...

Անիմաստ հանձնաժողով

Անիմաստ հանձնաժողով

Հայաստանյան քաղաքական օրակարգի կարևորությամբ թվով երկրորդ հարցը 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն է: Առաջինը պարզ է` անվտանգությունն է և Սյունիքի սուվերենությունը պահպանելու օրհասական օրակարգը:

Մի քանի ամիս է, ինչ իշխանությունը նույն կերպ է պատասխանում պատերազմի վերաբերյալ ցանկացած հարցադրման` կստեղծվի հանձնաժողովը, և բոլոր պատասխանները կտրվեն: Բայց հանձնաժողովը չի ստեղծվում և այստեղ մեղքի բաժին ունի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Իրենք զբաղված են Ղազինյան առաջադրելով ու մերժելով: Սակայն եթե մի օր հոգնեն այդ խաղից և ստեղծեն հանձնաժողով, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ հանձնաժողովից: Եվ հարցը միայն ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում ընդգրկված իշխանական և ընդդիմադիր պատգամավորների ինտելեկտուալ և մասնագիտական ներուժը չէ: Իհարկե, այստեղ մեծ խնդիրներ կան, քանի որ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք գունդը չեն տարբերում գումարտակից և չեն կարող անգամ հերթականությամբ նշել Հայոց բանակի սպաների աստիճանակարգը: Կան ուսապարկեր, Օմարի արծիվներ, մարդիկ, որոնք աչքները փակ կողմ կքվեարկեն վարչապետի բերած ցանկացած օրինագծի, սակայն երբեք չեն կարող նախ վերհանել իշխանության ձախողումները նախապատերազմական և պատերազմական ժամանակաշրջանում, իսկ այնուհետև դրանց միս ու արյուն տալ:

Չեն կարող մի պարզ պատճառով. հանձնաժողովում հավաքված են ոչ միայն մոլի ՔՊ-ականներ՝ նրանց կարելի է բնորոշել իբրև մոլի նիկոլականների: Եվ այստեղ չկա որևէ չափազանցություն: Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի իշխանական մյուս անդամները վերջին մի տարում աչքի են ընկել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անձնական մեծ նվիրվածությամբ, պաշտպանել են նրան այն ժամանակ, երբ շատ կուսակիցներ աշխատում էին ձայն չհանել, չերևալ և աչքի չընկնել: Իսկ իրենք (Հունան Ավետիսյանի պես) կրծքով փակում էին Փաշինյանին ուղղված քննադատությունը՝ երբեմն հայտնվելով զավեշտալի վիճակներում, միայն թե Փաշինյանի վրա փոշի չնստի:

Հիմա ի՞նչ կարելի է ակնկալել նմանատիպ մարդկանցից: Իրենք չեն կարող օբյեկտիվ քննել բոլոր հանգամանքները, դա թույլ չի տա իրենց մասնագիտական և մարդկային բնութագիրը:

Կա մեկ այլ հանգամանք ևս: Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովը աշխատեց մեկ տարի, թե ինչ արդյունքի հասավ, արդեն այլ թեմա է: Բայց 44-օրյա պատերազմի հանգամանքները իշխանությունը ցանկանում է քննել 1991 թվականից սկսած: Կարելի է միայն ենթադրել, թե որքան ժամանակ կպահանջվի այդ գործը մի հանձնաժողովում անելու համար, որտեղ արդեն երեք ամիս է չեն կարողանում հանձնաժողովի նախագահ ընտրել:

Մինչդեռ, եթե իշխանությունը ցանկություն ուներ քննել 44-օրյա պատերազմի հանգամանքները, ապա կարելի էր գնալ բոլորովին այլ ճանապարհով: Նախ, դա լիներ անկախ հանձնաժողով՝ կազմված մարդկանցից, որոնք արդեն մի քանի տարի աչքի չեն ընկնում ակտիվ քաղաքական դիրքորոշումներով, չեն հայտնվում մե՛կ իշխանության, մե՛կ ընդդիմության ճամբարում: Մարդիկ, որոնք նախ՝ իրազեկ են և երկրորդ՝ ունեն բարի համբավ ու հեղինակություն հանրության շրջանում:

Եվ կարևորագույն հարցը, որ պետք է դրվեր հանձնաժողովի առջև, հետևյալը պետք է լիներ՝ կա՞ր արդյոք հնարավորություն խուսափելու վերջին պատերազմից, թե՞ ոչ:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   643 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ