...

ՏԻՄ ընտրությունների արդյունքները կարող են կանխել իշխանության գայթակղությունները

ՏԻՄ ընտրությունների արդյունքները կարող են կանխել իշխանության գայթակղությունները

Այն, ինչ իշխանությունը մեծ ոգևորությամբ անվանում է պողպատե մանդատ, իրականում իր հատկանիշներով ու օգտագործման կիրառելիության բնորոշիչներով ավելի շատ հիշեցնում է հաբռգելու մանդատի:

Համենայնդեպս իշխանության հռետորաբանությունը և վարքը այդ են վկայում: Ընդամենը մի քանի ամիս առաջ խեղճ և վախվորած իշխանությունը դարձել է ամբարտավան, իսկ քննադատությանը հակադարձում է նույն տոնայնությամբ և ցինիկությամբ, ինչ անում էր Սերժ Սարգսյանի ուշ շրջանի կառավարությունը: Իսկ դա նրանք անում էին, որովհետև իրենց թվում էր, թե հաղթել են բոլոր ներքաղաքական ճգնաժամերում և երկրի ներսում այլևս արժանի հակառակորդ չունեն:

Մերկապարանոց չհնչելու համար բերենք երկու օրինակ: 2017 թվականի ապրիլի 2-ին իրենց կարծիքով փառահեղ հաղթանակ տանելու առիթով հանրապետականները հրավառություն կազմակերպեցին: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ այդ օրը լրանում էր Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների առաջին տարին:
Հանրապետականները մտածեցին` հաղթել ենք, ինչ կուզենք, այն էլ կանենք: Նրանք էլ էին գոհ խորհրդարան բերած իրենց ընդդիմությունից: Նրանց էլ էր թվում, թե ցանկացած պահի կփակեն լաչառ ընդդիմության բերանը:

Հունիսի 20-ի հաղթանակից հետո ներկայիս իշխանությունները նույն տրամադրությունն ունեն: ԱԺ նախագահն ու երկրի թիվ մեկ աներձագը մեկնում են Հունաստան և տժժում այնպես, կարծես ոչ մի բան էլ չի պատահել և մի քանի օրից չի լրանում 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերի առաջին տարելիցը:

Այս երկու իրադարձությունը նույն անունն ունեն` արբեցած, իրականությունից կտրված և սանձարձակ իշխանություն: Ինչ եղավ առաջինի հետ նկարագրված իրադարձություններից մի տարի հետո, հայտնի է:

Ինչ կլինի գործողների հետ, այս պահին դժվար է կանխատեսել: Բայց հասարակությունը պետք է գիտակցի արբեցած և սանձարձակ իշխանության վտանգավորությունը: Չնայած ընտրությունները տեղի են ունեցել ընդամենը 3 ամիս առաջ, առաջիկայում հասարակությունը հնարավորություն ունի սառը ջուր լցնելու և «օյաղացնելու» իշխանությանը: Խոսքը ՏԻՄ ընտրությունների մասին է: Եթե իշխանությունը պարտվի այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսիք են Գյումրին, Վանաձորը, Կապանը և Գորիսը, դա էականորեն կնպաստի իշխանության իրականություն վերադառնալուն:

Վերոհիշյալ քաղաքների բնակիչները շանս ունեն իրենց քվեարկությամբ կանխել իշխանությունների էլ ավելի հաբռգելու տրամադրությունները: Այդ քաղաքներում պարտության դեպքում էապես կնվազի իշխանության լեզվի երկարությունը ու ամենակարևորը՝ սեփական քիմքին ու ճաշակին համապատասխան պետություն կառուցելու գայթակղությունը: Մի բան է կանխել Քոչարյանի վերադարձը, մեկ այլ բան՝ քարտ բլանշ տալ խելքին եկածը իրագործելու համար:

Եթե իշխանություններին հաջողվի այդ քաղաքներում նույնպես հաղթանակ տանել, ապա Ալեն Սիմոնյանի ու Հրաչի անզուսպ թռչկոտելը մանկական չարաճճիություն կթվա: Նրանց ոչինչ չի խանգարի Հունաստանի կայֆերը տեղափոխել Երևանի կենտրոն:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ