...

Երկու արտահայտություն, որոնք դեռ երկար կցնցեն Հայաստանը

Երկու արտահայտություն, որոնք դեռ երկար կցնցեն Հայաստանը

Շաբաթվա ընթացքում ամենաքննարկված քաղաքական օրակարգի երկու հարցերը չափազանց մեծ օրգանական կապ ունեն: Խոսքը Անկախության տոնը նշելու և Կապան-Գորիս ճանապարհին ըստ էության ադրբեջանական մաքսատուն հայտնվելու մասին է: Երկու հարցերն էլ չափազանց կարևոր են, իսկ վերջինը նաև մարտահրավեր առաջացնող խնդիր է: Դրանք քննարկվելու և քննադատվելու էին, սակայն Նիկոլ Փաշինյանի անպատեհ, անհեռատես և միաժամանակ, որքան էլ տարօրինակ հնչի, անկեղծ պատասխանները լրացուցիչ էմոցիաներ ու կրքեր առաջացրեցին հասարակության շրջանում: Եվ դեռ երկար էլ առաջացնելու են:

Առաջինը վերաբերում է գունագեղ արտահայտությանը, որի համար նա արդեն ներողություն խնդրեց: Անցել են այն ժամանակները, երբ Փաշինյանը կարող էր առանց թղթի ելույթ ունենալ ու ֆուրոր անել: Անդառնալիորեն անցել են: Հիմա նրա ցանկացած բանավոր ելույթ ավելի շատ խնդիրներ է առաջացնում, ավելի մեծ շփոթմունք գեներացնում, համակիրների ու թիմակիցների համար կարմրելու ավելի շատ առիթներ ստեղծում:

Ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներից մաքսատուրք պահանջելու մասին հարցին պատասխանելիս, Փաշինյանը անկեղծորեն խոստովանեց, թե որքան անհեռատես են գտնվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելիս, երբ մոռացել են նշել նաև արտասահմանյան բեռների մասին կետը:

Փաշինյանը հաճախ է մեղադրում ընդդիմությանը, թե վերջիններս իրենց ելույթներով կոնկրետ ուղղություններ ու ճանապարհներ են ցույց տալիս, թե որտեղից պետք է հարձակվի թշնամին: Կարծես քարե դար է, իսկ հետախուզական ԱԹՍ-ների մասին Ադրբեջանում չեն էլ լսել:

Երեկ խորհրդարանում իր ելույթով, անկեղծ պատասխանով Փաշինյանը չափազանց հեշտացրեց ադրբեջանցիների գործը: Թե՛ իրանցիների, թե՛ միջազգային մյուս դերակատարների հետ հարաբերվելիս ադրբեջանցիները կարող են սար ու ձոր չընկնել, այլ միանգամից միացնել ՀՀ վարչապետի պաշտոնական ելույթը: Դժվար թե դրանից հետո որևէ մեկի մոտ հարցեր առաջանան: Պատահական չէ, որ Հայաստանում հավատարմագրված դեսպաններից որևէ մեկը գրառում չարեց և չգրեց` եթե անհանգիստ է Որոտանում, ուրեմն անհանգիստ է նաև Երևանում: Մի պարզ պատճառով` խնդրի առաջնային հասցեատերը ասում է, որ մեր մեղքով չենք ամրագրել համապատասխան պարբերությունը, ուրեմն դժվար կլինի Ադրբեջանին մեղադրել և համոզել, թե խախտվել է Հայաստանի սուվերենությունը:

Երեքուկես տարին բավարար էր լրացնելու դիվանագիտության այբուբենին տիրապետելու բացը:

Համալսարաններում հենց այդքան է պահանջվում, առանց գործնական պարապմունքների: Իսկ այս դեպքում հավակնորդը գործնական աշխատանքների մեծ հնարավորություն ուներ:

Կարելի է միայն կռահել, թե գործող իշխանությունների ու մասնավորապես Փաշինյանի հեռացումից հետո, որքան զավեշտալի պատմություններ կտիրաժավորեն արտասահմանցի դիվանագետները` վերհիշելով նրա հետ զրույցները:

Մի բան է առիթ չտալ նոր էսկալացիայի, անհեռատես ու պոպուլիստ հայտարարություններով չոռոգել Ադրբեջանի միլիտարիստական քաղաքականությունը, մեկ այլ բան է նույն այդ քաղաքականությունը բացատրել և հիմնավորել սեփական անհեռատեսությամբ: Անկեղծությունը կգնահատվի, բայց ռեալ-պոլիտիկում անդառնալի վնասներ կհասցնի պետականությանը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1022 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ