...

Աշխատանք փնտրողների թիվն աճել է 5,8 %-ով

Աշխատանք փնտրողների թիվն աճել է 5,8 %-ով

Հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 87,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,8 %-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 3 %-ով։ Այս թվերը Զբաղվածության պետական գործակալության հրապարակած տվյալներն են:

Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 37.2 %-ը կամ 37.4 հազ. մարդ, նախորդ տարվա 28.7 հազ. մարդու փոխարեն:

Հարկ է նշել, որ նախորդ ամիս ևս աշխատանք փնտրողների թիվն ավելացել է: Հունիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 86,8 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,6 %-ով:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 65.3 %-ը, կամ 60.2 հազար մարդ: Այս ցուցանիշն, ըստ վիճակագրության, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.0 %-ով:

Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 66.0 %-ը, կամ 39.7 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը 20.0 %-ը կամ 12.0 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը 4.0 % կամ 2.4 հազ. մարդ:

Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված են 25.6 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 37,6 %:

Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտությունների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ առողջապահության, կրթության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ էկոնոմիկայի և ղեկավարման, սպասարկման, թեթև արդյունաբերության, անձանց թվաքանակը:

Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 25.2%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 48.9 %, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 25.9%-ը։

Իսկ տարիքային կազմի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 20.0 %, 30-44 տարեկանները` 41.1 %, 45-54 տարեկանները` 20.2 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 18.7 %:

Գործազուրկների շուրջ 94.8 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Իսկ աշխատանքի է տեղավորվել 4935 աշխատանք փնտրող. 3438-ը՝ կին, 1346-ը՝ երիտասարդ, 93-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, որից 857-ը՝ զբաղվածության ծրագրերի միջոցով, իսկ 675-ը՝ ուղեգրով:

Նկատենք, որ «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը, որով ժամանակավոր աշխատանքի է տեղավորվել 1586 շահառու, 420-ը՝ կին, 148-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, 30-ը` երիտասարդ:

Գործազրկության աճի մասին են խոսում են նաև փորձագետները:

Որոշ տնտեսագետների հաշվարկներով մինչև տարեվերջ գործազրկությունը մոտ 80 հազարով կավելանա, և եթե 2018-ին 245 հազար գործազուրկ կար, որի մի մասը 2019 թ. ստվերից եկավ, և թիվը դարձավ 210 հազար, ապա մինչև տարեվերջ այս թվին կգումարվի 80 հազար, և գործազրկության թիվը կմոտենա 300 հազարին։

ՎԱՐԿԱՆԻՇ

   701 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ