...

Ամենաշատն աշխատանք են փնտրում Արմավիրում և Շիրակում

Ամենաշատն աշխատանք են փնտրում Արմավիրում և Շիրակում

Ապրիլի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 85.9 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.7 %-ով:
Այս մասին տեղեկանում ենք Զբաղվածության պետական գործակալությունից:

Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 36.9 %-ը կամ 31.7 հազ. մարդ, որոնց թվաքանակը մեծ է հատկապես Արմավիրի և Արարատի մարզերում։

Նախորդ տարվա համեմատ աշխատանք փնտրողների թիվը աճել է գրեթե բոլոր մարզերում, առավելապես Արմավիրի, Շիրակի մարզերում, անփոփոխ է մնացել Վայոց ձորի մարզում, իսկ Երևանում և Սյունիքի մարզում նույնիսկ գրանցվել է նվազում։ 

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 71.7 %-ը կամ 61.6 հազ մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.2 %-ով:

Պաշտոնական տվյալներով՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հաշվառվածների թվաքանակում մեծ թիվ են կազմում կանայք, որոնք կազմում են գործազուրկների թվաքանակի 65.8%-ը կամ 40.5 հազ.մարդ:

Իսկ ըստ կրթական բաշխվածության՝ հաշվառված գործազուրկների 63.3%-ն ունի միջնակարգ ընդհանուր և ցածր կրթամակարդակ, իսկ 73.1 %-ը՝ 1 տարուց ավելի գործազրկության տևողություն։ 

Գործազուրկների շուրջ 94.5%-ը աշխատաշուկայում անմրցունակ անձինք են։

Առաջին անգամ աշխատանք փնտրողները կազմում են գործազուրկների 42%-ը, որոնցից 38%-ը կազմում են 16-29 տարեկան երիտասարդները։

Ի դեպ, այս ընթացքում շատերը կորցրեցին նաև աշխատանքը: Կորոնավիրուսով պայմանավորված՝ որոշ տնտեսվարողներ կրճատեցին աշխատակիցների թիվը՝ այս կերպ ավելացնելով գործազուրկների քանակը:
 
Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավատեսական հայտարարություն էր արել՝ նշելով, որ ապրիլ ամսին 15000 մարդ ընդունվել է աշխատանքի: 

Հարկ է նկատել, որ ըստ պաշտանական տվյալների, ապրիլի 1-ի դրությամբ ԶՏԿ-ներում խորհրդատվություն է ստացել 35.5 հազ. աշխատանք փնտրող, որոնցից 24.6%-ը՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, 12.2%-ը՝ մասնագիտական կողմնորոշման, 35.2%-ը՝ զբաղվածության ծրագրերի, 5.5%-ը՝ աշխատանքի փոփոխման, 22.5%-ը՝ այլ հարցերով:

Տարեսկզբից տարբեր պատճառներով կասեցվել է 279 և դադարեցվել՝ 4168 գործազուրկի կարգավիճակը: 

Ընդ որում՝ 1.7 %-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 21.2 %-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 58.2 %-ը աշխատանքի տեղավորման և 18.9 %-ը այլ պատճառներով: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1257 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ