...

Սերժի Վաչոյի փոխարեն Անդրանիկ Քոչարյանն է քավորություն անում

Սերժի Վաչոյի փոխարեն Անդրանիկ Քոչարյանն է քավորություն անում

«Ռեֆորմ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի» հրապարակման ներքո անդրադարձել էինք բանակում տիրող կոռուպցիոն դրսևորումներին։ Մասնավորապես ներկայացրել էինք փաստեր, թե ինչպես է ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի ջանքերով «արխիվացվել» «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում հսկայական շորթումների առնչությամբ ՌՈ-ն հարուցված քրեական գործը։ Խոսել էինք նաև բանակի գեներալների ու բարձրագույն սպաների թոշակավորման կոռուպցիոն սխեմաների մասին։ Այսօր կխոսենք կոչումների և ապօրինի ստացված բնակարանների մասին։

Անօրինական կոչումներ, պաշտոններ ու կոռուպցիա 

Պարզվում է՝ բացի անօրինական թոշակներ ձևակերպելուց, բանակում կլորիկ գումարների դիմաց նաև կոչումներ են վաճառվել: Դրանցից մեկի «գնորդը» Վաղարշակ Հարությունյանի եղբայրն է՝ Արթուր Հարությունյանը, որը ՌԴ Հայաստանի դեսպանատանը եղբոր փոխարեն դեսպան է «աշխատում»: Նա գնդապետ է դարձել՝ խախտելով ՀՀ ԶՈՒ օրենքը։ Պահեստազորում անօրինական կերպով գնդապետի կոչում է ստացել նաև Արմեն Հարությունյանը և այդ կոչումի շնորհիվ իրենով արել Կոտայքի զինկոմի պաշտոնը: Դրամական միջնորդության դիմաց Զինառի ժ/պ է նշանակվել Պետիկ Խոջոյանը։ Գործարքի քավորը ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն է։ Ապօրինի կոչումներ ստացողների ցանկում է հայտնվել նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հովանավորյալը՝ գնդապետ Արսեն Մանգասարյանը, որը զբաղեցնում է Խաղաղապահ բրիգադի հրամանատարի պաշտոնը, մինչդեռ այդ հաստիքը պետք է զբաղեցներ գեներալի կոչում ունեցող զինվորականը:  

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, որը համարվում էր Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի՝ Վաչոյի հովանավորյալը և որը ժողովրդի լեզվով ասած՝ «զբոռնի պունկտում» հայտնի «գործ անող» էր, հեռացվեց պաշտոնից։ Հետո Սերժ Սարգսյանի Վաչոյի միջնորդությամբ նա Մոսկվայում ինչ-որ պաշտոն ստացավ: Իսկ երբ Վիգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար, նրան հետ կանչեցին և նշանակեցին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ: Հետագայում Առաքել Մարտիկյանին ու Դավիթ Տոնոյանին հաջողվեց «բարեփոխել» հետախուզությունը՝ հիմնահատակ ավիրելով այն: Նրանց պաշտոնավարման ժամանակաշրջանում ՊՆ իրավասության տակ գտնվող փակ զորամասից 2 միլիոն դոլար անհետացավ։ Թալանեցին։ Այդ թալանից որոշակի բաժին հասավ զորամասի հրամանատար Ս․Ռ-ին։ Խոսքը մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի մասին է։ Այս անձը իր հերթին ՊՆ-ում աշխատող մտերիմների մոտ նեղսրտել էր, թե նախարարն ու տեղակալը իրեն «քցել» են: Հետքերը մաքրելու համար Մարտիկյանը Ս.Ռ-ին ազատեց աշխատանքից: Օրերս նա զորացրվեց: Պատմությունն այսքանով ավարտվեց։  Ի դեպ՝ հետքեր մաքրելու նույն ձեռագիրը գործեց վարչության պետ Ա.Թ.-ի դեպքում: Ի դեպ՝ Առաքել Մարտիկյանն ու Ա.Թ.-ն ներկայացրել էին, թե իբր 200 հազար եվրոյի վերանորոգման աշխատանքներ են կատարվել «Շանթի զորամասում»։ Աշխատանքները չէին կատարվել հավուր պատշաճի, բայց գումարն անհետացել էր։ Այս ակնհայտ հափշտակության համար ևս ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մարտիկյանը տարիների ընթացքում «աշխատած» գումարներով Հայաստանում դղյակներ, իսկ Մոսկվայում բիզնեսներ ունի: Ի դեպ, Մարտիկյանը ՊՆ կադրերի վարչությունում է տեղավորել իր աղջկան ու փեսային: Նրանից հետ չի մնացել նաև գեներալ Ալբերտ Բաղդասարյանը, դստերը՝ Աննա Դուրգարյանին տեղավորելով իր իրավասության ներքո գործող իրավաբանական վարչությունում:

Ինչպես տեսնում ենք, հին ավանդույթները նոր թափ են հավաքում ՊՆ-ում։ Խաղաղության դարաշրջանին ընդառաջ՝ կառույցը մինչև վերջ կազմաքանդում են։ Իրավիճակից ով ինչպես ուզում օգտվում է։

Մելենյա Ծառուկյան
Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ