...

Իսկապես սրտի ընդդիմություն է

Իսկապես սրտի ընդդիմություն է

Պնդումը, որ խորհրդարանական ընդդիմությունը գործող իշխանության սրտի ընդդիմությունն է, գնալով ամրանում և առարկայանում է: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ հարսը կդիմադրի, կկծի, կբղավի, բայց պետք չէ ուշադրություն դարձնել, դա հին ավանդույթ է:

Իշխանությունը վերարտադրվեց՝ գերմարդկային ճիգեր բանեցնելով, ահռելի և մեծածավալ խոստումներ տալով: Ինչ պետք է աներ խորհրդարանական ընդդիմությունը հետընտրական ժամանակաշրջանում, ընտրություններից 3 ամիս հետո: Իհարկե անընդհատ խոսեր այդ խոստումների մասին, հիշեցներ և հասարակությանը ցուցադրեր, որ իրեն խաբել են և տրված հիմնական խոստումները չեն կատարվում:

Իսկ որո՞նք էին այդ հիմնական խոստումները: Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ամբողջական կիրառում, պետությունից գողացված գումարների վերադարձ, հանքերի իրական սեփականատերերի բացահայտում, իսկ Սյունիքում առավել կան առարկայական խոստումներ: Հավանաբար հիշում եք, որ Փաշինյանը Կապանում խոստացավ մինչև հուլիսի 15-ը լուծել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հարցը: Նաև կոնկրետ նշելով, թե ինչ նկատի ունի հարցի լուծում ասելով՝ կոմբինատի արժեթղթերի մի մասը պետք է անցներ պետությանը: Հատկապես Սյունիքում շատ էին ոգևորվել վարչապետի թեկնածուի այդ խոստումով: Կոմբինատի շատ աշխատակիցներ, ոգևորվելով այդ խոստումով, բազում խնդիրներ ունեցան և շարունակում են ունենալ կոմբինատի տնօրինության հետ: Բազմաթիվ աշխատակիցներ սկսեցին անգամ աշխատանքի չներկայանալ՝ կարծելով, թե մոտ է օրը, երբ վերջ կդրվի այդ կոմբինատում տիրող ստրկատիրական հարաբերություններին:

Ինչ ունենք այսօր: Ոչինչ: Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում անցնող անձինք սկսել են դատի տալ դատախազությանը և դեռ մի քանի տարի կհետևենք, թե որ դատավորը որ գույքն է հանում արգելանքից: Դատախազությունն էլ կհրապարակի հերթական հաղորդագրությունը, թե իրենք մեղավոր չեն, ամեն ինչ օրենքի շրջանակներում է արվում: Խորհրդարանից էլ կպատասխանեն, որ իրենք չեն մեղավորը, դատախազությունն է վատ կիրառում օրենքը: Մի երկու տարի անց էլ Փաշինյանից կլսենք, որ դատախազությունում պատսպարվել էին հին ռեժիմի ներկայացուցիչները: Այ, հիմա դրանց կփոխենք, և օրենքը 2024 թվականից կսկսի աշխատել:

Չկա իշխանական որևէ մեկնաբանություն, թե ինչ փուլում են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ բանակցությունները: Ի վերջո հուլիսի 15-ից անցել է ավելի քան երկու ամիս:

Ձայն չի հանում իշխանությունը, սակայն ձայն չի հանում նաև ընդդիմությունը: Իսկ չի հանում մի պարզ պատճառով՝ իշխանության տված հիմնական խոստումների սուր ծայրը ուղղված է նույն ընդդիմության առաջնորդների անձնական հարստության դեմ: Ոչ մի գող կամ ավազակ չի բարձրաձայնում, թե ինչու վերջապես չեն զբաղվում իրենով, չեն բացահայտում իր հանցագործությունները, չեն դատապարտում և բռնագանձում գողոնը: Այդպիսին է իրերի օբյեկտիվ իրավիճակը:

Ընդդիմությունը հաճախ է ասում, որ իշխանությունը խաբել է հանրությանը, որ հանրությունը մոլորության մեջ է և այլն: Վերը շարադրված փաստարկները լավագույն կռվանն էին իրենց հիմնավորումները ապացուցելու համար: Սակայն օբյեկտիվ պատճառներով մոռացել են իշխանության հիմնական խոստումները և ցանկություն չունեն դրանք օգտագործելու, որպեսզի հիմնավորեն, թե ինչպես է խաբվել հասարակությունը:

Դրա փոխարեն անընդհատ հիշեցնում են պատերազմը և ստանում պատասխան՝ հասարակությունը լսեց ձեր մեղադրանքները և որոշում կայացրեց:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   833 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ