...

Չմոռանաք հնդկական կոնտենտին աշխատեցնել ՄԻՊ-ի համար

Չմոռանաք հնդկական կոնտենտին աշխատեցնել ՄԻՊ-ի համար

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանից «ձերբազատվելուց» հետո էլ իշխանությունները չեն դադարում «կռիվ տալ» վերջինիս հետ։ Հիմա էլ լուրջ թեմա են դարձրել, թե հասեք-փրկեք, Թաթոյանը գնացել է ու մինչ օրս նոր ՄԻՊ-ին չի փոխանցել ֆեյսբուքի էջը կառավարելու «կոդերը»։ Արդյունքում՝ նոր պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել ֆեյսբուքի էջում։ Փաստարկն այն է, թե էջը ստեղծվել է պետական միջոցներով, և հիմա էլ այն 55 հազար հետևորդ ունի։ Իշխանական քարոզչամեքենան անպարկեշտություն է որակել սա՝ զարմանք հայտնելով, թե ինչպես կարող է հարկատուների միջոցներով վարձատրվող աշխատակիցների աշխատանքը դառնալ ինչ-որ նախկին պաշտոնյայի սեփականությունը։ Արման Թաթոյանն արձագանքել է՝ նշելով, թե «որոշ մանրախնդիր մարդիկ երկրի գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմի մակարդակով զբաղված են երկրի համար «կարևորագույն գործով»: Պարզվում է` Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջի գաղտնաբառեր են որոնում. իբր «պետական միջոցներով զարգացրած էջը չի վերադարձվում: Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքն ու Ֆեյսբուքի էջն էլ, երկրի արդիական հարցերը թողած, այս հարցը համարելով ֆունդամենտալ կարևորության, սկսեց առաջինը հրապարակումներ անել` բացահայտ ցույց տալով իր քաղաքական կողմնորոշումը»: Թաթոյանը հավելել է․ «Մի քանի օր է, ինչ Վարչապետի աշխատակազմով, Հանրային հեռուստաընկերությունով, կառավարող կուսակցությունով լծվել են այս էժան թեմայի զարգացմանը: Բայց դա էլ հատուկ անում են այնպես, որ մտադրված վնաս են տալիս Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը քաղաքական շահերի համար: Բավական չէ՞ դուք Ֆեյսբուքում ապրեք: Բա գործ արեք, թե՞ չի ստացվում գործ անելն ու վիրտուալ իրականությունը կոմֆորտ է. գործի պատասխանատվությունից հեռու է պահում: Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի, իրական վտանգի տակ եք դրել մեր պետականությունն ու անվտանգությունը: Գնալով ավելի եմ համոզվում, որ մեր պետությունում պատասխանատու պաշտոններ որոշ զբաղեցնողների կյանքի առաքելությունը ոչ թե Հայրենիքի պաշտպանությունն է ու պետության անվտանգությունը, սահմանային բնակավայրերում, գյուղերում ապրող մարդկանց վիճակը, այլ ֆեյսբուքի էջերն ու լայքերը և վիրտուալ կոմֆորտ իրականությունը: Որպեսզի երկրի գործադիր իշխանության ղեկավարի աշխատակազմում հանգիստ լինեն՝ տեղեկացնում եմ, որ հենց փետրվարի 24-ին են փոխանցվել Թվիթերի պաշտոնական էջը, ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաև Ֆեյսբուքի գլխավոր պաշտոնական էջը: Ամենակարևորը. հեռու տարեք ձեր ձեռքերը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից: Սա պայքարով կայացած կառույց է, չփորձեք այն ծառայեցնել ձեր քաղաքական նպատակներին»:

Հիմա․ Հ1-ը հարկատուներն են պահում, բայց այդ հարկատուները այդպես էլ տեղեկություն չստացան, թե ինչո՞վ էր զբաղված ՄԻՊ-ը 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո։ Մեկի մտքով չանցավ՝ Հանրայինին մեղադրել հարկատուների գումարները յուրացնելու մեջ։ Իսկ դա յուրացում է, որովհետև հարկատուների գումարներով ֆինանսավորվող պետական հեռուստաընկերությունն այդպես էլ չանդրադարձավ երկրի կարևորագույն ինստիտուտներից մեկի գործունեությանը։ Հիմա էլ հարց է բարձրացնում, թե ֆեյսբուքի էջը յուրացրել են։ Էստեղ են ասում՝ մեկը լիներ ձեզ յուրացներ ձեր էջերով, մի քիչ ապրեինք։ Վերջում հուշենք՝ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ հնդիկների կոնտենտին չմոռանաք ինտեգրել նոր ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջի աշխատանքներին։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1097 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ