...

Սպանդանոցները պարապուրդում են

Սպանդանոցները պարապուրդում են

Բակային մորթը շարունակվում է

Թեև սպանդանոցային մորթը հուլիսի 1-ից պարտադիր է, բայց սպանդանոցները դեռ գրեթե չեն աշխատում: Անասնատերերը շարունակում են հրաժարվել սպանդանոցների ծառայություններից:

Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչ Վոլոդյա Մնացականյանը երինջներին վաճառել է, սակայն, սպանդանոցին չի հանձնել:

Անասնատերն ասում է՝ սպանդանոցները պարտադիր դարձնելը մեծ վնաս է քիչ քանակի անասուն ունեցողների համար. ստիպված պետք է լինեն իրենց մեկ-երկու գլուխ կենդանուն այնտեղ հասցնելու համար տեղափոխման ծախս անել և 5-ից 10 հազար դրամ վճարել սպանդանոցին ծառայության համար:

«Էլ էդ անասունից ինձ ի՞նչ կմնա, որ տանենք, իրենք թող գան, տանեն: Հիմա, որ տանեի Էջմիածնի սպանդանոց, պետք է ճանապարհածախսը ես տայի: Մասիսի սպադանոցում միայն ոչխար են մորթում, մոտիկը միայն Էջմիածինն է: Եթե սպանդանոցից էլ ես մարդ կանչում, որ գան, անասունին տանեն, էլի ճանապարհածախս են ուզում: Իմ կենդանին հիվանդ չի՝ առողջ է, անասնաբույժ ունենք, բոլոր պատվաստումները ժամանակին կատարվում են», - «ՉԻ» հետ զրույցում ասաց գյուղացին:

Պարտադիր սպանդանոցային մորթի մասին Կառավարության՝ դեռ 2016 թվականին ընդունված որոշման ժամկետները երեք անգամ հետաձգել են: Որոշումը պետք է ուժի մեջ մտներ այս տարվա հունվարի 15-ից: Ըստ դրա՝ գյուղացին չէր կարող իր բակում մորթել սեփական անասունն ու վաճառքի հանել: Այդուհանդերձ, անասնաբույծներն ու մսավաճառները բողոքեցին, թե չկա սպանդանոցների անհրաժեշտ քանակ, և որ իրենք էլ պատրաստ չեն անասունը սպանդանոց հասցնել:

Պարտադիր մորթը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը՝ պայմանով, որ այս թեմային այլևս չեն անդրադառնալու:

«Ասֆալտի վրայից միս վաճառելը և էն հակահիգիենիկ պայմաններում միս վաճառելը պետք է բացառվի Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Առաջվա պես են աշխատում

Մինչդեռ անասնատերերից շատերն այսօր առաջվա պես մսավաճառների ու միջնորդների հետ են աշխատում: Սպանդանոցներում դեռ դիմողների թիվն առանձնապես չի ավելացել:

Պարտադիր սպանդանոցային մորթին անցում կատարելուց հետո Արագածոտի մարզում կառուցված սպանդանոցի տնօրենն այլ կերպ էր պատկերացնում աշխատանքը, բայց հուսախաբ է եղել: Նրա խոսքով՝ խնդիրներ շատ կան, բայց թե ինչու չեն ամբողջ ծավալով գործում, չցանկացավ խոսել:

Խնդիրների մասին բարձրաձայնում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Հակոբյանը:

Նկատում է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մորթը չի ավելացել՝ գյուղացիները սպանդանոցի հետ չեն համագործակցում:

«Մենք էլ էինք այլ կերպ պատկերացնում, բայց այդպես չեղավ: Օրը 4-5 գլուխ մորթ ենք անում: Հանրապետությունում էլի նույն քանակությամբ միսը մորթվում է, ոնց առաջ է եղել, այդ նույն ձևով շարունակվում է՝ գյուղերում էլի բակերում են մորթ անում»,- ասաց Արսեն Հակոբյանը:

Ստուգումները լիարժեք չեն

Սպանդանոց կառուցելու համար մեծ ներդրումներ է արել: Սեփական անասնաֆերման և մորթի կետ կառուցելու համար 2 մլն դրամի ծախս է արել: Բանկից է վարկ վերցրել, բայց մտավախություն ունի, որ ներդրումները չեն արդարանալու:

Ժամանակի հարց է սպանդանոցային պարտադիր մորթին անցում կատարելը՝ անասնատերն ու սպանդանոցը դեռ միմյանց չեն վստահում, սպառողն էլ պետք է պահանջատեր լինի, որ գնած միսը բակում մորթված չլինի: Դեռ չունենք ցանկալի արդյունք, քանի որ իրացման ցանցերում ստուգումներն, ըստ գործարարի, մասսայական ու խստացված չեն: Նրա կարծիքով՝ խնդրի լուծումը պետք է սկսվի մսի վաճառքի կետերից:

«Մսավաճառներն իրենց գործը ոնց արել են, այնպես էլ շարունակում են անել: Գնում, էլի անասունն առնում են, և միսը հանձնում խանութներին: Այդ պահանջվող սպանդանոցային մորթը հավաստող անասնաբուժական ձև 5 փաստաթղթին շատ հետևող չկա, իրենք էլ ոնց ուզում, այնպես էլ աշխատում են: Շեշտը դրեցին սուպերմարկետների ու առևտրային խոշոր կետերի վրա, իսկ փոքր խանութները, որոնք շատ են և լավ էլ սպառում ունեն՝ մսի իրացումը ոնց ուզում, այնպես էլ կազմակերպում են»,- նշեց սպանդանոցի տնօրենը:

Գործ գրեթե չեն անում Գեղարքունիքի մարզի Վահան համայնքի սպանդանոցում: Շաբաթվա մեջ հազիվ մի 3-4 գլուխ անասուն մորթեն:

«Դեռ բակային մորթի տակ են, և միսն էլ ծախվում է առանց փաստաթղթի»,- նոր բիզնեսից դժգոհում է սպանդանոցի սեփականատեր Դավիթ Ղուլյանը:

Սպանդանոցը պատրաստ է ֆերմերներից մանր, խոշոր եղջերավոր կենդանիներ և խոզեր գնել, սակայն, դեռ բակային մորթը շարունակվում է:

Չի կարծում, թե կենդանուն իրենց չեն վաճառում ճանապարհածախսի պատճառով:

Նրա հաշվարկով՝ սպանդանոցային մորթի դեպքում գյուղացու ծախսը ընդամենը 3-4 տոկոսով է ավելանում, փոխարենը համոզված են լինում, որ անասունը լիարժեք ստուգված է, ու մորթը կատարվել է հիգիենիկ պայմաններում:

«Գյուղացին հիմա դրա համար շատ չնչին գումարներ է վճարելու: Էն ժամանակ կենդանու փորոտիքը, կաշին, գլուխը, ոտքերը մսավաճառներն էին տանում, իսկ ես դրանք սաղ թողնում եմ գյուղացուն: Էդ ամբողջը մինչև մի 25 000 դրամ գումար է կազմում: Առաջ էր գյուղացին տուժվում, սպանդանոցի դեպքում վնաս չի կրում»,- վստահեցրեց բիզնեսմենը:

Սպանդանոցներում պնդում են՝ երեք գլուխ կենդանուց ոչ պակաս թվաքանակի դեպքում մինչև 30 կիլոմետրը տեղափոխում են անվճար: Բայց փոքր թվաքանակի դեպքում իրենց էլ ձեռնտու չէ ճանապարհ կտրել, ծախս անել՝ բիզնեսն անշահավետ դարձնել:

Հարկային օրենքը՝ խոչընդոտ

Նոր ծաղկող գործի տերերը նկատում են, որ սպանդանոցային բիզնեսը ցանկալի պտուղները չի տալու հարկային օրենքի պատճառով: Կարծում են, որ օրենքը պետք է փոխվի, հակառակ դեպքում անառողջ մրցակցություն է լինելու:

«Բոլորը կամ վճարում են ավելացված արժեքի հարկ կամ չեն վճարում: Մեկը վճարում է, մյուսը՝ ոչ: Մեկն ասում է՝ իմը միկրոբիզնես է, ես չեմ վճարում, և միսը ծախում է 500 դրամ էժան, սուպերմարկետը վաճառում է 500 դրամ թանկ: Մսի համար ավելացված արժեքի հարկ կամ պետք է վճարեն բոլորը, կամ չվճարեն բոլորը՝ հենց այս օրենքը կարգավորվեց, սպանդանոցները կսկսեն ռեալ աշխատել»,- կարևորեց «Մսամթերքի նոր աշխարհ» սպանդանոցի տնօրենը:

Սպանդանոցի տերերի դժգոհության ապացույցը գտանք Արարատի մարզի համայնքներից մեկի խանութում: Տեղական տավարի միսն առանց ձև 5 փաստաթղթի էր վաճառվում:

Հավելենք, որ այսօր Հայաստանի ամբողջ տարածքում գործում է 59 սպանդանոց, որոնցից երկուսը՝ շարժական, կառուցման ավարտական փուլում են 15-ը, ներքին հարդարման ու սարքերի տեղադրման փուլում՝ 10-ը: Երկիր կներկրվի ևս 2 շարժական սպանդանոց: Հանրապետությունը 70-80 սպանդանոցի կարիք ունի:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1074 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ