...

Խեր լինի

Խեր լինի

Այսօր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։ Երեկ էլ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին էր Սյունիք գնացել: 

Այս առումով Սյունիքը երևի աշխարհի միակ վայրն է, որտեղ պատահաբար իրար կարող են ռաստվել ռուս և ամերիկացի դիվանագետները: Մնացած բոլոր տեղերում իրար բլոկել են, փոխադարձ արտաքսել, անիծել ու բանադրել, ջնջել ընկերների ցուցակից, հեռախոսի համարները հանել: Էս վերջերս էլ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային ինչ-որ կազմակերպության ժողով էր. ռուս պատվիրակն էր խոսում, ամերիկացիք էին ցուցադրաբար լքում օնլայն-դահլիճը, ամերիկացին էր խոսում՝ ռուսներն էին լքում: 

Իսկ Սյունիքում հակառակն է. ամերիկացին գնում է այնտեղ, ռուսը ոչ թե լքում է տարածաշրջանը, այլ ինքն էլ է գնում: Հիմա որ ռուսը գնա Սյունիք, հետևից ամերիկացին է գնալու: Հաստատ: 

Ահա այդպիսի գրավիչ, հրապուրիչ տարածաշրջան է Սյունիքը: Ավելին, հնարավոր է, որ հենց Սյունիքում համաշխարհային այս բոլոլան լուծվի: Բա ո՞նց. մի օր էլի կգնան, իրար դեմ-դիմաց դուրս կգան, դե ամոթ է, ուրիշի երկրում հարաբերություններ պարզեն, մեկնումեկը կառաջարկի սեղան նստել. կակ ռազ Գորիսից Կապան ճանապարհին մի հատ ընտիր հացատուն կա. լավ ղավուրմա են տալիս: Դեղին յուղը վրայից ծլլում է, հոտը տարածում մինչև Մեղրիի անցակետ: Նստեն, միասին ուտեն, ղավուրմաեղբայր դառնան, գուցե պատերազմական այս թնջուկին վերջ տան: 

Եվ ո՞վ գիտե. բալքիմ դրանից հետո մի օր էլ այդ հացատանը միասին հաց ուտեն Արա Պապյանն ու Անդրանիկ Միհրանյանը: Սրա հավանականությունը, իհարկե, ավելի ցածր է, քանի որ Կոպիրկինն ու Թրեյսին Հայաստանում ավելի հաճախ են լինում, քան Պապյանն ու Միհրանյանը, բայց դե... 

Հ.Գ. Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի դեսպանները իրենց այցերի ընթացքում ասել են, որ Սյունիքում մի շարք ծրագրեր են իրականացնելու: Բայց՝ հլը որ առանձին-առանձին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ