություն արտահանելու ներուժ չունի, բայց պարտավոր է իրեն դիրքավորել իբրև ժողովրդավար երկիր: Ամեն ինչից զատ դա նաև շահեկան է Հայաստանի պետական շահերի տեսանկյունից:

Եթե անգամ Լուկաշենկոն մնա իշխանության, նա մոռանալու է, որ Փաշինյանը իրեն հենց հաջորդ օրը շնորհավորեց: Այդպիսին է նրա տեսակը: Նա տարիներ շարունակ Ռուսաստանից ստանում էր սրտի ուզածը, սակայն անհրաժեշտ պահին չէր խորշում սիրախաղեր անել Արևմուտքի հետ: Ինչ է, Լուկաշենկոն վաղը մերժելո՞ւ է Ալիևին զենք վաճառելը՝ հիշելով, որ Փաշինյանը իրեն շնորհավորել է:

Արիս Վաղարշակյան

Հ.Գ. Փաշինյանի արագ շնորհավորելը միայն մի դեպքում արդարացված կլինի: Եթե մոտ ապագայում պարզվի, որ Բելառուսը Հայաստանին կվաճառի Պոլոնեզ մակնիշի հրթիռներ՝ հետաձգված և շահավետ վարկային պարտավորությունների միջոցով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1017 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ