...

Վատ պարողին «դինամիկ բաներն» են խանգարում

Վատ պարողին «դինամիկ բաներն» են խանգարում

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է այն հարցին, որ կառավարության ծրագրում գրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, բայց հիմա ԱԳՆ օրակարգում այդպիսի հարց չկա, ու հայտարարել է, թե «պարզ է, որ գրված է, բայց աշխարհը, հատկապես այս հինգ տարում, այնպիսի սրընթաց փոփոխությունների է ենթարկվում․․․ ո՞նց կարելի է այդպիսի պրոցեսներից առաջ գրված բառերը նույն ուժն ու կիրառությունն ունենան արդեն փոփոխված աշխարհում։ Սա դինամիկ բան է»։

Եթե ֆուտբոլային խաղից հետո խոշոր հաշվով պարտված թիմի մարզիչը հայտարարի, թե «խաղի ընթացքում եղանակն այնպես սրընթաց փոխվեց, այնպիսի հորդառատ անձրև եկավ» և այլն, նրան վզակոթին տալով կվռնդեն, որովհետև այդ նույն եղանակը նաև մրցակից թիմի համար է սրընթաց փոխվել։ Արարատ Միրզոյանը երևի չի հասկանում, որ «աշխարհը սրընթաց փոփոխությունների է ենթարկվում» նաև այլ երկրների համար, և խնդիրն այն է, որ այդ փոփոխությունների արդյունքում Ադրբեջանը, օրինակ, շահած է դուրս գալիս, իսկ Հայաստանը՝ ջախջախված, և դա առաջին հերթին իր շեֆի ու անձամբ իր ծանծաղամտության հետևանքն է։ Ի վերջո՝ որևէ երկրի կառավարության ու արտգործնախարարության հիմնական խնդիրը ոչ թե որևէ մայրաքաղաքում անվտանգ հեծանվուղի գտնելը կամ «պեռաշկի գեներացնելն» է, այլ աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները կանխատեսելն ու դրանց ադապտացվելը։

Բայց Արարատ Միրզոյանն ասում է՝ ձեր ի՞նչ գործն է, մենք հաջորդ ընտրություններից առաջ կգնանք մեր ընտրողներին կբացատրենք, որ այս-այս-այս պատճառներով մեր ծրագիրը չենք իրականացրել, նրանք էլ կհասկանան։ Այսինքն՝ կարևորը ոչ թե խայտառակ ձախողումներն են, այլ դրանց համար համոզիչ արդարացումներ գտնելու կարողությունը։

Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններին, ապա, Արարատ Միրզոյանի տրամաբանությամբ, այսուհետ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրի յուրաքանչյուր կետ պարտավոր է սկսել «եթե սաղություն ըլնի» կամ «եթե սաղ տոշնի ըլնի» բառերով։ Որպեսզի հետո կարողանա բացատրել, թե հատկապես ինչը «տոշնի չեղավ»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   512 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ