...

Խոպան չեն գնացել, պանիր են կերել

Խոպան չեն գնացել, պանիր են կերել

Անասնապահ գյուղացուն ֆերմերից տարանջատել

COVID-19-ը չի շրջանցել նաև պանրագործության ոլորտը: Համավարակն ազդել է ինչպես պանրի արտահանման ծավալների վրա, այնպես էլ՝ սպառման:

Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը հետաքրքիր փաստ է արձանագրել: Տան պայմաններում արտադրած յուղազրկած պանրի արտահանման ծավալն է կտրուկ նվազել: Սպառումը տեղում է եղել. երկրից դուրս չգնացած քաղաքացիների պատճառով է նման պատկեր գրանցվել:

«Այն մարդիկ, որոնք խոպան չեն գնացել, տանն են մնացել, իրենց տան պատրաստած պանիրը կերել են, քանակը մոտ 500 տոննա է կազմել: Խոպանչիների գերակշռող մասը որպես կանոն ավելի շատ մարզերից են և անասնապահ գյուղացիներն են: Եվ իրենց կողմից պատրաստված պանրի սպառողն են նաև հանդիսանում»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց Արմեն Գիգոյանը:

Սա արտահանման և սպառման մասին: Իսկ հիմա ոլորտի ամենահրատապ հարցը:

Արդեն վաղուց պանրագործները բոլոր ամբիոններից խոսում են, որ սպիտակ արտադրանքը սև կողմեր ունի՝ պանրի շուկայում խարդախ մրցակցություն է: Բուսական յուղերով կամ կաթի փոշով պատրաստված պանրամթերքը հաճախ անարատի անվան տակ է վաճառվում:

Անորակն ու որակյալը տարբերելու և սպառողին չմոլորեցնելու ուղղությամբ արդեն քայլեր են ուրվագծվում: Պանրագործների միության նախագահը, սակայն, դժգոհ է ձեռնարկված միջոցառումներից:

«Կան չափանիշներ, որ պանրամթերքները պետք է ունենան իրենց համար արդեն իսկ որոշված համապատասխան ձևաչափերով մակնշում: Արվեց, բայց մենք դժգոհ ենք այդ ամենից: Փոքր տառերով գրել, որ պանիրը պատրաստվել է բուսական ծագում ունեցող յուղով, բավարար չէ: Դա սպառողին կարող է շեղել: Լավ կլիներ, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվեին: Գործը փոքր-ինչ դանդաղեց, բայց գործընթացն սկսվել է: Արդեն գործարաններ էին մտել, որոշ արտադրողների համապատասխան զգուշացումները տրվել էին, որոնք նման տեխնոլոգիաներով են աշխատում»,- նշեց նա:

Բաժակով կաթ են հավաքում

Իսկ գների կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Գրանցված գնային տատանումները միայն սեզոնայնությամբ են պայմանավորված:

Այս ամենը, սակայն, մասնագետի համոզմամբ, այնքան մեծ արժեք չունի, որքան այն խնդիրը, որն օրակարգային է այս ոլորտում: Դա արտադրվող կաթի ուղղությամբ բարեփոխումների բացակայությունն է: Հեղափոխությունից հետո ծրագրեր առաջ բերվեցին: Արմեն Գիգոյանի գնահատմամբ՝ դրանք առայժմ բավարար չեն և դեռ իրենց չեն արդարացնում: Պանրագործների միության նախագահի պնդմամբ՝ կաթնարտադրության ոլորտում հեղափոխությունը պետք է որակի և քանակի համադրմամբ լինի:

«Միանգամից զարկ տալ կաթի արտադրությանը նման եղանակով միանշանակ արդարացված չէ: Ուրախ ենք, որ նման միջոցառումներ կան, նախկիններն այս հարցում նույնիսկ մատը մատին չէին շարժում բացի խոսելուց: Գյուղնախարարության հանդիպումներին, որ մեզ հրավիրում էին, միայն մեկ պահանջով էին կանչում՝ մատ թափ տալու, որ այս ի՞նչ եք անում՝ կաթի գները բարձրացրեք կամ իջեցրեք: Պետությունը միջամտում էր գործարար ոլորտին: Եթե առողջ մրցակցային դաշտ է՝ դուք ով եք, որ մեզ ասում եք՝ կաթի գինը բարձրացրեք կամ իջեցրեք: Հիմա դա չի արվում: Վերջին անգամ դաշնակցական նախարարի կողմից նման հրահանգ եղավ: Մենք էլ պատասխանեցինք, որ անցան այդ ժամանակները»,- հավելեց նա:

Կաթնարտադրությունը զարգացնելու համար, ըստ փորձագետի, պետք է անասնապահ գյուղացին և ֆերմերը տարբերվեն:

«Հիմնարար հարցը մնում է չլուծված՝ անասնապահ գյուղացին ֆերմերից չի տարանջատվել: Սա մեր դիրքորոշումն է, իսկ շատերը մեզ հետ համամիտ չեն: Որպեսզի մենք վերջ ի վերջո կարողանանք նորմալ քանակի և որակի կաթ արտադրել, այս տարանջատումը պետք է լինի: Անասնապահ գյուղացի և ֆերմեր տարանջատումը դնելուց հետո, նոր մենք կարող ենք մտածել նորմալ կաթնարտադրության մեխանիզմներ ներդնելու մասին: Մենք կարող ենք գեղեցիկ տուն սարքել՝ գեղեցիկ լուսամուտներով ու դռներով, լավ տանիք դնել, բայց հիմքը պետք է ճիշտ լինի: Եթե հողը հոսող է, ռելիեֆը լավը չի, տան արժեքն ընկնում է: Քանի դեռ Հայաստանի փոքր, միջին և խոշոր պանրագործները բաժակով կաթ են հավաքում, մենք բացարձակապես չենք կարող խոսել ոլորտի ռեալ զարգացման մասին»,- ասաց մեր զրուցակիցը:

Կորոնավիրուսը լավ կողմ էլ ունի: Հակաճգնաժամային ծրագրերի միջոցով տրամադրվող անտոկոս վարկերից նաև պանրի արտադրությամբ զբաղվողներն են օգտվել: Ձեռք բերած վարկերով թարմացրել են սարքավորումները և պատրաստ են ամբողջ ծավալով ներուժն արտադրության մեջ կիրառել:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1034 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ