...

Տունն առել է, առանձնատունն առել է, փարոսիկներն էլ բոնուսով ժառանգել է

Տունն առել է, առանձնատունն առել է, փարոսիկներն էլ բոնուսով ժառանգել է

«Ռոմանոս Պետրոսյանի՝ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակվելուց հետո նրան սպասարկող 001 WW 01 պետհամարանիշով ծառայողական Toyota Camry ավտոմեքենան հաճախ կարելի է տեսնել դատարկ փողոցում առկայծող փարոսիկները միացրած երթևեկելիս։ Պարզվում է՝ ՊՎԾ ղեկավարի մեքենայի վրա առկայծող փարոսիկներ օրենքով չի թույլատրվում տեղադրել, այսինքն՝ Ռոմանոս Պետրոսյանին սպասարկող մեքենան անօրինական կերպով է սարքավորվել առկայծող փարոսիկներով։ Մինչև 2018 թիվը Աբովյանում բնակվող Ռոմանոս Պետրոսյանն իշխանության գալուց անմիջապես հետո շքեղ բնակարան է ձեռք բերել Երևանի Երազ թաղամասում և այնտեղ է բնակվում։ Եվս մեկ տուն էլ, ասում են՝ Ծաղկաձորում ունի»․ ահա այսպիսի փաստեր է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթը։ Պարբերականը նշել է նաև, որ Ռոմանոս Պետրոսյանը երթևեկում է «փաստացի անօրինական կերպով կապույտ և կարմիր փարոսիկներով կահավորված ավտոմեքենայով՝ ապօրինաբար արհեստական առավելություն ձեռք բերելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ»։ Թերթը պարզել է, որ փարոսիկները սեփական նախաձեռնությամբ այդ ավտոմեքենայի վրա տեղադրել է ՊՎԾ նախկին պետ Տիգրան Ուլիխանյանը։ Նա պատերազմի օրերին՝ 2020 թ․ հոկտեմբերին, նշանակվել էր ՊՎԾ ղեկավարի տեղակալ և պետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով ղեկավարում էր կառույցը, իսկ 2021 թ․ հունվարի 15-ին նշանակվել էր արդեն ծառայության ղեկավար։ Նույն տարվա դեկտեմբերին էլ ազատվեց պաշտոնից, որից հետո ՊՎԾ ղեկավար նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը։

Այստեղ են ասում՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Նրանք, ովքեր ամենից բարձրն էին մերժում կոռուպցիան, հովանավորչությունն ու ամենաթողությունը, առաջինը գայթակղվեցին։ Գայթակղվեցին՝ մոռանալով, թե ինչ ատելությամբ ժողովուրդը մերժեց նախկիններին հենց նմանօրինակ երևույթների համար։ Նախկիններն, ի դեպ, ի տարբերություն ներկաների, իրենց կապիտալը դանդաղ էին դիզել, պալատներ ու տներ կառուցել էին տասնամյակների «ծառայության» ընթացքում՝ իշխանության հետ սերտաճելու բնականոն ընթացքի մեջ։ Իսկ նորերը կամ հեղափոխականները նույն բանը ռեկորդային արագությամբ են անում։ Մի տեսակ չտեսության հոտ է գալիս այս ամենից։ Պատից կախ չտեսածները ճակատներից կախ են տեսել իշխանությունը և հիմա ինքնաիրացվում են մեծ արագությամբ՝ վախենալով, որ ժամանակը գուցե չհերիքի «կարգին դզվելու» համար։ Կամ՝ նախկինները չէին հավակնում ազնիվ ու անկաշառ երևալ, ասում էին՝ էս ենք, ուզեք-չուզեք, պիտի հանդուրժեք։ Ներկաները, սակայն, կարգավիճակի բարգավաճմանը զուգահեռ շարունակում են հրեշտակի դեմքով խոսել հեղափոխական արժեքներից, իրենց ազնվությունից, Հայաստանը օրենքի երկիր դարձնելու հաստատակամությունից։ Եվ սա ամենազզվելին է։ Ինչո՞ւ, որովհետև չի կարելի մարդկանց, որոնք իրենց պայքարով իշխանությամբ են օժտել նորերին, էշի տեղ դնել ու չքմեղանալ, թե ամեն ինչ կարգին է։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4129 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ