...

Ընդունում են իրենց պարտությունը, բայց չեն հանձնվում

Ընդունում են իրենց պարտությունը, բայց չեն հանձնվում

Վերջին օրերին մեր ուշադրությունը գրավեց մի հանգամանք, որ նախկին հակահեղափոխական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել «Ազատություն» ռադիոկայանի դեմ: Ռուսական «սապոգին» հավատարմության երդումների շքերթին զուգահեռ, այս ուժերը պարբերաբար հիշատակում են «Ազատությանը»՝ որպես հակահայկական քարոզչամեքենա, դրսի պատվերներ կատարող, հակառուսական քարոզչություն իրականացնող, «Սորոսի» հետ համաձայնեցված քաղաքականություն տանող և այլն: Բազմաթիվ մեղադրանքներ: 

Մենք դեռ մի կողմ ենք դնում այդ մեղադրանքների ճիշտն ու սխալը, բայց մեզ ուրիշ բան է զարմացնում: Սրանով այս ուժերը խոստովանում են իրենց դատարկությունը, գաղափարական սնանկությունը, իրական ասելիքի բացակայությունն ու տգիտությունը: Որովհետև՝ վերահսկելով հայաստանյան մեդիադաշտի մոտ 85 տոկոսը, նրանք ընդունում են, որ իրենց քարոզչական արտադրանքը աղբ է և որակով զիջում է այն 15 տոկոսի մեջ գտնվող «Ազատությանը»: Ու փոխանակ իրենց աշխատանքի որակը բարձրացնեն, կատաղության մեջ են ընկնում, որ ի վիճակի չեն այն 15 տոկոսի հետ մրցակցել: 

Ընդունենք, որ «Ազատությունը» քարոզչամեքենա է, ինչ-որ վատ բաներ է քարոզում: Բայց դուք էլ եք քարոզչամեքենա, դուք էլ եք ինչ-որ բան քարոզում: Բայց «Ազատության» աշխատանքը արդյունավետ է, սրանցը՝ 0: Լավ, զրո չէ, մի քիչ չափազանցրինք, ասենք՝ 5 տոկոս: Գոնե այդ շեմը թող հաղթահարեն: 

Ու չեն էլ հասկանում, որ հարձակվելով «Ազատության» վրա, իրենց են խղճուկ վիճակի մեջ դնում: Թեպետ, այն ահռելի ֆինանսական միջոցները, որոնք լցրել են հակահեղափոխական ուժերին սպասարկող լրատվամիջոցներ, չեն ենթադրում որակյալ աշխատանք, այլ միայն՝ կատաղի հակաքարոզչություն: Դրա համար էլ անորակ են: 
Մենք որոշեցինք հավաքել և ներկայացնել հակահեղափոխականների սպասարկող լրատվամիջոցների ցանկը: Կայքերի դեպքում ստիպված էինք հրաժարվել այդ մտքից, քանի որ այնքան շատ են, որ մի ամբողջ օր պետք է, դրանց բոլորին մի տեղ հավաքելու համար: Հարյուրից անցնում է: Այդ հարյուրից մի 10-15-ը տեխնիկական հագեցվածությամբ ոչ մի բանով չի զիջում «Ազատությանը», մի քանիսը՝ գերազանցում են: Սեփական TV ստուդիաներ ունեն, տաղավարներ, 24-ժամյա ռեժիմով եթեր:  

Դրա համար ավելի հեշտ է ներկայացնել հեռուստաեթերի դաշտը: «5-րդ ալիք», Armnews, «Կենտրոն TV», «Երկիր Մեդիա», «Արմենիա TV», Հ2: Սրանք նախկիններին սպասարկող հեռուստաընկերություններն են: Որևէ հակակշիռ այդ դաշտում ոչ իշխանությունները, ոչ էլ՝ այլ ուժեր, չունեն: Կարող է ասեն՝ բա՞ Հ1-ը, սակայն Հանրային հեռուստաընկերությունը այդ աստիճանի կացնային քաղաքականություն չի իրականացնում, բոլորին էլ եթեր է տրամադրում, ու առանձնապես իշխանությունների գովքով չի զբաղվում: Այսինքն, ամբողջ TV դաշտն էլ է սրանցը, իսկ մի հեռուստաալիքը 100 հատ կայքի չափ լսարան ունի: 

Ահա այսպիսի հնարավորություններ ունենալով, այդպես էլ չեն կարողանում արտադրանք տալ: Տեղեկատվությունը նույնպես արտադրանք է, և քաղաքացին էլ, ընտրության հնարավորություն ունենալով, գերադասում է որակյալ արտադրանքը: Դրա համար էլ՝ այս 85 տոկոսը տեսնելով, որ մեդիադաշտում մրցակցության մեջ զիջում է մնացած 15 տոկոսին, իրեն այլ բան չի մնում, քան ամբողջ մաղձն ու ատելությունը թափել՝ մի օր «Ազատության» վրա, մի օր՝ մեզ վրա և այդպես շարունակ: 

Հ.Գ. 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունից հետո Քոչարյանը փակել տվեց իր կողմից չվերահսկվող բոլոր լրատվամիջոցները: Գիտե՞ք, ինչ եղավ: Մի հատ չեզոք, քիփիլիկ կայք կար. Persons.am, որտեղ հայտնի դեմքերի մասին բաժիններ կային, և ընթերցողները կարող էին մտնել և իրենց կարծիքը հայտնել այդ դեմքերի մասին: Ու մարդիկ մտնում էին կայք, մեկնաբանությունների բաժնում կարծիքներ էին գրում, իսկ քանի որ լրատվամիջոցները փակ էին, նաև քաղաքական հարցեր քննարկում: Դա միակ տեղն էր, որտեղ հնարավոր էր ինչ-որ բան գրել: 2 օր անց այդ կայքը արգելափակվեց: Ահա սա է մեդիադաշտի 85 տոկոսը վերահսկող մեդիադաշտի տերերի հոգեբանությունը, որը ավտոմատ փոխանցվում է իրենց քարոզչական վարձկաններին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   797 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ