...

Վերադարձանք նույն կետին

Վերադարձանք նույն կետին

Հանրային Խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը երկու լուսանկար է հրապարակել և գրել.

«Ադրբեջանի ճնշման տակ ՌԴ պաշտպանության նախարարության կայքում տեղադրված Արցախի քարտեզում այլևս չեն նշվում ԼՂԻՄ նախկին սահմանները՝ անկախ թե դրանց որ մասն է հայկական, որ մասը՝ ադրբեջանական օկուպացիայի տակ: Երկու քարտեզներից մեկը սեպտեմբերի 20-ի է, մյուսը՝ սեպտեմբերի 24-ի։ 

Փաստն ինքնին համամոլորակային բան չի նշանակում կամ ավելի մեծ աղետ չէ, քան այն, ինչ ունեցանք կամ այն սպառնալիքները, որ ունենք։ Կարևոր է այլ բան. Ռուսաստանը ոչ միայն տվյալ պարագայում ոչ միայն Արցախի տարածաշրջանում խաղաղապահություն ապահովող երկիր է, այլ նաև Մինսկի խմբի համանախագահ երկիր, իսկ երեք համանախագահների շրջանում առնվազն կոնսենսուսով սահմանվել են Մադրիդյան փաթեթի ու նախորդած բոլոր տարբերակների խնդիրները, որոնցում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը այլ տարածքային ու քաղաքական միավոր է, ազատագրված տարածքներն այլ միավոր են եղել ու մնում»։ 

«ՉԻ». Քանի որ այսօր 44-օրյա պատերազմն սկսվելու մեկ տարին է, դրա հետ կապված հիշատակի միջոցառումներ են, մարդիկ հիշում են իրենց զոհված երեխաներին, պատերազմի տարբեր դրվագներ են նորից պատմում, բոլորս էլ այդ օրվա ծանրությունը հասկանում ենք, դրա համար հիմնականում անդրադառնում ենք պատերազմի հետևանքներին՝ մի քիչ շեղվելով մեր ոճից:

Ստյոպա Սաֆարյանի այս գրառումը մեզ ակամա հիշեցրեց ղարաբաղյան շարժման առաջին տարիները, երբ շարժման մասնակիցների մի մասը, մտավորականությունը, հայտնի գիտնականները պարբերաբար բողոքում էին Մոսկվային, որ Ղարաբաղում այս բանը չարեցին, այն բանը սխալ արեցին, դժգոհում էին, պահանջում էին, հացադուլ էին անում, որ Մոսկվան կողմնակալ վարքագիծ է դրսևորում ԼՂԻՄ-ում, մեր արդար պահանջները կյանքի չի կոչում և այլն:

Այն ժամանակ դա կարելի էր հասկանալ, քանի որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում էր Մոսկվայի ձեռքում և բողոքելու ուրիշ տեղ չկար, հիմնախնդիրը լուծելու այլ ուղիներ, տարբերակներ չկային, մենք էլ, ադրբեջանցիներն էլ մի երկրի քաղաքացիներ էինք: Մինչև որ ԽՍՀՄ-ը չփլուզվեց և չձևավորվեց անկախ Հայաստանը, որից հետո Ղարաբաղի հարցի բանալին մեր ձեռքում հայտնվեց:

Հիմա, երբ մենք նորից բողոքում ենք Մոսկվայից, դա միայն մի բան է նշանակում. որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին այլևս մեր ձեռքում չէ, որ Հայաստանը դադարել է լինել միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, կորցրել է ինքնիշխանությունը, և մենք մեր հարցերը մեր ուժերով լուծել չենք կարող, ստիպված ենք նորից դիմել դրսի ուժերին, բողոքել նրանց վարքագծից, մուննաթ գալ, դասեր սովորեցնել, պահանջել, որ մեր խնդիրները լուծեն, արդար լինեն, չմոռանան մեր 3000-ամյա պատմությունն ու հակառակորդի բարբարոս էությունը: Այսինքն՝ եկել, հասել ենք նույն կետին, որից սկսվել է Ղարաբաղյան շարժումը:

Իսկ ահա Ադրբեջանը, պարզվում է, արդեն հասել է նրան, որ կարողանում է նույնիսկ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   597 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ