...

Ի՞նչ է փոխվել աշխատաշուկայում

Ի՞նչ է փոխվել աշխատաշուկայում

Հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 85.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.9 %-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ աճել՝ 3.6 %-ով:  Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 36.5 %-ը: 

Այս մասին տեղեկանում ենք Զբաղվածության պետական գործակալությունից:

Հրապարակած տվյալների համաձայն՝ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 72.7 %-ը կամ 61.8 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.5 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 66.3 %-ը կամ 41.0 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 20.3 %-ը կամ 12.6 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.0 % կամ 2.5 հազ. մարդ: 

Նշենք, որ առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 25.9 հազ. մարդ, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 38.2 %:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13.2 %, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18.2 %, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.5 %, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.2 %, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 8.9 %: 

Պաշտոնական տվյալներով, ըստ մասնագիտական բաշխվածության, բարձրագույն կրթություն ունեցողների թվաքանակում մեծ թիվ են կազմում հումանիտար գիտության, տնտեսագիտության և կառավարման, կրթության և մանկավարժության մասնագիտություն ունեցողները, միջին մասնագիտական կրթությամբ առողջապահության, կրթության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթությամբ՝ սպասարկման, թեթև արդյունաբերության, էկոնոմիկայի և ղեկավարման մասնագետների թվաքանակը: 

Տարիքային կազմի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 20.3%, 30-44 տարեկանները` 41.1 %, 45-54 տարեկանները` 20.3 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 18.3 %:

Գործազուրկների շուրջ 94.5 %-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են:

Հիշեցնենք, որ զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 84.7 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.4 %-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ աճել՝ 3.4 %-ով: 
2019 թվականի երկրորդ եռամսյակից գործազրկության էական նվազում ունենք:

Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ՝ նվազելով 29 հազար 200 մարդով:

Նախորդ տարվա հոկտեմբերի դրությամբ՝ մեր երկրում գործազրկությունը կազմում էր 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2044 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ