...

Վարչապետին արջի ծառայություն են մատուցում

Վարչապետին արջի ծառայություն են մատուցում

Վիճակագրության կոմիտեում վաղուց գեղանկարչություն է

Առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վիճակագրական տվյալներն է վկայակոչել և փաստել, որ 2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար՝ նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Իսկ նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ուրախանում է այս թվերով, բայց միևնույն ժամանակ հորդորում է զգուշավորությամբ մոտենալ հրապարակած ցանկացած թվի: Անցյալի փորձն է մեջբերում, երբ վերջին 2 տարիներին հրապարակվեցին թվեր, որոնք միմյանցից տարբերվում էին. խոսքը 50 000 աշխատատեղ ստեղծելու մասին է, իսկ ինչպես տարեվերջին պարզվեց՝ գործազրկության աճ ենք ունեցել:

«Վաղուց վիճակագրության հարցում գեղանկարչության լուրջ հիմքեր են դրվել: Այդ վարպետները մեկ իշխանություն չէ, որ փոխում են: Կառավարության ղեկավարը շատ զգույշ պետք է մոտենա դրան, որի համար պետք է բանիմաց խորհրդականներով շրջապատված լինի, որպեսզի կարողանան թվերը ճիշտ մեկնաբանել: Կան բազմաթիվ տնտեսագիտական խորամանկություններ՝ մի տեղ աշխատեղ է ստեղծվում, բայց զուգահեռ նաև փակվում, ինչի մասին չեն զեկուցում: Բալանսը պահանջում է, որ երկու կողմին էլ ուշադրություն դարձնեն: Մեզ պետք են բանիմաց մարդիկ: Վարչապետը պարտավոր չէ տնտեսագիտության նրբություններին ծանոթ լինել, բայց փոխվարչապետները, էկոնոմիկայի նախարարը չէի ցանկանա, որ բերանները ջուր առնեին՝ ամեն ինչին համաձայնելով: Ի վերջո, հարվածները գալիս են վարչապետի վրա, իսկ այդ շրջանակները չեն երևում: Չեմ տեսնում, որ մի համարձակ խոսք ասեն, նույն վարչապետի կեցվածքով «քյալա» տան: Պետք է օգնել, իսկ այն, ինչ հիմա արվում է՝ արջի ծառայություն է: Համավարակը դեռ չհաղթահարած՝ պետք է ձեռնպահ մնալ նման հայտարարություններ անելուց»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց տնտեսագետը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Թաթուլ Մանասերյանը 5 միջազգային գիտաժողովի է մասնակցել: Ծանոթացել է նրանց փորձին և հետևյալ դիտարկումներն է անում:

«Ոչ մի զարգացած երկիր անգամ այսօր չի կարող այդպիսի արտահայտություններ անել, որ իրենց հաջողվել է լավ ցուցանիշներ արձանագրել: Ընդհանուր առմամբ աշխարհն անորոշության մեջ է: Սա շատ օբյեկտիվ պատկեր է, և մենք այստեղ անձերի չենք կարող մեղադրել: Համավարակը խառնել է բոլորի խաղաթղթերը: Այստեղ կան նաև գլոբալ խնդիրներ: Փորձը ցույց տվեց, որ մեկուսի որևէ երկիր այս ճգնաժամից չի կարող դուրս գալ: Փորձագիտական շրջանակներում դա անվանում են կորոնատնտեսական ճգնաժամ, որոնք միախառնվել են, բայց մենք պետք է փորձենք տարանջատել ներքին տնտեսական խնդիրները կորոնավիրուսի բացասական ազդեցություններից: Մենք չենք կարող անվերջ ամեն ինչ վերագրել վիրուսին: Եթե մենք դա անենք, ուրեմն՝ այդ դեպքում հավատում եմ ասվածին»,- ասաց նա:

Որոշ ոլորտներում գործազրկությունն անխուսափելի է

Ճգնաժամը նաև շանս է: Հայտնված աղետի նախադրյալներն օգտագործելու նպատակով Մանասերյանը գործընկերների հետ տնտեսական զարգացման ծրագիր է ներկայացրել կառավարությանը: Առաջարկությանը կառավարությունը դեռ չի արձագանքել:

«Մեր ծրագիրը տեղ չի հասել: Այն պաշտոնական փոստը, որ տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում, պարզվում է, որ չի աշխատում: Պետք է ծանոթներ մեջ գցեմ, որ մեր առաջարկությունը դիտարկեն: Բոլորն իրենց ուժերի ներածին չափով պետք է մասնակցեն, օգնեն պետությանը»,- նշեց մեր զրուցակիցը:

Որոշ տնտեսագետների հաշվարկով՝ մինչև տարեվերջ գործազրկության թիվը հնարավոր է մոտենա 300 000-ի: Տնտեսագետի խոսքով՝ հիմա գործազրկության թիվը մոտ 200 000 է, ավելացման միտում էլ կա:

Ըստ նրա՝ որոշ ոլորտներում գործազրկությունն անխուսափելի է: Սրան զուգահեռ պետք է խթանել զբաղվածությունը: Այն կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում՝ լուծելով պարենային անվտանգության կարևորագույն հարցը:

«Մենք շատ ուշ արձագանքեցինք համավարակին: Անկախ վարակից՝ մենք պարտավոր ենք շատ ավելի շուտ գյուղացու կողքին լինել: Եթե կառավարության կողմից տրվող ծրագրերը նպատակային տրվեն, հասցեատեր ունենան անհատներով, ովքեր տասնամյակներով մասնագիտացել են գյուղատնտեսության որևէ ոլորտում, շատ խնդիրներ կլուծվեն: Պետք է գյուղացուն հարցնել, թե ինչ է իրեն անհրաժեշտ, որ կրկնապատկի իր բերքատվությունը: Օրինակ՝ պարարտանյութ, սերմացու, անվճար ոռոգման ջուր, որովհետև նրանք ոչ միայն իրենց գործազրկության հարցն են լուծում, այլև մի քանի հոգու աշխատատեղ են ապահովում: Նրանք պարենային անվտանգության հարց են լուծում՝ ոչ միայն դրսից ներկրումներ չեն լինի, այլև մենք կդառնանք ինքնաբավ: Այս դեպքում հասցեական կլինեն ծրագրերը: Եղածը, եթե ճիշտ օգտագործենք, մեզ մեծ օգուտ կբերի»,- մատնանշեց փորձագետը:

Մասնագետի դիտարկմամբ՝ այսպես ասած աշխատող աղքատների թիվը կրճատվել է՝ շնորհիվ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման: Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ աշխատող աղքատների թիվը պարտավոր ենք վերացնել: Դրանից հետո միայն կիրառել պարգևավճարները:

«Նախ, յուրաքանչյուրը վաստակում է իր աշխատավարձը, հետո որոշակի խնդիր լուծելու համար ստանում պարգևավճար: Մեր պետության մեջ կան մարդիկ՝ պորտաբույծներ, որոնք, առանց աշխատանքի գնալու, հավելավճարներ են ստանում: Մենք նույնիսկ մեկ այդպիսի օրինակ չպետք է ունենանք: Այդ դեպքում հանրության կողմից կընկալվի, որ պարգևավճարներն ըստ արժանվույնս բաժանվել են: Անվանական պետք է ասել, որ այս անձն, օրինակ, լուծեց պարենային անվտանգության խնդրի այս հատվածը: Պետք է ցույց տալ, որ այս մարդը սա արեց և պարգևատրվեց, դուք էլ արեք և ստացեք: Երբ ամեն ինչ խառնվում է իրար, այստեղ արդեն խնդիր ունենք»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ