...

Վարչապետի բռնած դիրքը սխալ է

Վարչապետի բռնած դիրքը սխալ է

Երեկ իսկապես գժանոց օր էր: Առաջին հերթին, Հանրապետությունը ցնցեց Գավառում տեղի ունեցած ողբերգությունը, որի շուրջ կրքերը չեն հանդարտվում, հնարավոր է՝ այն շարունակություն ունենա, քանի որ ինքն իր հերթին շարունակությունն է տարիներ տևող «ռազբորկաների»: Պլյուս՝ խորհրդարանում Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի փոխադարձ «հրետակոծությունը»:

Բայց միաժամանակ երեկ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանի աստեղային ժամն էր: Վերջինս երեք գրառում կատարեց, որոնք մեծ արձագանք գտան սոցցանցերում և քաղաքական դաշտում: 

Նախ՝ մամլո խոսնակը հայտնեց, որ ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը: 

Հետո նշեց, որ վարչապետը մի քանի անգամ, այդ թվում՝ հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների: 

Վերջում էլ Մանե Գևորգյանը գրել էր. «Կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով»:

Սա՝ առաջին գրառումն էր: Երկրորդում վարչապետի խոսնակը պատասխանել էր Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությանը՝ «сам дурак» սկզբունքով:

Ամենահետաքրքիրը երրորդն էր, որը Մանե Գևորգյանն ինքն է նշում՝ այդ գրառումով թեման է ամբողջացնում:

Այսինքն, այս երեք գրառումները իրար հետ փոխկապակցված են: Խոսնակը գրել էր հետևյալը. «Վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։

Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ 

Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։

ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»:

Ի՞նչ կարելի է ասել վարչապետի խոսնակի գրառումների վերաբերյալ: Մի կողմ թողնենք, որ կառավարության խոսնակի մակարդակով Միքայել Մինասյանը ներկայացվում է որպես Սերժ Սարգսյանի փեսա: Այդպես մե՛նք կարող ենք գրել, բայց՝ կառավարության մակարդակով դա խիստ հազվադեպ և ընդհանրապես, ոչ խրախուսելի ոճ է: 

Բայց մեր ուշադրությունը այլ բան գրավեց: Եթե մի կողմ թողնենք Սերժ Սարգսյանի գրասենյակին ուղղված պատասխանը, ապա մյուս երկու գրառումներում պարտադիր կային հետևյալ գրառումները. «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով...», «Վարչապետը Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների», «Կառավարությունը տեղեկություններ ունի...», «Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն...», «Վարչապետի աշխատակազմի տվյալներով...», «ՀՀ վարչապետը ակնկալում է...»: 

Այսպիսի տերմինաբանությունը աննախադեպ է կառավարության մակարդակով: Եթե այդ արտահայտություններում «Վարչապետը» բառի փոխարեն լիներ «Հայկական ժամանակ», «Առավոտ» կամ «Չորրորդ իշխանություն» լրատվամիջոց, ապա կասեինք, որ հետաքրքիր բացահայտումներ են արվել, լավ լրագրողական նյութ է, սկանդալային հրապարակում է, սենսացիոն և այլն: 

Բայց ամենը կառավարության մակարդակով է հայտարարվում: Դա նոնսենս է: Դա վարչապետի, աշխատակազմի, կառավարության գործը չէ՝ հայտարարել, թե տեղեկություններ ունի, թե այս կամ այն անձը կոռումպացված է, կամ՝ Պողոսը թալանել է «իքս» գործարանը: Դա բացառապես իրավապահների գործառույթն է: Կառավարության գործը հանցագործությունների, չարաշահումների, կոռուպցիայի մասին տեղեկությունները, փաստերը իրավապահներին ներկայացնելն է, որպեսզի դրանց հիմա վրա քննչական մարմինները հետաքննություն իրականացնեն, մեղավորներին պարզեն, պատժեն:

Վարչապետի բռնած այս մարտավարությունը շատ սխալ ու վտանգավոր է: Նրան արդեն մեղադրում են անմեղության կանխավարկածը խախտելու մեջ: Վաղը որ այս հայտարարությունների հիման վրա քննություն սկսվի, դատավարություն, ասելու են՝ վարչապետի պատվերն են կատարում, ինչն էլ հետագայում կարող է միջազգային ատյաններում խնդիրներ առաջացնել:

Երկրորդ՝ այնպիսի տպավորություն է, որ այս հայտարարություններով վարչապետը իր անվստահությունն է հայտնում իրավապահ մարմիններին և որոշել է նախկինների հանցագործությունների մասին ունեցած տեղեկությունները վստահել ոչ թե իրավապահներին, այլ հանրությանը: Ինքը՝ Մանե Գևորգյանն է ասում, թե վարչապետը դժգոհ է տարբեր կոռուպցիոն դեպքերով ընթացող քննությունների ընթացքից: Դժգոհ է, թող կադրային փոփոխություններ իրականացնի: Ձեռքը ո՞վ է բռնել: Թող հանի գլխավոր դատախազին կամ ոստիկանապետին, ԱԱԾ պետին, նրան, ումից դժգոհ է: 

Վարչապետի տրամաբանությունը նման հայտարարությունների դեպքում անհասկանալի է: Պետության ղեկավարը բոլորովին այլ կեցվածք պետք է որդեգրի, թույլ չտա, որ իր անունը շահարկվի տարբեր քրեական գործերում: 

Մենք երեկ արդեն նշել էինք, որ Մանե Գևորգյանի այս հայտարարությունները սոսկ խոսքեր են, եթե ամրագրված չեն կոնկրետ քայլերով և արդյունքներով: Հիմա պետք է ասենք, որ այս հայտարարություններն ավելորդ են: Այդ մասին մենք պետք է տեղեկանայինք ոչ թե մամլո խոսնակից, այլ՝ դատախազությունից և քննչական մարմիններից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1831 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ