...

Խաբել են, խաբում են, խաբելու են

Խաբել են, խաբում են, խաբելու են

Երեկ տեղեկացրել էինք, որ մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել և վրաններ տեղադրել։ Այդ մասին վկայել էին թե՛ գյուղում ապրողները, թե՛ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ Մինչդեռ այս թեմայով «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են: «Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնել էր ՊՆ-ն՝ ևս մեկ անգամ հորդորելով սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություն տարածելիս առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ։ Սրան հաջորդել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումն այն մասին, որ ՊՆ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Թաթոյանը փաստարկել է իր հակադարձումը, քարտեզներ է հրապարկել՝ հավելելով, որ այդ հայտարարությունը «ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող և բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է»: «ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը բացարձակ դատապարտելի է. դրանով փաստացի ՀՀ ինքնիշխան տարածքի մասը զիջվում է Ադրբեջանին: Այդ հայտարարությունը, ամբողջությամբ անտեսելով մարդկանց անվտանգությունը, լեգիտիմացնում է ադրբեջանական զինվորականների իրավական որևէ հիմք չունեցող ներկայությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում»,- արձանագրել է Թաթոյանն ու հարցադրում արել․ «Ո՞ր իրավունքով է ՀՀ պաշտպանության նախարարությունն անում ՀՀ ինքնիշխան տարածքի մասը Ադրբեջանին զիջող, ադրբեջանական իրավազորությունը ապօրինաբար հաստատող և ողջ երկրի անվտանգությունը վնասող հայտարարություն»:

Ո՞ր իրավունքով։ Լեգիտիմության իրավունքով։ Ինչո՞ւ, որովհետև 44 օր շարունակ իշխանությունն՝ իր ՊՆ-ով, խաբել է հայ հասարակությանը, հիմարացրել է նրան, ֆռցրել է՝ ինչպես կարողացել է, ապա այսքանից հետո իրեն իրավունք է վերապահել ընտրություններին մասնակցել։ Հաշվարկել է շանսերն ու հասկացել է, որ հաղթելու է։ Հաղթել է։ Լեգիտիմ իշխանություն է ձևավորել՝ ելակետ ունենալով, որ իրեն ներվում է ամեն բան, ընդհուպ՝ աղետալի սուտը։ Հիմա ինչո՞ւ պիտի չխաբի։ Մեկ է՝ սուտը «կոմֆորտ» է բոլոր իմաստներով. և՛ հասարակությանն են հանգստացնում, և՛ տեղի բնակչությանն են հորդորում, թե իրենք վերահսկում են ամեն բան, և՛ ադրբեջանցիներին են աջակցում իրենց դիրքերի կահավորման հարցերով, և՛ միջազգային հանրությանն են ակնարկում, թե տեսեք՝ մենք բարի ենք, մեր տարածքը ինքնակամ զիջում ենք հանուն հակառակորդի դիրքերի կահավորման, իսկ այդ ադրբեջանցիները չեն թողնում, որ մենք մեր վնասված գազատարը վերանորոգենք ու կանխենք Արցախում սկիզբ առած հումանիտար աղետը։ Երկրի անվտանգությունը կեղծ կատեգորիա է, խաղաղության դարաշրջանը՝ գերնպատակ։ Լավ օրակարգ է, ափսոս՝ դրա իրականացման շանսերն են զրո։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1225 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ