...

Թղթե շերեփն ու աղամանը չմոռանաք

Թղթե շերեփն ու աղամանը չմոռանաք

Հայաստանում և Արցախում բոլորը շունչները պահած սպասում են ՄԱԿ ԱԽ որոշմանը՝ հույս ունենալով, որ դրա արդյունքում Ադրբեջանը կվերացնի Արցախի շրջափակումը։ Որոշում կլինի, թե ոչ՝ դժվար է ասել, բայց ապաշրջափակում՝ այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, հաստատ չի լինի։ Ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ արհամարհել ՄԱԿ ԱԽ «վճռական կոչերն» ու «հորդորները» (եթե այդպիսիք լինեն), այլ որովհետև, որքան էլ արտառոց հնչի, միջազգային ամենահեղինակավոր այդ կառույցում ըստ էության չհրապարակված կոնսենսուս կա, որ Արցախի շրջափակումը պետք է շարունակվի։ Հետևաբար՝ այդ նիստում աշխարհի ուժային բևեռները ձգտելու են ոչ թե վերացնել Արցախի շրջափակումը և կանխել աղետը, այլ միմյանց վրա բարդել դրա փաստացի ձախողման բարոյական պատասխանատվությունը։ 

Իսկ ինչո՞ւ է այդպիսի կոնսենսուս ձևավորվել։ Սկսենք Արևմուտքից։ Անվտանգության խորհրդի մշտական անդամների «արևմտյան թևի» նպատակը, բնականաբար, մեր տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղումն է, և ոչ թե Արցախը փրկելը։ Եթե որսորդները ցանկանում են սպանել նապաստակ ճանկած արծվին ու կրակում են նրա ուղղությամբ՝ միայն նապաստակի մտքով կարող է անցնել, թե դա արվում է հանուն իր փրկության, իսկ իրականում որսորդներն առանձնապես դարդ չեն անի, եթե փամփուշտներից մի քանիսն էլ նապաստակին դիպչեն։ Ռուսաստանին դուրս մղելու «Պլան Ա»-ն, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղություն պիտի հաստատվեր, արցախահայությունն էլ կամաց-կամաց պիտի «ինտեգրվեր» Ադրբեջանին ու վերանար, պարզվեց՝ այնքան էլ արդյունավետ չէ։ Նախ՝ դժվար է, երկրորդ՝ Արցախի դանդաղ հայաթափումը ենթադրում է, որ ռուսները դեռ տևական ժամանակ կմնան այնտեղ։ «Պլան Բ»-ն խնդրի ավելի կայծակնային լուծում է ենթադրում․ շատ արագ էվակուացնել արցախահայությանը և նոր պատերազմի սպառնալիքի ներքո ստիպել հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագիր» ստորագրել՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Արցախի շրջափակումը շարունակվի, որովհետև շրջափակման վերացման դեպքում «արագ էվակուացիան» հնարավոր չի լինելու։ 

Իսկ Ռուսաստանին շրջափակումը պետք է, որպեսզի 120 հազար մարդու սովամահության սպառնալիքով Հայաստանի իշխանություններին ստիպի «քարը փեշից թափել» ու պաշտոնապես իր վերահսկողությանը հանձնել ոչ միայն արտաքին սահմանները, այլև ռազմավարական բոլոր կոմունիկացիաները։ Այո, նրանք սառնասրտորեն սեղմելու են 120 հազար մարդու կոկորդը և անընդհատ նայելու են մեր աչքերի մեջ՝ «հը՛, հանձնվո՞ւմ եք, թե՞ շարունակենք»։ Շրջափակումը գոնե մեղմելու հարցում ռուսների անզորության մասին խոսակցությունները գրոշի արժեք չունեն։ Ինչպե՞ս է վարվում Ռուսաստանը, եթե, օրինակ, ինչ-որ տեղ Զիմբաբվեում իր քաղաքացիներն աղետի են ենթարկվում։ Ճիշտ է, անմիջապես ԱԻՆ ինքնաթիռներով տարհանում է, կամ՝ եթե ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չէ, մարդասիրական օգնություն է հասցնում։ Արցախում ոնց էլ լինի՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող 2-3 հազար հայ հաստատ կլինի։ Ի՞նչն է խանգարում, որ Ռուսաստանն ԱԻՆ ինքնաթիռներով կամ ուղղաթիռներով մարդասիրական օգնություն հասցնի Արցախում գտնվող իր քաղաքացիներին՝ թեկուզ Կրասնոդարից կամ Դաղստանից։ Ինչ է, Ադրբեջանը պիտի խոցի՞ ռուսական ինքնաթիռները։ Հաստատ չի խոցի, հետևաբար՝ խնդիրը ոչ թե Արցախի շրջափակումը գոնե մեղմելու անհնարինությունն է, այլ աննպատակահարմարությունը։ Չեն անում, որովհետև ձեռնտու չէ, ձեռնտու լիներ՝ կանեին։

Այնպես որ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում արդարություն փնտրել չարժե․ այնտեղ այդ «ապրանքից» ընդհանրապես չկա։ Ուրիշ բան, որ կարելի է և պետք է արդարության հաստատման իմիտացիայի թամաշան օգտագործել՝ «գետնի վրա» շատից-քչից ընդունելի լուծման հասնելու համար։ Բայց դրա համար մեզ առաջին հերթին ադեկվատ իշխանություններ են պետք, մինչդեռ մերոնք միայն ներքաղաքական թամաշաներից են հասկանում, իսկ դրսերում իրենք են դառնում ցանկացած թամաշայի ամենակոմիկական կերպարը՝ «միջազգային նորմերի շրջանակներում» վարունգ ուտելու ակնկալիքով աղամանը ձեռքերին վազվզելով հարթակից հարթակ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   482 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ