...

Ըստ էության կխոսի հաջորդ գլխավոր դատախազը․ հուսանք

Ըստ էության կխոսի հաջորդ գլխավոր դատախազը․ հուսանք

2021-ին վարույթում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ, տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի է տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ: Ավարտված քրեական գործերով պարզվել է, ցավոք, որ պատերազմական գործողությունների ընթացքում մեր Զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով այդ անձանց նկատմամբ ունեցել ենք քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք, մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է»,- հայտարարել է Դավթյանը։

2150 քրեական գործ, 55 անձ դատի է տրվել, կան համապատասխան դատավճիռներ։ Եվ ոչ մի խոսք այն մասին, թե 2150 քրեական գործերի շրջանակներում, այնուամենայնիվ, քանի՞ մարդ է մեղավոր ճանաչվել, նրանցից քանիսը ի՞նչ հոդվածով և ինչքա՞ն ժամանակով է ազատությունից զրկվել։ Դատախազը խոսում է բարձրաստիճան սպաների՝ մարտական ծառայության պարտականությունները պատճաշ չկատարելու մասին և այդպես էլ չի բարձրաձայնում, թե քանի՞սն են այդպես վարվել և քանի՞ մարդ է այս պահին դատապարտվել ազատազրկման։ Անուններ չեն հրապարակվում, չգիտենք՝ իրականում կա՞ն այդ մարդիկ, թե՞ չկան։ Նույնիսկ եթե կան, չգիտենք՝ ո՞րն է եղել նման հանցագործություն կատարելու շարժառիթը։ Անունը դրել են, թե բանակի թեմաներով ամեն բան փակ պետք է անցկացնել, քանի որ պետական գաղտնիքի հրապարակման վտանգավորության հետ գործ ունենք, բայց մյուս կողմից էլ անընդհատ նույն բանն են ասում՝ այդպես էլ չհասցեավորելով տեղեկատվությունը։ Դե, այս գլխավոր դատախազից ինչ-որ բան ակնկալելն անիմաստ է։ Մարդը ժամանակ է ձգում՝ մինչև հասկանա գլխի գալիքը։ Նրա պաշտոնավարումն ավարտին է մոտենում, իսկ ՔՊ-ի դատախազի թեկնածուն Արթուր Դավթյանը չէ։ Բայց այս թվերը պետք է մտապահել և հետամուտ լինել՝ հասկանալու, թե ի վերջո ի՞նչ ճակատագիր ունեցան այդ քրեական գործերը՝ ջրվեցի՞ն, որովհետև ի սկզբանե ջուր էին, թե՞ այնուամենայնիվ հաստատվեցին 44-օրյա պատերազմի ընթացքում դավաճանությունների, փախուստի, ծառայողական պարտականությունները միտումնավոր չկատարելու մասին դեպքերի շուրջ պտտվող խոսակցությունները։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1323 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ