...

Սկանդալային պատմության շահառուները

Սկանդալային պատմության շահառուները

«Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակություն արած սփյուռքահայերին կոչ է արել լինել ուշադիր, հետևողական և տեսնել՝ արդյո՞ք իրենց ուղարկած գումարով Գյումրիում երկու նորակառույց շենքերի 36 բնակարանները հասել են հասցեատերերին։ «Ուզում եմ մի սկանդալային պատմություն պատմել։ Նախապես հոկտեմբերի 31-ին մարդկանց տվել են նորակառույց բնակարանների բանալիները, նկարել ռեպորտաժ, դա տարածել, բայց հետո մարդկանց ձեռքից նրանց բանալիները վերցրել են, և արդյունքում՝ կառուցված նորակառույցներում որևէ մեկը չի ապրում»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ երբ մարդկանց ձեռքից վերցրել են բնակարանների բանալիները, հիմնադրամից խոստացել են դրանք տալ մինչև դեկտեմբերի 25-ը։

Սփյուռքահայերը հետևողական լինել չեն կարող։ Դա տեխնիկապես գրեթե անհնար է։ Նրանցից հասնում է հանգանակել գումարն ու վերջ։ Եթե որևէ մեկն էլ սկսում է նման հարցեր բարձրացնել, անմիջապես լռեցնում են, թե դու դրսում քո համար ապրում ես, ներսի գործերին մի խառնվիր։ Հենց նաև այդ պատճառով ամենամյա գալա ընթրիքներին մասնակիցների թիվն այս տարի շեշտակիորեն նվազել է թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայի հայկական համայնքներում, հավաքված գումարի չափն էլ դրա վկայությունն է։ Հիմա ասում են՝ հետևողական եղեք։ Հետևողական լինել, նշանակում է այլևս չհանգանակել, իսկ սա լավագույն տարբերակը չէ։ 

Ուշադիր և հետևողական այս հարցում կարող են լինել հայաստանյան ոչ կառավարական կազմակերպություններն ու հասարակական կազմակերպությունները։ Դրանցից առաջ՝ ընդդիմությունը։ Արդեն երկու օր է, տիկնոջ այս հայտարարությունը հրապարակվել է, դրան որևէ գործողություն հետևե՞լ է։ Որևէ ընդդիմադիր գործիչ կամ պատգամավոր բարձրաձայնե՞լ է այս մասին։ Դատախազությունն ու իրավապահ մարմինները փորձե՞լ են օպերատիվ գործողություններ իրականացնել և հասկանալ՝ ինչն ինչոց է։ Վկայություն, կոնկրետ մարդիկ կա՞ն, որոնք պատրաստ են ներկայանալ ու հայտարարել, որ նման բան է տեղի ունեցել։ Չկան։ Ինչո՞ւ, որովհետև գործ անելը դժվար է, խոսելը՝ հեշտ, սփյուռքին կոչեր անելն էլ՝ պոպուլյար։ Եվ այնուամենայնիվ, պետք է պարզել՝ սա իրականությո՞ւն է, թե՞ ոչ։ Դեկտեմբերի 25-ը սարերի հետևում չէ, Գյումրին էլ իր տեղում է։ Այնպես որ «սեփական օրակարգի» շուրջ զառանցանքները մի պահ կարելի է դադարեցնել ու հետամուտ լինել, որպեսզի առնվազն 100 մարդ կարողանա Ամանորը նշանավորել բնակարանամուտով։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   784 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ