...

Վերջին կռվանն էլ ձախողեցին

Վերջին կռվանն էլ ձախողեցին

Օրերս Լևոն Տեր-Պետրոսյանը շատ դիպուկ բնորոշեց գործող իշխանության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գործունեությունը՝ ինչ անում են, անում են կիսատ-պռատ: Իհարկե, գործող իշխանությունը կհակադարձի իր սիրած կերպով. անում ենք լուրջ, հիմնովին, ինստիտուցիոնալ, բայց դե հավատացողներ գրեթե չեն մնացել:

Այս իշխանությունը բազում ձախողումների կողքին մինչև վերջերս ուներ մի կարևոր կռվան, ինչն առանձնահատուկ նշանակություն ուներ հանրության այն հատվածի համար, որը լոկոմոտիվի դեր էր ստանձնել հեղափոխության ժամանակ: Խոսքը ազատ, արդար ընտրությունների մասին էր։ Որպես դրա լավագույն փաստարկ գործողները նշում էին, որ չեն կեղծել համայնքային ոչ մի ընտրություն և, ի վերջո, մի քանի տասնյակ կամ հարյուր ձայնով պարտվել են հանրապետության կարևորագույն քաղաքներում՝ Աբովյանում ու Կապանում:

Ինչ ունենք արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ: Այո, իշխանությունը խոստանում է չկեղծել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, անցկացնել արդար, թափանցիկ ընտրություններ ու ընտրակաշառք չբաժանել: Բայց վերջնարդյունքի համար ի՞նչ կարևոր է, թե ով է ընտրակաշառք բաժանում: Կիսատ-պռատի լավագույն ապացույցը հենց դա է: Էականն այն է, որ իշխանությունը չի բաժանում ընտրակաշառք, սակայն չի կարողանում խոչընդոտել ընդդիմությանը դա անել, և այդ ամենի հետևանքով վերստին կունենանք փողի միջոցով ընտրված իշխանություն:

Հայաստանը խորհրդարանական պետություն է և չափազանց կարևոր է, թե ովքեր են հայտնվելու խորհրդարանում և ինչ խմբակցություններ են կազմվելու: Գործող իշխանությունը գոնե հասկանո՞ւմ է իր պատասխանատվությունն ու մեղքի բաժինը, որ ուժերից մեկը կարող է իր ունեցած ձայներին ավելացնել գնված ևս 10000 ձայն և հայտնվել խորհրդարանում՝ 5 տոկոսի շեմից անդին թողնելով ուժի կամ ուժերի, որոնք ընտրակաշառք չեն բաժանում:

Գործող իշխանության ղեկավարն իր աջակիցներին դիմում է՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներ: Մի քիչ ամոթ ունենալու դեպքում նա իր հռետորաբանությունից կհաներ այդ դիմելաձևը: Մի երկրում, որտեղ աշխատողներին հարյուրներով քշում են հանրահավաքների, որտեղ պաշտպանված չեն նրանց տարրական քաղաքական իրավունքները, որտեղ քրեական տարրերը շարունակում են թելադրել, թե ում ընտրել, ում չընտրել, տեղին չէ դիմել հպարտ քաղաքացիներ դիմելաձևով: Այդ մարդիկ ոչ միայն հպարտ չեն, այլև հեղափոխությունից երեք տարի անց թերևս ավելի ստորացված են, քան նախկինում:

Այս խնդիրներին պետք էր անդրադառնալ շատ ավելի վաղ, քան ընտրություններից 4 կամ 5 օր առաջ: Հեռատես իշխանությունը այսպիսի պատկերը վաղուց պետք է կանխատեսած լիներ և հակաքայլեր մշակեր:

Ինչպես կարող է գործող իշխանությունը պայքարել թուրքական, ադրբեջանական կամ մեկ այլ երկրի հետախուզության դեմ մեր իսկ երկրում, երբ չի կարողանում ամբողջովին վնասազերծել ընտրակեղծարարների անհամեմատ ավելի մեծաթիվ, բայց մասնագիտական պատրաստվածությամբ զիջող գործակալներին: Հերթական զավեշտն է, որ կրկին հույսը դրվել է ժողովրդի վրա, թե նկարեք, մենք էլ ձեզ փող կտանք: Սա նույն սերիայի շարունակությունն է, երբ դատաիրավական արհեստավարժ բարեփոխումների փոխարեն առաջարկվեց շրջափակել դատարանների շենքերը:

Գործող իշխանությունը աչքներիս առաջ կորցնում է վերջին կռվանը՝ ի վիճակի չէ կազմակերպել արդար ընտրություններ, որոնք կարտացոլեն ժողովրդի իրական, առանց կողմնակի ներգործության կամքը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   748 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ