...

Շուշիի ապագան կախված է եղել մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Գարեգին Նժդեհը չէ

Շուշիի ապագան կախված է եղել մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Գարեգին Նժդեհը չէ

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին ձերբակալել ու մեղադրանք են առաջադրել։ Միքայել Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երևան գալու ճանապարհին։ «Իսկ ձերբակալումն իրականացվել է ըստ նիկոլական կրկեսի՝ դիմակներ, ահարկու կադրեր, «ուժեղ տղերք», ովքեր պատերազմի գլխավոր պատասխանատուի փոխարեն ում ասես չեն կալանավորել՝ զորամասերից խոհարարներից մինչև իրենց նշանակած ազգային հերոսներ»,- տեղի ունեցածի իր անդրադարձում գրել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ «Ձերբակալումից առաջ, նույնիսկ Արցախի առաջին դեմքին չեն ասել»։

Այսօր արդեն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ Միքայել Արզումանյանին նախկինում մի քանի անգամ ծանուցում է ուղարկվել, որ գա և ներկայանա նախաքննական մարմին, սակայն նա չի ներկայացնել, ինչի արդյունքում նախաքննական մարմինը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել ու Հայաստան գալու ճանապարհին ձերբակալել: ՀՀ քննչական կոմիտեն երեկ բավականին երկար ու մանրամասն անդրադարձել է մեղադրանքի էությանը․ ըստ հաղորդագրության՝ Արզումանյանը Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ «Ժողովուրդն» իր աղբյուրներին հղում անելով՝ հավելել է, որ Արզումանյանը քննիչի բոլոր հարցերին կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել, միայն վերջում ասել է, որ մեղադրանքը չի ընդունում։ 

Ըստ էության, պաշտոնական հաղորդագրությունը ընթերցելուց պարզ է դառնում, որ Արզումանյանն է հանձնել Շուշին։ Այսինքն մեկ մարդու պատասխանատվությունից, նրա կատարած-չկատարած հանձնարարություններից ու զինվորական հմտությունից է կախված եղել Շուշիի ճակատագիրը։ Կողքինները, և կամ Արցախի իշխանությունները, Հայաստանի զինվորական էլիտան ու գերագույն գլխավոր հրամանատարը բունկերներում նստած խոտ ուտելուց են եղել երևի։ Հետախուզություն, հակահետախուզություն, վերահսկող ստորաբաժանումներ, օպերատիվ իրավիճակ գնահատող-զեկուցող այլ կառույցների ներկայացուցիչները որտե՞ղ են եղել։

Նիկոլ Փաշինյանի բոլոր կարգախոսները իրականություն են դառնում։ Փաստորեն Շուշիի ապագան կախված է եղել մեկ մարդուց, և այդ մեկ մարդը եղել է Արզումանյանը։ Այդ մեկ մարդը ոչ Գարեգին Նժդեհն է եղել, ոչ էլ Ռեմբոն։ Արել է այն, ինչ կարողացել է։ Եվ նրա արարքն այնքան օրինաչափ է դիտարկվել, որ մինչ օրս մարդը շարունակել է աշխատել որպես Արցախի նախագահի գլխավոր խորհրդական։ Դժգույն պատմություն է՝ ոչ մեկին ոչինչ չտվող։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ